Ամերիկյան հանդիպումներ

24/10/2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ի երեկոյան Լոս Անջելեսից մեկնել է Վաշինգտոն:

Ըստ ՀՀ կառավարության լրատվական ծառայության` հոկտեմբերի 21-ի առավոտյան Ս. Սարգսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանի հետ: Դ. Ստրաուս-Քանի խնդրանքով՝ Ս. Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման արդի միտումները, ինչպես նաեւ՝ ԱՄՀ-ի հետ Հայաստանի գործակցության հեռանկարները: ՀՀ վարչապետը նշել է, որ 1992 թվականից ի վեր ԱՄՀ-ի հետ համատեղ ծրագրերի ներքո Հայաստանին հաջողվել է ձեռք բերել մակրոտնտեսական կայունություն, վերականգնել ԽՍՀՄ փլուզման արդյունքում խարխլված տնտեսությունը` ապահովելով բարձր տնտեսական աճի ցուցանիշներ: ԱՄՀ-ի եւ Հայաստանի հետագա գործակցության հետ կապված, Ս. Սարգսյանը կարծիք է հայտնել, որ 2008թ. մայիսին ավարտվող ՀՀ-ԱՄՀ ծրագիրը պետք է շարունակություն ունենա: Նա նշել է, որ ապագա բարեփոխումների մասով Հայաստանի կառավարությունն առաջ է քաշելու հավակնոտ ծրագրեր եւ ակնկալում է համարժեք տեխնիկական օժանդակություն ու քաղաքականության խորհրդատվություն: Այդ բարեփոխումների շրջանակը կներառի հարկային եւ մաքսային վարչարարությունների արդիականացումը, ֆինանսական հատվածի եւ տնտեսության մրցունակության բարձրացման խնդիրները: Օրվա երկրորդ կեսին ՀՀ դեսպանատան շենքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Հոկտեմբերի 21-ին Ս. Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավարների հետ: Առաջին հանդիպումը ՀԲ փոխնախագահ Շիգեո Քատսուի հետ է եղել: Հանդիպման ընթացքում ՀԲ փոխնախագահը նշել է, որ Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով ու բարեփոխումների տեմպերով ճանաչվել է բարձրագույն արդյունքների հասած երկիր, եւ ՀԲ-ի կողմից շատ հաճախ է տարբեր երկրներում ներկայացվում որպես բարեփոխումների արդյունավետ իրականացման «հաջողված օրինակ»: ՀԲ-ի կառավարիչ-տնօրեն Գրիմ Ուիլլերի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման գլխավոր թեման ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներն են եղել: Ս. Սարգսյանը նշել է, որ բարձր տնտեսական աճ ապահովելը մնալու է ՀՀ կառավարության առաջնային խնդիրը, սակայն, ըստ նրա, չափազանց կարեւոր է, որ այդ աճը տեսանելի եւ էական լինի Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար: Իբրեւ ՀԲ-ի հետ ապագա գործակցության հիմնական ուղղություններ` կողմերը նշել են մասնավոր հատվածի զարգացման, տնտեսական մրցակցության, տնտեսության մրցունակության բարձրացման խնդիրները, ինչպես նաեւ՝ կրթության, առողջապահության ոլորտներում հետագա վերափոխումների իրականացման անհրաժեշտությունը: