Իրանը դիմել է ՄԱԿ-ին՝ առաջարկելով հայկական Սեւ եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում: Այդ մասին երեկ հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը: «Սա տարբեր կրոնների եւ էթնիկ հանրությունների գոյակցության խորհրդանիշն է»,- ասել է Իրանի մշակութային ժառանգության, ժողովրդական ստեղծագործության եւ զբոսաշրջության կազմակերպության ավագ պաշտոնյա Խոսրով Ֆարին: Հայկական Սեւ եկեղեցին՝ Ղարաքիլիսան, այդ անվանումն է ստացել, քանզի 14-րդ դարում կառուցվել է սեւ հրաբխային ապարից: Հայերը հավատում են, որ եկեղեցու կառուցման վայրում նահատակվել եւ թաղվել է Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը՝ Թադեւոսը: Շատ հայեր ողջ աշխարհից ամռանը ուխտագնացություն են կատարում դեպի Սեւ եկեղեցի, սակայն տարվա մեծ մասն այն դատարկ է եւ պահպանվում է մոտակա քրդական գյուղի երկու սուննի բնակիչների կողմից: Ըստ «ԻՌՆԱ» գործակալության, մի ժամանակ հայերի թիվն Իրանում կազմում էր մի քանի հարյուր հազար, սակայն վերջին տասնամյակների ընթացքում շատերն արտագաղթել են երկրից, եւ ներկայումս Իրանում ապրում է մոտ 100 հազար հայ: Նրանք երկու պատգամավորական տեղ ունեն խորհրդարանում: