Հայտնի կրակահերթից հրաշքով փրկված Գյումրիի քաղաքապետն ապաքինվելուց հետո հայտնվում է հեռուստաէկրանին: Եվրոմթնոլորտով պարուրված տաքուկ աշխատասենյակում ձեռքերը վեր մեկնած քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գործընկերների հետ աղոթում է: Ասում է՝ «Հայր մեր, որ երկինս ես…»:
Գյումրիի քաղաքապետն աղոթում է մահափորձից հրաշքով փրկված իր անձի համար եւ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ 7 հասցեում գտնվող 2-րդ հանրակացարանի բնակիչների համար: Վարդան Ղուկասյանն իր մաշկի վրա զգացել է անսպասելիորեն հայտնված մահվան դառնությունը: Հանրակացարանի բնակիչները նույնպես… վախով են ապրում, որովհետեւ ամեն րոպե կարող է աղետ լինել եւ շենքն անսպասելի հողին հավասարվել: Վ. Ղուկասյանը հեռուստաէկրանից ասում է՝ «Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ ի չարէն»: Քաղաքապետն ուզում է ասել, որ հանրակացարանի բնակիչների կյանքը վտանգի տակ է, կարող է չարիք լինել, եւ միայն Աստված կարող է նրանց պաշտպանել անակնկալ դժբախտությունից: Գյումրիի քաղաքապետն աղոթում է ոչ թե շշուկով, փոքրիկ անկյունում, որտեղ ինքն ու Աստված երկխոսություն կծավալեն, այլ աղոթում է հեռուստաէկրանից: Չէ՛, չէ՛, այս քայլը բնավ էլ երեսպաշտություն չէ, պարզապես քաղաքապետն ուզում է աղոթքին բարձր հնչեղություն տալ, որովհետեւ այդ քայլով ուզում է պաշտպանել մի ամբողջ հանրակացարանի բնակչության: Ասում է՝ «Զհաց մեր հանապազօրդ տուր մեզ այսօր»: Ուզում է ասել, որ Գյումրիի մեկ ու կես միլիարդ դրամանոց բյուջեի փողերով հազիվ թե կարողանան 3-րդ կարգի վթարայնության հանրակացարանի շենքն ամրացնել, որովհետեւ քաղաքապետարանի համար նոր, պարսպապատ, պալատական շենք են կառուցում: Վ. Ղուկասյանն Աստծուն խնդրում է բյուջեի կառավարման համար իրեն իմաստնություն շնորհել եւ մի քիչ էլ՝ փող, որպեսզի կիսափուլ հանրակացարանի մանկահասակ երեխաները հանապազօրյա հաց ունենան: Այլապես նրանք, քիչ է, որ սովամահ են լինում, մի բան էլ նրանց կյանքը վտանգի տակ է:
Գյումրիի քաղաքապետը հավատացյալի համբավ ունի, «աստվածավախ» է, նրա գործերն անքննելի են, դրա համար էլ Գյումրի մտնելուն պես զարմանալով զարմանում ես: Նկարում պատկերված հանրակացարանը Գյումրիի կենտրոնական փողոցում է գտնվում, իսկ հարակից տարածքում կառուցվում է քաղաքապետարանի նոր, «էլիտար», հսկայական շենքը: Քաղաքապետարանի նորակառույց «պալատի» հարակից տարածքում էլ քաղաքապետի տունն է գտնվում, որտեղի հարակից տարածքի բնակիչներին բռնի ուժով վռնդում են, որ քաղաքապետը բացի էլիտար շենքում աշխատելուց՝ նաեւ էլիտար դղյակ կառուցի:
Մտնում եմ նախկին «Տեքստիլ» գործարանի հանրակացարան, որի պատերի մի մասը կա, իսկ մյուս մասը փլվել է: Շենքի ներսը նույնն է, ինչ քաղաքային զուգարանների «հարմարավետությունը», որտեղ մտնելիս, բացի սրտխառնոցից ու վախի զգացումից, ուրիշ ոչինչ չես զգում: Վախենում եմ պատերը փուլ գան գլխիս, որովհետեւ դրանց ամրությունը նման է սոսնձված թղթին: Այստեղ շենքի պատերն օրեցօր փլվելով շինաղբ են դառնում ու կենցաղային աղբի հետ խառնվելով՝ դառնում են մարդկանց կենսակերպի մի մասը: Երբ մարդկանց հարցնում եմ՝ «Ո՞նց եք», առանց վարանելու պատասխանում են՝ «Շան պես», ոմանք էլ՝ «Խոզի պես»: Անասնական կյանքով են ապրում, դրա համար էլ չեն խուսափում ճշմարտությունն իրական բառերով բնորոշելուց: Հանրակացարանի վերջին հարկի սենյակներում պատուհան ու դուռ չկա, ցուրտ է: «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի» նախընտրական պաստառը փակցրել են պատուհանին, որ ուժգին միջանցիկ քամուց մնացած պատերն էլ քանդվելով շինաղբ չդառնան: Վ. Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է, բայց երբեք այս շենք չի մտել, դրա համար էլ նրա ներկայությունը փոխարինել են պաստառով: Երբ շենքում անսպասելի փլվածք է լինում, հաջորդ օրը քաղաքապետարանի ներկայացուցիչներ են հայտնվում, ովքեր միայն հարցնում են՝ «Մարդ մեռե՞լ է», ու հեռանում են՝ առանց ծանոթանալու շենքի ներսի պայմաններին: Այս շենք ոտք դնելուն պես մահն է աչքիդ առաջ գալիս, ու հասկանում ես, որ այն կարող է գալ ինչպես զենքի կրակոցից, այնպես էլ ուժգին քամուց: Տարբերությունը մեկն է. զենքի գնդակից մահը թշնամու կողմից մարտահրավեր է, իսկ այստեղ մարդիկ իրենց թշնամի են համարում քաղաքային իշխանություններին: Մարդկանց կյանքն այստեղ կախված է Գյումրիի մեկ ու կես միլիարդանոց բյուջեի կառավարումից, որից ոչինչ չի մնում այս հանրակացարանի շենքն ամրացնելու համար: Մարդիկ սարսափելի չարացած են: Խոսում են բղավելով, նյարդային, շնչահեղձ լինելով: Բոլորն էլ հարմարվել են հանրակացարանի աննկարագրելի անհարմարավետությանը: Այստեղ ամեն քայլափոխը պաշտպանության կարիք ունի:
«Հոգուդ մեռնիմ, բայց մենք մարդ ենք, չէ՞, շուն չենք»
1951 թվից այս շենքում ապրող 71-ամյա Գայանեն ասում է. «Էս շենքը տարիներ առաջ ա փլվել, աշխարհը գիտի էս շենքի մասին, Ամերիկան էլ գիտի: Մի քանի անգամ փլվել ա: Էս կողքի շենքն էլ 6 անգամ առան ու ծախեցին: Ամերիկացիներն էլ, դատավորներն էլ, մինիստրներն էլ եկան-կանգնան գլխներին, ասին՝ ա՛յ, մարդ, ինչի՞ եք ծախում, շինեք, տվեք էս անտուն մարդկանց: Քաղաքապետարանն էլ, վա՛յ, էդ քաղաքապետարանը, Վարդանը՝ էթաս կչոքես դեմը, աղոթք կենի, սուրբ խաչ կենի իրա վրա: Վարդանն իրա մարդկանց կտեղավորցնի, որբերին չի տեղավորցնի»: Գայանեի մեջ այնքան վիրավորանք կա կուտակված, որ անխնա գոռում է, ասելով՝ այսքան տարվա մեջ գոնե մեկ անգամ քաղաքապետը չի եկել, չի հետաքրքրվել վթարային այս շենքի բնակիչների ճակատագրով: «Բոլորովին ոտք չի դրել, ո՛չ ինքը, ո՛չ իրա տեղակալները, չեն հարցրել՝ մեռե՞լ եք, թե՞ հըլը սաղ եք: Էլ չեմ դիմանում, իմ տեղը գերեզմանում ա, Շիրակի դաշտի գերեզմանում»: Շենքում բնակվող մանկահասակ երեխաներ ունեցող բազմանդամ ընտանիքներն անգամ ընտելացել են նման անմարդկային պայմաններին: Ասում է՝ «Արդեն ստեղներս է հասել, էլ մի խոսացրեք, էլ չենք կըրնա դիմանալ»: Պատմում է, որ որոշ մարդիկ գալիս, առանց բնակիչներին զգուշացնելու՝ շենքի մետաղե ամրանները քանդում են, որ վաճառեն: Պատահում է, որ մետաղե այդ ամրանները տանում այլ շինարարության մեջ են օգտագործում՝ հաշվի չառնելով շենքի վթարայնության ծայրահեղ աստիճանը: Արդյունքում՝ հանրակացարանի փլված շենքն էլ ավելի է փլվում: Գայանեն ասում է՝ «Թող բնակիչներին հեռացնեն, նոր քանդեն, ծախեն: Մենք մեջն ենք, բայց էս փլված շենքի արմատուրեքը գողանում, ծախում են: Տանում, ուրիշ տեղերում օգտագործում են, էտի իրանց դուրեկան ա, որ մարդիկ կարող ա մնան փլատակների տակ»: Գայանեն տասնյակ տարիներ աշխատել է «Տեքստիլ» գործարանում, որտեղ բնակարան ստանալու համար հերթագրված է եղել: «Մնացինք անտուն-անտեղ: Բա էդիկ եղա՞վ, հոգուդ մեռնեմ, հը՞, բա մենք մարդ ենք, չէ՞, շուն չենք, որ շան պես ապրենք»: Նրա հավաստմամբ՝ Գյումրի քաղաքում բազմաթիվ վթարային շենքեր կան, որոնք կարելի է ամրացնել եւ հանձնել շահագործման: Շենքի բնակիչները ոչ մի կոմունալ հարմարություն չունեն: Ջուրը դույլերով կրում են հանրակացարանի հարակից տարածքում գտնվող միակ կաթսայատնից: Ընդհանուր զուգարանն այստեղ աննկարագրելի վիճակում է, որը կարող է հազար տեսակի ինֆեկցիոն հիվանդության սկզբնաղբյուր դառնալ: Այս շենքն ինքնին խոլերայի բուն է, որովհետեւ հանրակացարանի շուրջբոլորը տարիների աղբ է կուտակված: Գայանեն միայնակ կին է եւ ոչ մի կերպ չի կարողանում նկարագրել իր անհուսալի վիճակը: Իսկ ընդհանրապես մարդկային լեզվի ճարտարությունն ընդունակ չէ բառերով նկարագրել հանրակացարանի բնակիչների կենսակերպը: Տեսնել է պետք…
Տեղի բնակիչներն ուղեկցում են շենքի սենյակներով ու մխիթարում են՝ «Մի՛ վախեցեք, չվախենաք, մենք ստեղ ենք, ձեզ բան չի լինի: Ռիսկով եկեք, մենք նենց տեղերով չենք տանում, որ ձեզ վնաս լինի: Ձմռանն էլ ցրտից կմեռնենք: Գոնյա Վարդանը ձմեռը վառելիք տա էս շենքին, ձեր արած լավությունն էդ կըլնի: Վառելիքով չեն օգնում, թող Վարդան Ղուկասյանին ղրգեն վառենք, տաքանանք»:
Աղբանոցների ու գերեզմանատների փշրանքներով է սնվում
Մեզ ուղեկցեցին նաեւ Աննա Աթոյանի սենյակ, որի դուռը երկար ժամանակ թակում էինք, սակայն ներսից ձայն չկար: Դուռը բացվեց, ու ներսի տեսարանը մեզ սարսափեցրեց: Աննան այս սենյակում ապրել է միակ որդու հետ, ով արդեն երեք ամիս է՝ զինվորական ծառայությունն է անցկացնում Նոյեմբերյանի զորամասերից մեկում: Սենյակի պատուհանին ապակի չկար ու ներսում սոսկալի ցուրտ էր: Երեք մահճակալ՝ մրոտ անկողիններով, որոնց մեջ փաթաթված երկու կանայք այդպես էլ չարձագանքեցին անծանոթների ներկայությանը: Աննան ձայնազուրկ է, հիվանդացել է, ինչի պատճառով ընդհանրապես չէր կարողանում խոսել: Բերանի շարժումներով հասկացրեց, որ սենյակում քնած երկու կանայք իր անտուն ընկերուհիներն են, որոնց թույլ է տվել իր հետ ապրել՝ քանի դեռ որդին ծառայության մեջ է: Սենյակի պատին կախված ջարդուխուրդ եղած պահարանն Աննան աղբանոցից է գտել: Սպասքեղենը նույնպես աղբանոցներից դուրս բերելով՝ մաքրել, լվացել եւ օգտագործում է: Սեփական ոչինչ չունի, սենյակում ինչ կա՝ աղբանոցի ապրանք է: Հիվանդ է, փորի մեջ ջուր է լցվում, ճողվածք ունի: Աննան տարօրինակ ու շփոթված հայացքով անընդհատ այս ու այն կողմ էր նայում՝ հասկանալու համար, թե մեր ինչի՞ն է պետք իրենով հետաքրքրվելը: Սնվում է փողոցների աղբանոցներից հանած փշրանքներով: 3 տարի է, ինչ ապրում են այս սենյակում, որտեղ երբեք էլեկտրականություն չի եղել: Էլեկտրալարերը սենյակ հասցնելու համար, ասում են` 7000 դրամ է պետք, Աննան դիմել է քաղաքապետարան, սակայն՝ ապարդյուն: Նպաստառու չէ, ոչ էլ թոշակ է ստանում: Աննան պահարանից դուրս է բերում որդու պատվոգրերն ու դիպլոմը, ուզում է ինչ-որ բանով հպարտանալ: Հետո աննկատ թաքցնում է դրանք, որովհետեւ այդ թղթերն ու տղայի լավ դաստիարակությունն իր կյանքը չեն թեթեւացրել: Աննան անձնագիր էլ չունի: Օգնության խնդրանքով դիմել է քաղաքապետին, սակայն՝ ոչ մի արձագանք: «Ձմեռը սաթրջան կկպնին, զիբիլնոցներից թուղթ կբերի, կվառե: Մեկ-մեկ կերթա ժամի դուռը գմուրա, գուքա»,- պատմում է հարեւանուհին՝ ասելով, որ Աննան հաճախ շիշ հավաքելով է հացի գումար վաստակում: Հիմնականում, աղբանոցներից բացի, գերեզմանատներում է շրջում: Հուղարկավորության արարողությունից մնացած հոգեհացի փշրանքները բերում, ուտում է, որ սովամահ չլինի: Հարեւանները շատ են խղճում Աննային ու, եթե ունենում են՝ մի ափսե տաք ճաշ են տալիս նրան: «Բայց Վարդանը չի մեղքում, թաղեմ…»,- ասում են հարեւանները: Մեր այցելության ժամանակ մահճակալների մեջ փալասներով փաթաթված Աննայի ընկերուհիներն անշարժ էին, ոչ մի կերպ չարձագանքեցին խոսակցությանը:
«Մակարոնից բացի՝ ի՞նչ եմ ուտում»
Սիրուշ Բոգդարյանը սովետական տարիներին Իջեւանից տեղափոխվել է Գյումրի՝ «Տեքստիլ» գործարանում աշխատելու: Մայրը կոլխոզի նախագահ է եղել։ «Գիտեր, թե լավ բան ա անում, որ ուղարկում ա ստեղ: Մի անգամ փախա, բայց էլի հետ ուղարկեց»,- պատմում է նա: Նրան տեղավորել են այս հանրակացարանում, որտեղ մինչ օրս միայնակ է ապրում: Անկողնային հիվանդ է, չի կարողանում տեղաշարժվել, դեղորայքով է ապրում: Տառապում է բրոնխիալ ասթմա եւ հոդացավ հիվանդություններով: «Կյանքս դեղերից ա կախված»,- ասում է նա ու սկսում լաց լինել: 7500 դրամ նպաստի ու 15.000 դրամ թոշակի գումարով դեղորայք է գնում ու սոված ապրում: Ձմռան ցրտին պաշտպանվում է տաք վերմակի մեջ փաթաթվելով, իսկ սենյակը տաքացնելու հնարավորություն չունի: Հաշմանդամության թոշակ չի ստանում, որովհետեւ չի համարձակվում հիվանդանոց գնալ բուժվելու: «Չեմ կարա գնամ հիվանդանոց, փող չունեմ»,- ասում է ու հոնգուր-հոնգուր լաց է լինում: Հարցնում եմ՝ «Բա ո՞նց եք էդ գումարով ապրում»: Երկար մտածելուց հետո ասում է՝ «Եսի՞մ… Սաղ դեղերի եմ տալիս, մակարոնից բացի՝ ի՞նչ եմ ուտում: Օգնող չունեմ, նայող չունեմ, այ սենց եմ ապրում»: Սիրուշ տատը ծայրահեղ անպաշտպան վիճակում է:
5 երեխաների մայր Սոֆյան վերարկուն հագին կծկվել է սենյակի անկյունում: Հայացքի մեջ այնքան տառապանք կա, որ դժվարությամբ է պատասխանում հարցերիս: Անչափահաս երեխաներն այս ու այն կողմ են վազում՝ առանց մտածելու, որ կարող են 4-րդ հարկի անպատ միջանցքից ցած ընկնել: Երեխաները հաշտվել են այդ վիճակին ու կարողանում են իրենց պաշտպանել այս սոսկալի պայմաններից: Փոքրիկ տղան ասում է՝ «Կուզե՞ք մեր կուխնիան էլ նկարել»: Ուղեկցում է խոհանոց, որտեղ մտնելուն պես ուզում ես գլուխդ առնել ու փախչել: 5 երեխաների խոհանոցը ոչնչով չի տարբերվում աղբանոցից: Սարսափելի հակահիգիենիկ ու վտանգավոր պայմաններ են: Այստեղ կարող է կատարվել անսպասելին: