«Հայկական երկաթուղի» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելով երկաթուղին կփրկվի եւ կմնա պետության սեփականությունը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա նաեւ նշել է, թե 17 տարվա ընթացքում կատարվել է միայն Համաշխարհային բանկի 16 միլիոն դոլարի ներդրումը, որի արդյունքում վերանորոգվել է Երեւան-Այրում գծի շուրջ 72 կիլոմետր հատվածը, մինչդեռ ամբողջ գիծը 306 կմ է: Կոնցեսիոն կառավարիչը կներդնի շուրջ 170 միլիոն դոլար, որից 80 միլիոնը` շարժակազմի ձեռքբերման, մնացածը` կառուցվածքների վերանորոգման համար: Կոնցեսիոն կառավարչի համար հոկտեմբերի 15-ից պաշտոնապես մեկնարկել է մրցույթը, փաթեթներն արդեն ուղարկվել են նախաորակավորման փուլի արդյունքում մնացած երկու` «Ռուսական երկաթուղի» եւ հնդկական «Բրայդս» ընկերություններին: Դեկտեմբերի 21-ին բացվելու են դրանց ներկայացրած տեխնիկական առաջարկները: Ընկերությունները պետք է վաստակեն նվազագույնը 80 միավոր: Հունվարի 8-ին պարզ կլինի, թե որ ընկերությանը կհանձնվի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը, թեեւ արդեն իսկ հայտնի է, որ այն կտրվի դարձյալ Ռուսաստանին: