Նկատողություն` «դու»-ով խոսելու համար

24/10/2007

Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեից երեկ տեղեկացրեցին, որ հոկտեմբերի 17-ին Ժիրայր Սէֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին ԱԱԾ շենքում գտնվող մեկուսարանից տեղափոխել են Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ, որտեղ սովորաբար իրենց պատիժն են կրում սպայական կոչումներ ունեցող անձինք: Նոր կալանավայր հասնելուն պես, հիմնարկի պետի տեղակալ գնդապետ Պետրոսյանի մասնակցությամբ ստուգվել են Ժ. Սէֆիլյանի անձնական իրերը: Այդ ընթացքում խոսակցություն է տեղի ունեցել Ժ. Սէֆիլյանի եւ գնդապետ Պետրոսյանի միջեւ: Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում դատարաններ ու դատավորներ չկան, եւ որ բոլորը քաղաքական պատվեր կատարող շարքային կաշառակերներ են, հարուցել է գնդապետ Պետրոսյանի դժգոհությունը: Վերջինս հաջորդ իսկ օրը միջադեպի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին՝ նշելով, որ «դատապարտյալը վիրավորանք է հասցրել պետականությանը եւ իր հետ «դու»-ով է խոսել»: Փաստի առիթով քննություն է նշանակվել: Ժ. Սէֆիլյանին փորձել է հարցաքննել կալանավայրին կցված ԱԱԾ աշխատակիցը: Սէֆիլյանը չի պատասխանել նրա հարցերին՝ հայտարարելով, որ իր նկատմամբ քաղաքական հալածանքը շարունակվում է: Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը նկատողություն է հայտարարել Ժ. Սէֆիլյանի նկատմամբ: «Այս նկատողությունը կարող է պատճառ դառնալ, որ Ժիրայր Սէֆիլյանը պայմանական վաղաժամկետ չազատվի պատժի կրումից, ինչը սպասվում էր, որ պետք է տեղի ունենար նոյեմբերին»,- նշում են զորակցության կոմիտեի անդամները: