Հունվարի սկզբին Երեւանի «Ջրմուղ-կոյուղին» (ԵՋԿ) հանձնաժողովին առաջարկել էր մեկ խորանարդ մետրի գինը դարձնել 187.40 դրամ: Նախորդ օրինակի նման, այս անգամ էլ հայտը բավարարվեց մասնակի, մասնակի բավարարվեց նաեւ «Հայջրմուղկոյուղու» առաջարկը, նրանք առաջարկել էին 183 դրամ: Հայտ ներկայացնող ընկերությունները, որպես կանոն, հաշվի են առնում այս հանգամանքը եւ հենց սկզբից ներկայացնում են մի փոքր ուռճացրած թիվ, որպեսզի վերջում ստանան իրենց ցանկացած արդյունքը: Նոր սակագինը կկիրառվի մայիսի մեկից:
Համաշխարհային բանկը Երեւանի ջրամատակարարման ոլորտը բարելավելու համր ԵՋԿ-ին առաջիկայում կտրամադրի եւս 20 մլն դոլարի վարկ: Ծրագիրն իրականացնելու համար նորից մրցույթ կհայտարարվի: Ի դեպ, Երեւանի «Ջրմուղ-կոյուղին» կառավարող իտալական «Էյ Յութիլիթի» ընկերության պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա մայիսին: Համայնքների ղեկավարման գրասենյակից (ԾԻԳ) մեզ տեղեկացրին, որ հաջորդ մրցույթին մասնակցելու համար հետաքրքրության հայտ են ներկայացրել միջազգային 7 փորձառու կազմակերպություններ Անգլիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից: Արդյո՞ք «Էյ Յութիլիթին» նորից կմասնակցի մրցույթին. չպատասխանեցին ո՛չ ընկերության գրասենյակից, ո՛չ էլ ԾԻԳ-ից: Բայց Հռոմի «ԱՉԷԱ» ջրամատակարար ընկերությունը, որի ներկայացուցիչն է «Էյ Յութիլիթին», հաստատ մասնակցելու է: Առայժմ հայտնի չէ, թե «ԱՉԷԱ»-ն «Էյ Յութիլիթի՞ն», թե՞ մեկ այլ ընկերություն է ներկայացնելու:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ պարբերաբար թանկանում են այն ապրանքների կամ ծառայությունների գները, որոնց որակը պարբերաբար բարձրանում է: Իսկ Երեւանի ջրամատակարարման որակը այս հինգ տարիներին, 35 մլն դոլար ծախսելուց հետո էլ, դժվար է ասել, թե բարելավվել է: Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով շուրջօրյա ջրամատակարարում ունի Երեւանի բնակչության 70%-ը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ունի իր թիվը՝ 53%: Այս թվի հետ համաձայն չէր «Էյ Յութիլիթի» ընկերության կառավարիչ Ռիչարդ Վոլքլինգը: Իսկ Ջրպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը բնականաբար դժգոհեց նոր սահմանված 125 դրամից։ Ինչեւէ, Երեւանի ջրամատակարարումը դժվար թե բարելավվի նաեւ հաջորդ 20 միլիոնի դեպքում: Ոչ վաղ անցյալում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանն ասում էր, թե համակարգը լիովին վերականգնելու համար անհրաժեշտ է մոտ 450 մլն դոլար, գրեթե մեր բյուջեին հավասար գումար: Իսկ այդ 35 կամ 20 մլն դոլար գումարները կլուծեն որոշ հրատապ խնդիրները, իհարկե, եթե նպատակային օգտագործվեն:
Համաշխարհային բանկի 35 մլն դոլար վարկի ոչ նպատակային օգտագործման մասին գարնանը բավական բուռն աղմկեց ԱԺ Վարկերի եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը ծավալուն զեկույցով ներկայացրեց «Էյ Յութիլիթիի» կողմից թույլ տրված բազմաթիվ թերացումներ եւ չարաշահումներ, որի առաջ աչք էին փակել կառավարության համապատասխան մարմինները: Պարոն Հովհաննիսյանը խոստացավ լինել հետեւողական ու լռեց բավական երկար՝ մինչեւ հիմա:
Այնուամենայնիվ, իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունը շուտով կավարտի իր 5 տարվա ջրային «արկածները» Երեւանում, եւ նրան կփոխարինի նոր «ընտրյալը», որին այս անգամ մեր կառավարությունը որոշել է անվանել ոչ թե կառավարիչ, այլ վարձակալ: Տարբերությունը մեծ է: Համայնքների կառավարման գրասենյակից բացատրեցին, որ հավատարմագրային կառավարման սկզբունքով ներգրավված մասնավոր օպերատորն իր ֆունկցիաների իրականացման դիմաց ստանում է համապատասխան վարձատրություն (որը պայմանագրում ամրագրված է լինում), սակայն չի կրում գործունեության առեւտրային ռիսկը: Ի տարբերություն ներկայացված մոդելի, վարձակալության սկզբունքով ներգրավված մասնավոր ընկերությունը (վարձակալը) ըստ ԾԻԳ-ի` պետք է կրի համակարգի գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը, վճարի ՀԲ նախորդ 30 մլն վարկի սպասարկման գումարները՝ միաժամանակ ՀՀ կառավարությունից վարձատրություն չստանալով, համակարգի շահագործման իր ժամկետի ընթացքում ապահովի ջրի որակը, անընդհատությունը:
Վարձակալության, ինչպես նաեւ` հավատարմագրային կառավարման մոդելները կազմակերպությունների ապապետականացման փորձված եւ կիրառելի ձեւերից են: Ուղղակի այս դեպքում արդեն սեփականատերը պետք է իր համար շահավետ պայմանագիր կնքի եւ իրականացնողի նկատմամբ կիրառի ճիշտ վերահսկողություն: Իհարկե, մեր կառավարությունը կերազեր, որ «ԱրմենՏելի», «Զվարթնոց» օդանավակայանի օրինակով կառավարիչը կամ վարձակալը ներդնի սեփական, ոչ թե վարկային գումարները: Ուղղակի այս դեպքում ջրային համակարգն, ի տարբերություն նշված ոլորտների, ավելի մեծ ներդրում է պահանջում եւ ավելի շատ ռիսկային ոլորտ է: Ու դժվար է գտնել միջազգային մի ընկերություն, որը կցանկանա Հայաստանում շահույթ ստանալ այդքան մեծ ներդրումներ կատարելու պայմանով: Ինչեւէ, թե հաջորդ վարձակալի հետ ինչ կարգի պայմանագիր կկնքի ՀՀ կառավարությունը, շուտով մեզ համար պարզ կլինի: Իսկ մինչ այդ ԾԻԳ-ը ներկայացրեց «Էյ Յութիլիթիի» 5 տարվա աշխատանքի մոտավոր արդյունքը: Հիմնական ձեռքբերումը ջրաչափման համակարգի ներդրումն է, որին էլ հետեւեց ջրի խնայողությունը, ընդլայնվեց բաժանորդների բազան՝ 260.000 սպառողից հասավ 312.000-ի, ավելացավ նաեւ վարձավճարների հավաքագրումը, 30%-ով կրճատվեց էլէկտրաէներգիայի ծախսը, բայց ջրի կորուստը մնաց անփոփոխ՝ մոտ 80%: Հենց այս կորուստների համար էլ թանկ է վճարում ժողովուրդը:
Պայմանագրի ավարտին «Էյ Յութիլիթին» պետք է ներկայացնի ընդհանուր հաշվետվություն, տվյալ դեպքում` աուդիտ, որը հավանաբար այս անգամ էլ կիրականացնի դանիական, այսպես ասած, անկախ աուդիտորական «Ռամբոլ» ընկերությունը: Այս նույն «Ռամբոլն» իր անցած աուդիտի ընթացքում, անկախ ամեն ինչից, դրական գնահատեց ընկերության աշխատանքը: Ամենայն հավանականությամբ, դրական կգնահատի նաեւ վերջում, որն էլ կարող է նոր վարձակալի համար վստահության հիմք հանդիսանալ: Իսկ չվստահելու դեպքում, նոր վարձակալն իրավունք ունի անցկացնել իր աուդիտը… ու հանկարծ կարող է պարզվել, որ «Էյ Յութիլիթին» փողերը ծախսել է եւ գործ չի արել: Բայց այդպիսի դեպք մեր իրականության մեջ չի պատահում, պատահելու դեպքում էլ անաղմուկ փակվում է: Այնպես որ, Գագիկ Մարտիրոսյանի հաշվարկած 450 մլն դոլարը ծախսելուց հետո էլ կարող է պարզվել, որ Երեւանը չունի ջրամատակարարման բավարար համակարգ: