Բուլղարիային հասնելուն դեռ շատ ունենք

12/05/2005

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բուլղարիայի Հանրապետության առողջապահության նախարար Սլավչո Բոգոեւը հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպումը, թերեւս, օգնեց զուգահեռ անցկացնել երկու երկրների առողջապահական համակարգերի միջեւ եւ զգալ տարբերությունը: Օրինակ, պրն Բոգոեւը նշեց, որ իրենց երկրում նոր առողջապահական քաղաքականության իրականացման արդյունքում պոլիկլինիկայում աշխատող բժշկի աշխատավարձը բարձրացվել է 200-ից մինչեւ 500 եվրոյի: Անհարմար է գուցե, բայց պետք է խոստովանել, որ մեր պոլիկլինիկայում բժշկի եւ հիվանդանոցի բժշկի աշխատավարձերը գրեթե նույնն են եւ տատանվում են 20-30.000 դրամի սահմաններում: Բուլղարիայում հիվանդանոցի բժիշկը ստանում է 400 եվրո, ավելի քիչ, քան առաջնային օղակի մասնագետը եւ դա պատահական չէ: Բուլղարիայում նախահիվանդանոցային օգնությունը ֆինանսավորվում է պետական բժշկական ապահովագրության շրջանակներում, ի տարբերություն հիվանդանոցայինի, որի եկամտի մի կեսն ապահովում է պետությունը, մյուս կեսը՝ մասնավոր սեկտորը: ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի խոսքերով, այն բարեփոխումները, որոնք կատարվում են Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրական են գնահատվում եւ մոտակա 2-3 տարվա ընթացքում առնվազն երկրում բժշկական ապահովագրության մասին խոսք չի գնալու:

Սլավչո Բոգոեւի այցի ընթացքում վավերացվել է 2003 թվականին նախարար Ն. Դավիդյանի եւ Ս. Բոգոեւի միջեւ կնքած առողջապահության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Երկու կողմերը, ըստ պայմանագրի, համագործակցելու են մասնավորապես «առաջնային եւ մասնագիտացված բժշկական օգնության, կախարգելիչ բժշկության եւ շրջակա միջավայրի պահպանության, դեղորայքային քաղաքականության, գիտական եւ բժշկական կադրերի ուսուցման» եւ այլ ոլորտներում: