56 մանրադիտակ եւ 12 մեքենա տուբերկուլյոզի դեմ

12/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Մարտի 24-ին՝ Տուբերկուլյոզի դեմ պաքարի միջազգային օրը, երկրի բնակչությանը եւս մեկ անգամ հիշեցվելու է առողջապահական այս խնդրի հրատապության մասին: ՀՀ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը (ՏԱԾ), որն իրականացվում է DOTS ծրագրի ռազմավարությամբ, առավելապես ջանքեր է գործադրում տուբերկուլյոզի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:

Մինչեւ 2006 թվականը գերմանական KLW բանկի տրամադրած միջոցներով եւ GTZ կազմակերպության տեխնիկական աջակցությամբ իրականացվելու են տուբերկուլյոզի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ հետագայում հսկողության իրականացման մի շարք միջոցառումներ: Այնուհետեւ Հայաստանը դիմելու է Գլոբալ ֆոնդ կազմակերպությանը՝ ծրագիրը ֆինանսավորելու առաջարկով: Սակայն մինչ այդ` առաջին քայլերն ընդդեմ տուբերկուլյոզի արդեն արված են: Երեւանում եւ մարզերում հիվանդության տարածումը կանխելու նպատակով ստացվել եւ արդեն իսկ բաժանվում են 56 մանրադիտակ, ռեակտիվներ եւ այլ սարքավորումներ՝ խորխի մանրէաբանական հետազոտություններ կատարելու համար: Միջազգային փորձագետներն ավելի մատչելի ու արդյունավետ են գտնում ոչ թե խորհրդային տարիներին ընդունված ֆլյուորոգրաֆիկ, այլ հենց մանրէաբանական հետազոտությունը: Նաեւ ձեռք են բերվել 12 «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով անհրաժեշտ դեղորայքն առձեռն կփոխանցվի հանրապետության նույնիսկ ամենաանհասանելի վայրում գտնվող հիվանդին, կապահովեն կապը ռեֆերենս լաբորատորիայի եւ կենտրոնական գրասենյակի հետ: Ծրագրի ղեկավարությունը գտնում է, որ աշխատանքի մեջ պետք է ներգրավվի նաեւ առաջնային բուժօգնության օղակը՝ պոլիկլինիկաները, որտեղ այս տարվա հունվարի 1-ից պետպատվերի շրջանակներում, անվճար կարող են խորխի մանրէաբանական հետազոտություն անցնել հիվանդության կասկած ունեցողները: Դրանք երկու կատեգորիայի դիմողներն են՝ մարդիկ, որոնց մոտ առկա է տուբերկուլյոզի համախտանիշը, եւ մարդիկ, որոնք նշում են տուբերկուլյոզով հիվանդի հետ երկարատեւ կոնտակտի փաստը: «Տուբերկուլյոզը ոչ այնքան բժշկական խնդիր է, որքան սոցիալական եւ կազմակերպչական»,- համոզված է Տուբերկուլյոզի ազգային ծրագրի (ՏԱԾ) եւ գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթեւիկ Կոստանյանը: «Տուբերկուլյոզի անվերահսկելիության պատճառներից մեկն է հիվանդի եւ բժիշկի միջեւ կապի կորուստը: Հայտնի է, որ այս հիվանդությունը ձեռք է բերում երկրի անապահով խավի բնակչությունը, որոնց գիտակցական մակարդակն այնքան բարձր չէ, որպեսզի հասկանան վտանգի աստիճանը եւ հետեւողական լինեն, բուժումը մինչեւ վերջ տանեն: Երկու ամիս ստացիոնար բուժվելուց եւ դուրս գրվելուց հետո նրանք հաճախ կորցնում են կապը պոլիկլինիկայի հետ եւ խախտում են դեղերի կանոնավոր ընդունումը: Իսկ դա վտանգավոր է ոչ միայն իր իսկ առողջության համար, քանի որ բարձրանում է տուբերկուլյոզի կայուն ձեւի զարգացման հավանականությունը, այլեւ հասարակության համար, քանի որ հիվանդը կարող է նորից դառնալ բացիլազատող»: Ըստ 2004-ի տվյալների` ՀՀ-ում հայտնաբերվել է 1558 տուբերկուլյոզով հիվանդ, որոնցից 49-ը դեռահասներ եւ 77-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ են: