Գներն իջնելո՞ւ են

28/10/2007

«Սննդամթերքի հայաստանյան շուկայում կարագի եւ ձեթի գներն առաջիկա 1 ամսում պարտադիր պետք է իջնեն»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը` հավաստելով, թե նման համոզման է եկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդունած համապատասխան որոշմամբ, համաձայն որի` 50 կազմակերպություններ եւ տնտեսվարող սուբյեկտներ տուգանվել են իրենց տարեկան հասույթի 2 տոկոսի չափով: Բացի այս` նա իր այդ հայտարարությունը պատճառաբանել է այն հանգամանքով, որ միջազգային շուկաներում գների այդչափ բարձրացում չկա: «Եթե անգամ որոշ ապրանքատեսակների մասով նկատվել է թանկացում, ապա այդ թանկ գներով որեւէ տնտեսվարող սուբյեկտ դեռ Հայաստան կարագ կամ ձեթ չի ներկրել: Այսինքն` նրանք տնտեսական իրավունք չունեին իրենց բիզնես-սպասումների արդարացման համար սպառողի հաշվին թանկացնել սննդամթերքը»,- ասել է Ա. Եղոյանը: Նրա հավաստմամբ` կարագը միջազգային շուկայում թանկացել է շուրջ 18 տոկոսով` կապված Եվրամիության համընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության շրջանակներում սուբսիդավորման աստիճանաբար դադարեցման հետ: Դրա արդյունքում համապատասխանաբար պետք է թանկացում լիներ նաեւ Հայաստանում, սակայն ոչ այն չափով, ինչպես տեղի ունեցավ: