Ղազախստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները թեմայով երեկ հրավիրված համաժողովին ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աիմդոս Բոզջիգիթովը նշել է, թե այս տարի գազի եւ նավթարդյունաբերական արտադրանքի Հայաստան ներմուծման հաշվին առեւտրաշրջանառության կտրուկ աճ է արձանագրվել: «Թեեւ վերջին տարիներին առեւտրաշրջանառությունն ավելանում է, սակայն 2 երկրների տնտեսությունները միմյանց լավագույնս լրացնում են, հետեւաբար մեծ է հնարավորությունը հարաբերությունների զարգացման եւ առեւտրաշրջանառության ավելացման բնագավառում»,- ընդգծել է նա: Ըստ ՀՀ Գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանի` եթե առեւտրաշրջանառության ծավալից հանվի էներգակիրների բաղադրիչը, ապա կստացվի, որ Ղազախստանից Հայաստան է ներմուծվում 3,5 մլն դոլարի արտադրանք, իսկ Հայաստանից արտահանվում է 3 մլն դոլարի: Այս ցուցանիշները չափազանց փոքր են: Նա փոխանցմամբ` 2006-ին ՀՀ նախագահի` Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայ գործարարները ծանոթացել են ղազախական տնտեսության ներուժին: Անցած 1 տարվա ընթացքում միջոցառումներ են իրականացվել տեղեկատվական դաշտն ապահովելու համար: Նշելով, որ այսօրվա համաժողովի նպատակը եւս Ղազախստանի տնտեսությունը, ներդրումային հնարավորությունները, որոնք չեն զիջում եվրոպական երկրների հնարավորություններին, հայ գործարարներին ներկայացնելն է, Ա. Ղազարյանը հույս է հայտնել, որ Վրաստանի օրինակով գալիք տարիներին Հայաստանում եւս հնարավոր կլինի ղազախական ներդրումները հասցնել 1 մլրդ դոլարի: «Երկու երկրների քաղաքական, մշակութային ընդհանրական շահի պայմաններում հնարավոր կլինի որակական աճ ապահովել նաեւ տնտեսական հարաբերություններում: Ընդ որում, մենք կարող ենք ցանկացած ոլորտում համագործակցել: Ներկայիս հզոր ղազախական տնտեսության ներուժը եւ միասնական շահը համակցելով` կարող ենք ցանկացած բնագավառում մշակել եւ իրականացնել միասնական ծրագիր»,- ասել է Ա. Ղազարյանը` հավելելով, թե նման ծրագրեր կարող են լինել շինարարության, զբոսաշրջության, արդյունաբերական ապրանքների արտադրության եւ մի շարք այլ բնագավառներում: