Վահան Բադալյանը թատրոնի տարածքի եւ կոդերի մեջ իրեն շատ վստահ է զգում, քանի որ շատ լավ հասկացել է. որ բեմադրությունը հաշվարկված եւ լավ «յուղված» համակարգ է։ Միայն վերջերս նրա անունը սկսեց ճանաչելի դառնալ թատերական շրջանակներում, Երեւանի Գեղագիտական կենտրոնին կից գործող «Փոքր թատրոնի» բեմում նա մի քանի բեմադրություններ է արել՝ «Օֆելյայի ստվերների թատրոնը», «Խելագարի հիշատակարանը» (ըստ Գոգոլի), «Հայրիկ, հայրիկ, խեղճ հայրիկ» (ըստ Արթուր Կոոպիտի պիեսի) ու «Տունը սահմանի վրա»։ Վահան Բադալյանն այս տարվա «Հայֆեստ» փառատոնի լավագույն հայկական ներկայացման հեղինակը ճանաչվեց, եւ ամենահեղինակավոր միջազգային թատերական ստուգայցի՝ Էդինբուրգի փառատոնին մասնակցելու հրավեր ստացավ։
Վահանը պատմում է, որ մանուկ հասակում սիրահարված է եղել կրկեսին, եւ հիմա էլ կրկեսը համարում է ամենագեղեցիկ արվեստներից մեկը։ Փխրուն, ինտելիգենտ ու նրբանկատ Վահանի արտաքին կերպարը պարզապես խաբկանք է, նա շատ ամուր եւ հասուն անձնավորություն է։ Գայթակղել կամ անտեսել նրա պատկերացումները չի ստացվի, նա զարմանալի ամուր կանգնած է թատրոնի հողի վրա եւ զգում է բեմի կենդանի շունչը։ Շատերը նրան «27-ամյա մեծ ռեժիսոր» են անվանում, նա թերեւս միակ երիտասարդ թատերական ռեժիսորն է, ով գիտե՝ ինչի՞ համար է թատրոն եկել։ Նա չի շտապում անուն ձեռք բերել կամ փող աշխատել, ասում է. «Ուզում եմ, որ իմ բեմադրությունները ճանաչեն»: Թատրոնը նրա մանկական երազանքը կամ թատերական դինաստիան շարունակելու պահանջ չի եղել։ Ծրագրավորողների ու մաթեմատիկոսների ընտանիքում մեծացած Վահան Բադալյանն իր ընտրած մասնագիտությունն այլ մասնագիտությունից ոչ մի բանով չի առանձնացնում։ Նա պրոֆեսիոնալիզմի կողմնակից է։ Բեմի վրա նա միզանսցենների, շարժումների, շեշտերի ու խոսքի այնպիսի հաշվարկված ու ճշգրիտ կառույց է ստեղծում, որ բեմական տարածքից սկսում է թատրոնի «բույր» գալ, ու ծնվում են հենց այն էմոցիաները, որոնք եւ պետք է ծնվեն։ «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը, որն արված է երեխաների մասնակցությամբ, դինամիկ, լավ իմաստով՝ կլիպային ներկայացում է, որը շատ նուրբ փիլիսոփայական երանգ ունի։ Այն ինքդ քեզ չդավաճանելու ուժ գտնելու մասին է։ Այդ ներկայացումը երեխաների լեզվով է բեմադրած, բայց բոլորին է հասցեագրված։
– «Փոքր թատրոնն» անկա՞խ կառույց է։
– Թատրոնն անկախ է եւ՛ ֆինանսական, եւ՛ ստեղծագործական իմաստով։ Մենք մեր ռեսուրսներով ենք աշխատում։ Թատրոնի հիմքը մանկական ստուդիան է, երեխաներն այստեղ սովորում են, եւ հետագայում ներկայացումներում են խաղում։
Երեխայի հետ իր լեզվով պիտի աշխատես, թեկուզեւ՝ դա շատ բարդ աշխատանք է թվում։ Մի անգամ Կիրիլ Սերեբրյաննիկովը, ով Ռուսաստանում «Թատերական ցանց» ինտերնետային փառատոնն է հիմնադրել, ինձ ասաց, որ աշխարհում ընդհանրապես շատ քիչ թատրոններ կան, որտեղ ռեժիսորը ոչ թե ինքն իրեն է ցույց տալիս, այլ՝ երեխաների հետ աշխատում է։ Դա ինձ համար շատ բարձր գնահատական էր:
– Կարծում եմ, ամեն դեպքում՝ դու երազում ես «մեծ» ներկայացումների մասին։
– Ես աշխատում եմ հասուն դերասանների հետ։ Հիմա, օրինակ, ուզում եմ «Հայրիկ, հայրիկ, խեղճ հայրիկ» ներկայացման երկրորդ տարբերակն անել։
– Դրամատուրգիական նյութի պակաս զգո՞ւմ ես։
– Այդ խնդիրը կա մեր թատրոնում, բայց ինձ համար այն այդքան էլ ակտուալ չէ։ Համոզված եմ, որ գրականություն կարդացող մարդը միշտ էլ կգտնի՝ ինչ բեմադրել։ Բայց շատ կուզեի, որ հենց մեր ժամանակների ու հենց մեր տեղայնացված խնդիրների մասին պիեսներ լինեին։ Թեեւ մենք մասնագիտացված «Դրամատուրգիա» հանդես ունենք, բայց, ցավոք, նման պիեսի չեմ հանդիպել։
– Օրինակ, 17 տարեկան պատանին գնում է դպրոց, որտեղ սովորելը ոչ մոդայիկ է համարվում, գալիս է տուն, նայում հեռուստացույց, ինքն իրեն ուզում է գտնել ընկերների շրջապատում… Նրա համար ու նրա մասին թատրոնը չի խոսում։ Գուցե փորձե՞լ է պետք։
– Մեր շուրջը հազարավոր խնդիրներ կան, որոնք թատրոնի նյութ կարող են դառնալ։ Համոզված եմ, որ արդիական թեմաները մեր թատրոնին ուղղակի անհրաժեշտ են, թեման կարող է շատ մարդ բերել թատրոն։ Նույնիսկ, եթե թեման միտումնավոր սրված լինի, ու ներկայացման որակը ոչ այնքան բարձր լինի, այն կգրավի հանդիսատեսին։ Ինչո՞ւ է հիմա հանդիսատեսը գնում «Mea culpa» դիտելու։ Որովհետեւ, որքան էլ հավանես կամ չհավանես այդ ներկայացումը, նա մեր օրերի խնդիրների մասին է խոսում, հանդիսատեսի հետ երկխոսության մեջ է մտնում։
– Թեմաների թարմության առումով լավ բան է առաջարկում «նոր դրամա» ուղղությունը։ Վերջիվերջո, կարելի է թեմաներ վերցնել լրագիրներից, երթուղայինների մեջ տեղի ունեցող զրույցներից։
– Ողջ աշխարհը հիմա «վարակված» է «նոր դրամայով», իսկ մեզ, չգիտես՝ ինչո՞ւ, այն դեռ չի հասնում։ Նույնիսկ, եթե պիեսները թերի լինեն, նրանք պետք է բեմ բարձրանան, այդ թերապիան ուղղակի անհրաժեշտ է մեր թատրոնին։ Ես ուրախ եմ, որ Սուրեն Շահվերդյանը նոր դրամայի օրինակներ է բեմադրում, բայց ես կուզեի, որ ոչ միայն անգլիացու եւ գերմանացու գործեր բեմադրվեն, այլ՝ կոնկրետ մեր պրոբլեմների մասին պատմող պիեսներ լինեն։ Ոչինչ, եթե դրանք մի քիչ էպատաժային, շոկային լինեն եւ ցնցեն հանդիսատեսին իրենց բացասական մտքերով։ Բայց թող դրանք լինեն։ Դա անհրաժեշտ է թատրոնի թարմացման պրոցեսը սկսելու համար։
– Գուցե ի՞նքդ պիեսներ գրես։
– Հաստատ գիտեմ, որ դա չեմ անի, քանի որ չեմ կարող։ Դրամատուրգիան խաղ ու պար չի, որը կարելի է անուններով ու գծիկներով գրել, եւ հետո էլ կարդացողը չհասկանա՝ թե դա ինչի՞ մասին է։ Դրամատուրգը պետք է տիրապետի իր մասնագիտությանը։ Վերջիվերջո, պիեսի բառերը, բացի բառացի նշանակությունից, նաեւ վերբալ շերտ պետք է ունենան, բառերի «տակից» պետք է այլ իմաստ երեւա։ Օրինակ, հիմա ես գտնում եմ, որ կարելի է մի պիես գրել, որի գործողությունը տեղի կունենա Երեւանի գեղեցկության սրահներից մեկում։ Հերիք է միայն մեկ օր նստել որեւէ սրահում ու գրել այն, ինչի մասին խոսում են մարդիկ։ Համոզված եմ, որ կարելի է եւ՛ ծիծաղից «պայթել», եւ՛ իսկական դրամա տեսնել։ Թատրոնի նյութն ուղղակի թափված է մեր շուրջը, բանակի, դպրոցի, հիվանդանոցի հետ կապված այնպիսի սյուժեներ են պտտվում, որ ափսոսդ է գալիս, որ դրանք թատրոնին չեն հասնում։ Շատ իրադարձություններ նույնիսկ հունական ողբերգության մակարդակի կարելի է հասցնել։ Տարիներ առաջ Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվեց մեր կուրսի ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի «Փրկեք մեր հոգիները» ներկայացումը, որն իր ժամանակի համար ցնցում էր, թարմացնող շոկ։ Հիմա մենք նման ներկայացումների, նման հուզիչ եւ ճանաչելի նյութի կարիքն ունենք։ Թեմաները պետք է կյանքից վերցված լինեն, իսկ այն մեկնաբանելն արդեն ռեժիսորի խնդիրն է։
– Իսկ պետական «մեծ» թատրոններից աշխատելու հրավերներ եղե՞լ են։
– Ես Պարոնյանի թատրոնում Չեխով բեմադրեցի։ Ճիշտն ասած, այդ թատրոն չուզելով գնացի, արեցի աշխատանքս ու՝ վերջ։ Այլ թատրոններում բեմադրելու առաջարկներ շատ են լինում, բայց ես հաճախ հրաժարվում եմ։ Ճիշտն ասած, ինձ մի բան է վախեցնում. եթե ես մեր թատրոնում, այս շատ փոքր տարածքում, իմ ներկայացումներում ստանում եմ այն էֆեկտը, որն ուզում եմ, ապա ինչպե՞ս պետք է աշխատեմ մեծ բեմերում՝ նույնը ստանալու համար։ Երեւի կմահանամ, մինչեւ ստանամ իմ ուզածը, որովհետեւ չկա էքսպերիմենտների պատրաստ շրջապատը, որը կարող է 10 անգամ նույն բանը փորձել՝ մինչեւ հասկանալի դառնա, որ այս տարբերակն ավելի լավն է, քան նախորդները։ Այսինքն, դրանք ստրուկտուրային հարցեր են, որոնք միայն դերասաններին չեն վերաբերում, այլ՝ տեխնիկական կազմին, լուսային, ձայնային վարպետներին։ Ինձ թվում է` հիմա մեր թատրոններում աշխատանքի տրամադրված չեն։ Հենց այդ աշխատանքային մթնոլորտի պակասի պատճառով էլ շատ դժվար է թատրոններում լավ ներկայացումներ տեսնելը։ Թվում է, որ բոլոր տեխնիկական հնարավորությունները կան, բայց… ներկայացումներ չկան։
– Դու բծախնդի՞ր մարդ ես։
– Շատ։ Արվեստում պետք է բծախնդիր լինել եւ փորձել «մաքուր» աշխատել։ Կարեւորը ներկայացման որակն է։ Ես սկսում եմ աշխատել, երբ լավ գիտեմ, թե որն է իմ նպատակը, եւ համոզված եմ, որ միեւնույն է` որքան էլ բարդ լինի, հասնելու եմ իմ նպատակին։ Երեւի եթե մի քիչ ավելի խորամանկ լինեի, ավելի արագ կաշխատեի, բայց ես խորամանկ չեմ ու, որպես կանոն, երկար եմ աշխատում, բացատրում եմ, հարցեր եմ տալիս, խոսում եմ դերասանների հետ։
– Քո կարծիքով, ո՞րն է ամենավատ բանը մեր թատրոններում։
– Ինձ թվում է` հիասթափությունն է։ Կարող է հանկարծ գալ այն պահը, որ մենք հիասթափվենք մեր աշխատանքից ու դադարենք թատրոնով զբաղվել։
– Այդ դեպքում կարելի է առեւտրով զբաղվել կամ հեռուստատեսություն գնալ։
– Առեւտրով ես հաստատ չեմ զբաղվի։ Ու էլի շատ բաներ կան, որոնցով հաստատ չեմ հետաքրքրվի, հեռուստատեսությունն էլ իմը չէ։ Մեր ինստիտուտում, օրինակ, շատ շրջանավարտներ կան, որոնց ճանապարհը ուղիղ դեպի հեռուստատեսություն է տանում։ Նրանք կարծես սովորում են՝ հեռուստատեսություն գնալու համար։ Բայց ախր գոնե այնտեղ իրենց գործը լավ անեն, բայց չեն անում, «ականջից քաշելով» ինչ-որ ծրագրեր ու հաղորդումներ են հորինում, որպեսզի, կոպիտ ասած, փող աշխատեն։ Շատերը մասնագիտություն են ստանում, հետո լրիվ ուրիշ գործով են զբաղվում։ Իմ կարծիքով, հեռուստատեսությունում հիմա սիրողականության ծով է։ Հեռուստատեսությունն ընդհանրապես դոմինանտ տեղ է զբաղեցրել մեր կյանքում, մարդկանց ամբողջ օրը «լցնում» է, եւ «լցնում» է շատ միօրինակ ու միանման բաներով։ Իսկ որպես հանդիսատես՝ մենք պետք է ընտրության հնարավորություն ունենանք, եթե ուզում ենք, օրինակ, դասական պիես դիտել, պիտի այն դիտելու հնարավորություն ունենանք։ Ուզենք մնջախաղային ներկայացում, հումոր դիտել՝ դիտենք այն։ Ի վերջո, նորմալ է, երբ մի երկրում արվեստի տարբեր տեսակներ կան, թող դրանք եզակի կամ քիչ լինեն, բայց լինեն ու հանգիստ իրենց համար կարողանան ապրել։
– Իսկ դու ինքդ գնո՞ւմ ես թատրոն, գիտե՞ս թատրոնների խաղացանկային նորությունների մասին։
– Մի շրջան կար, երբ թատրոն չէի գնում, քանի որ հասկացել էի, որ իզուր ժամանակ եմ կորցնում, եւ թատրոններում ոչինչ չի փոխվում։ Ես նույն բանն էի տեսնում եւ նոր լիցքեր չէի ստանում։ Իսկ, վերջիվերջո, թատրոն պետք է գնալ՝ լիցք ստանալու համար։ Հիմա կարծում եմ՝ իրավիճակը մի քիչ լավացել է։
– Իսկ ի՞նչ կուզեիր այսօր բեմադրել։
– Հենց հիմա մեծ հաճույքով «Մակբեթ» կբեմադրեի։ Բայց դրա համար դերասաններ են պետք, որոնք չկան։ Իրոք չկան։ Հայաստանում ֆակտուրային դերասաններ չկան։ Հիմա ես բոլոր թատրոններ գնում եմ, որպեսզի իմ նոր ներկայացման համար ոչ սովորական, մեծահարուստ արտասահմանցու կերպար խաղացող դերասանի գտնեմ։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում` չկա դերասանական այդ ֆակտուրան։ Ոչ մի դերասան բեմում ինձ չի համոզում, որ կարող է այդ կերպարը խաղալ։ Շատ դերասաններ կան, որոնք, կոպիտ ասած, չեն տիրապետում իրենց մասնագիտությանը։ Հիմա «խոսող» դերասաններ չկան, չկա մարդ, որը կարող է բեմից բան հասկացնել հանդիսատեսին։ Եթե ռեժիսորը փորձի դերասաններից շատերին իրենց կերպարի մասին մի քանի հարց տալ, դերասանը հաստատ չի կարողանա պատասխանել, որովհետեւ նա չի մտածել դրա մասին։ Մինչդեռ նա պարտավոր է մտածել իր կերպարի մասին: Եթե մտածեր, անպայման կերպարը ֆորմա կստանար եւ չէր լինի այսպես. բոլորս իրար նման գոռում ենք, կքանստում ենք, թռնում ենք։ Դերասանական մաներաների խնդիրներ կան, շատերը չեն կարողանում ընդունված խաղային մաներայից դուրս գալ։ Մասնագետ-դերասաններին կարելի է մատների վրա հաշվել։
– Ինչո՞ւ։
– Կրթություն չկա։ Դա շատ ակնհայտ է։ Թատերական ասպարեզում կրթությունը չի կարող կախված լինել անհատներից, իսկական «դասատուներ», դասախոսներ են հարկավոր, ինչպես եւ ողջ քաղաքակիրթ աշխարհում է։ Ուսանողը վարպետի մոտ պետք է ուսման միայն վերջին 2 տարիներին սովորի, իսկ սկզբում նա պետք է իր մասնագիտության «ա»-ն ու «բ»-ն սովորի։ Ուսանողների հոսքը պետք է մասնագիտության հիմքը սկզբում սովորի, իսկ մեզ մոտ այսպես է. մեկը կուզի՝ այսպես կսովորեցնի, իսկ մյուսը՝ այլ կերպ կանի, կուզի՝ կասի այս բանի մասին, չի ուզի՝ չի ասի։ Հիմա ուսանողը, եթե նույնիսկ ազնվորեն թատրոն մտնելու ցանկություն ունի, չի կարող դա անել, քանի որ դրա հնարավորությունը չկա։ Եթե հավանեն, նրան սովորելու կվերցնեն, բայց հարց է ծագում՝ արդյո՞ք նա, ով հավանել է քեզ, ուսման ընթացքում կտա այն, ինչն իսկապես հարկավոր է քեզ։
– Շուտով քեզ ուղեւորելու են Մոսկվա՝ սովորելու։ Եթե աշխատելու առաջարկներ ստանաս` կմնա՞ս այնտեղ։
– Ինչո՞ւ պետք է մնամ։ Եթե մնալու լինեի, կընդունեի ֆրանսիացիների առաջարկները։ Թող պաթետիկ չհնչի, բայց ես իսկապես ինձ միայն այստեղ եմ պատկերացնում։
– Ինչպե՞ս եք կարողանում ձեր թատրոնում առանց ֆինանսավորման աշխատել։
– Աշխատում ենք մի կերպ։ Ստուդիան ֆինանսական ռեսուրսներ չունի, եւ չի կարող դերասանների վճարել։ Ես ինքս՝ որպես ստուդիայի ղեկավար, 30.000 դրամ եմ ստանում։ Բայց այդ ֆինանսական խնդիրներն ինձ համար դեռ շատ մեծ նշանակություն չունեն, ես ծնողներիս հետ եմ ապրում։ Դեռ կարողանում եմ այդպես ապրել։
– Ստացվել է այնպես, որ «երիտասարդ ռեժիսոր» ասելով՝ մենք 40 տարեկաններին ենք պատկերացնում։ Ինչո՞ւ չկան 20 տարեկանները, որոնք ուզում են թատրոնում աշխատել։ Թեկուզեւ սկզբում՝ փոքր թատրոններում։
– Ինձ թվում է` ռեժիսոր դառնալը կամքից ու գիտելիքներից է կախված։ Օժտվածության խնդիր կա։ Պետք է սիրես քո գործն ու առանց դրա չկարողանաս ապրել։
– Իսկ օժտված մարդուն անպայման նկատո՞ւմ են։
– Մեր երկրում դժվար թե անպայման նկատեն։ Իհարկե, հիմա երիտասարդների նկատմամբ շատ ուշադիր են, եւ ոչինչ, որ դրա մեջ որոշակի ցուցադրական տարրեր կան։ Իմ հասակակիցներից շատերը հիմա բեմադրում են, աշխատում են, հրավիրվում են։ Այլ խնդիր է, թե ո՞վ է իսկապես կարողանում բեմադրություններ անել եւ ո՞վ չի կարողանում։ Կարծում եմ` ավելի բարդ է հանդիսատեսի խնդիրը։ Օրինակ, երբ հանդիսատեսը գալիս է Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» դիտելու, ես զգում եմ, որ ներկայացման մեջ կան բառեր, որոնք ոմանք պարզապես չեն հասկանում։ Գրականություն չկարդացած մարդու համար որոշ բառեր խորթ են հնչում։ Դա է ինձ շատ մտահոգում երիտասարդների մեջ։ Թատրոնը երկխոսություն է, եւ այդ զրույցի մյուս կողմը՝ հանդիսատեսը, «ապահովված» չէ իր որակով։ Երբ երիտասարդ հանդիսատեսը սկսի աշխատել իր ինտելեկտի, ճաշակի վրա, նա անպայման թատրոն կգա եւ ներկայացումներն «իրենը» կհամարի։ Կամ էլ չի համարի. այդ դեպքում դա ռեժիսորի խնդիրը կլինի։