Հոկտեմբերի 24-ին Երեւան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երկրի ղեկավարության հետ հանդիպումներում կքննարկվեն ԼՂՀ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փոխանցմամբ` ակնկալվում է, որ համանախագահները տարածաշրջան կգան նոր մտքերով եւ նոր ձեւակերպումներով այն հարցերի նկատմամբ, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել: Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խազար Իբրահիմի հայտարարությունը, թե՝ «Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ին կառաջադրեն ԼՂՀ հակամարտության կարգավորման նկատմամբ կառուցողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը»` Կարապետյանը նշել է, թե հայկական կողմը միշտ եղել է կառուցողական: «Մենք չենք սպասում, որ դա մեզ առաջադրեն, ինքներս ենք ակնկալում, որ գործընթացը տեղից կշարժվի, եւ շոշափելի արդյունքներ կլինեն»: