Որեւէ չափ չճանաչող զարգացում

24/10/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի գլխավորած պատվիրակությունը:

Նախագահական նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի առանձնազրույցին հաջորդած՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը, հայ-իրանական պատվիրակությունները ստորագրեցին բանկային ոլորտի, հողմային էներգիայի օգտագործման ոլորտում գործակցության, Արաքսի ափին մեկական ՀԷԿ կառուցելու մասին փաստաթղթեր, ստորագրվեցին Հայաստանի ու Իրանի նախագահների համատեղ հայտարարությունն ու մի շարք փոխըմբռնման հուշագրեր: Տարբեր հարցերում փոխըմբռնման փաստն արձանագրելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Ինչպես հայտնի է, Ռ. Քոչարյանն այնքան էլ հաճախ չի հանդիպում լրագրողների հետ, իսկ երբ կոնկրետ ասելիք է ունենում, դա անում է հայտնի հեռուստաընկերությունների ներկայացուցիչների նախագահական նստավայր հրավիրելով: Իսկ քանի որ երեկ հայտարարված համատեղ ասուլիսին հնարավորություն ունեին ներկա գտնվել նաեւ ոչ միայն «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ուստի, թեկուզ քիչ, բայց հույս կար, որ Հայաստանի նախագահին հարց ուղղելու հնարավորություն կտրվի ոչ միայն հայտնի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Ավա՜ղ, հույսերը չարդարացան, որովհետեւ նախագահների ներածական խոսքից հետո Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հայկական եւ իրանական կողմի լրագրողներին ընդհանուր առմամբ հնարավորություն է տրվում մեկական հարց տալ: Երեւի հասկանալի է, թե հայկական կողմից այդ պատվին որ լրատվամիջոցն արժանացավ: Իսկ իր ներածական խոսքում Ռ. Քոչարյանը փաստեց, որ սա արդեն այս տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն է: Հանդիպման քանակի վրա կենտրոնացավ նաեւ Իրանի նախագահը, նշելով, թե, ճիշտ է, սա այս տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն է, սակայն վերջին մեկ տարում այն երրորդն է: Հանդիպումների քանակն արձանագրելուց հետո Ռ. Քոչարյանն իր խոսքում նշեց նաեւ, որ Իրանը Հայաստանի համար շատ կարեւոր գործընկեր է, որ երկու երկրների հարաբերությունները լավ մակարդակի վրա են, որ հանդիպումներն անցան անկեղծ ու ջերմ մթնոլորտում… : Նա նաեւ տեղեկացրեց, որ քննարկվել է «նավթազտարանի եւ հնարավոր երկաթուղու կառուցման հնարավորությունը»: «Իհարկե, այս ամենը գտնվում է այսօր հաշվարկների իրականացման փուլում, քանի որ տնտեսական առումով այս ծրագրերը պետք է շահավետ լինեն կողմերի համար»,- նշեց Ռ. Քոչարյանը: Վերջինիս խոսքերով՝ ինքն Իրանի նախագահին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին: Իրանի նախագահն էլ հիմնականում խոսեց ստանդարտ ձեւակերպումներով: Նա նշեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար մեծ հնարավորություններ կան: «Մենք շեշտել ենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար մենք որեւէ սահման, որեւէ չափ չենք ճանաչում: Էներգետիկայի ոլորտում, նավթի եւ գազի բնագավառում, ինչպես նաեւ՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի բնագավառներում շատ լավ բանակցություններ ենք վարել»,- ասաց Մ. Ահմադինեջադը: Նրա խոսքերով՝ երկկողմ հարաբերությունների հեռանկարը շատ «լուսավոր եւ կառուցողական է»: «Մենք գտնում ենք, որ անկախ Հայաստանը, զարգացած Հայաստանը տարածաշրջանի օգտին է: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է խաղաղ, բարեկամական մթնոլորտում ապրեն կողք կողքի: Որեւէ խնդիր չկա, որը հնարավոր չլինի բանակցությունների միջոցով լուծել»,- նշեց Իրանի նախագահը: Այս ամենից հետո Իրանի նախագահին իրանցի մի լրագրող հարցրեց, թե ի՞նչ փուլում են գտնվում հայ-իրանական հարաբերությունները: Իրանի նախագահը դրանք որակեց՝ «գերազանց եւ զարգացող»: Հայկական կողմից միակ հարցի հնարավորությունը, բնականաբար, «Հայլուրինն» էր, որի թղթակիցը նախագահներից խնդրեց մանրամասնել, թե հատկապես ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպումների ժամանակ: «Մենք պատմականորեն ունենք պարտավորություն՝ այսօր կառուցել մեր հարաբերությունները շատ լուրջ իբրեւ գործոն, տնտեսական հատվածը հատկապես: Խոսքը վերաբերում է ենթակառուցվածքների իրար կապելը եւ այս ոլորտում հարաբերությունների խորացումը: Ճանապարհի բացումը կլինի մեր հատվածում ամսի 26-ին, եւ ես մասնակցելու եմ այդ արարողությանը: Համոզված եմ, որ սա կբերի ապրանքաշրջանառության ծավալի աճին: Այդ ճանապարհը, հուսով ենք, որ կունենա նաեւ տարանցիկ հնարավորություն, տարանցիկ ներուժ: Ժամանակը ցույց կտա, թե ինչ ծավալի է լինելու այդ ներուժի բացահայտումը»,- ի պատասխան՝ նշեց Ռ. Քոչարյանը:

Նրա հավաստմամբ՝ Հայաստանը լրջորեն տրամադրված է կապել Հայաստանի եւ Իրանի երկաթուղիները, իրականացնել նավթազտարանի կառուցման եռակողմ ծրագիրը՝ Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ: «Իհարկե, այստեղ պետք է ամեն ինչ հաշվարկել, ծրագրերը խոշոր են եւ նման ծրագրերը որոշակի փուլ են ուզում քննարկումների եւ հաշվարկների: Հիմա մենք գտնվում ենք այդ փուլի ընթացքում»,- նշեց նա: Իրանի նախագահն էլ ավելացրեց, թե ինքն ավելացնելու բան չունի. Ռ. Քոչարյանն ամեն ինչ ասաց: