Երեկ մինչեւ ժամը 16:00-ն խորհրդարանը չի կարողացել հաստատել ԱԺ քառօրյայի օրակարգը, քանի որ «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորները պարբերաբար 20 րոպեանոց ընդմիջումներ են խնդրել նիստը նախագահողից: Դրանով վերջիններս փորձել են խոչընդոտել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագծի երրորդ ընթերցմամբ քվեարկությունը, որն այդուհանդերձ տեղի է ունեցել եւ ընդունվել է ձայների 65 «կողմ», 3 «դեմ», 8 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ այս օրինագծով այլեւս առանց դատարանի որոշման կարող են ցանկացած մարդու գաղտնալսել, գաղտնանկարել, օպերատիվ նյութեր հավաքել, որոնք էլ հետագայում` արդեն դատարանում կարող են որպես ապացույց օգտագործել տվյալ անձի դեմ: Այսպիսով, իշխանություններին հաջողվել է նախագահական ընտրություններից առաջ ընդունել իրենց համար այդքան կարեւոր օրինագիծը, որն իրականում լեգիտիմացնելու է կոմպրոմատները: Իսկ ընտրությունների շեմին կոմպրոմատների պակաս հաստատ չի զգացվի: