Մեր գործիչները քաղաքականապես հասուն են, բայց չունեն երկար ոտքեր

24/10/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հատկապես նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչները պետք է հաշվի առնեն, որ ընտրողների զգալի մասը երիտասարդ օրիորդներ են, որոնց համար նախապատվելի թեկնածուն պետք է ունենա ոչ միայն (կամ ոչ այնքան) լուրջ գաղափարներ ու ծրագրեր, այլեւ՝ գոնե տանելի արտաքին, գեղեցիկ կառուցվածք, ճաշակով հագուստ եւ… Մնացածը գլխի ընկնելը դժվար չէ: Ժամանակակից երիտասարդության համար այսօր լուրջ հեղինակություն է երգչուհի Անի Թովմասյանը (Շպռօտ), որի կարծիքն ու տեսակետները հնարավորություն կտան պատկերացնել` ում ընտրազանգվածն են երիտասարդ կանայք:

– Անի, հետեւո՞ւմ եք մեր երկրի քաղաքական կյանքին:

– Այո, հեռուստատեսությամբ հետաքրքրությամբ լսում եմ լուրերը:

– Սակայն դա նշանակում է, որ այնքան էլ տեղեկացված չեք, քանի որ հեռուստաընկերությունները հիմնականում մատուցում են ռաֆինացված, զտված նյութեր, եւ հեռուստատեսությամբ դու չես լսի, որ ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաք անել, կամ, որ այսինչ օլիգարխի թիկնապահները ջարդուփշուր են արել այսինչ քաղաքական գործչին ու մնացել են անպատիժ:

– Հեռուստատեսությամբ չեմ լսում: Լսում եմ այլ տեղերից: Կողքից լսելով՝ գիտեմ, որ մեզ մոտ այնքան էլ կարգին իրավիճակ չի քաղաքում, բայց ես քանի որ լավատես անձնավորություն եմ, հավատում եմ, որ մեզ մոտ անցումային շրջան է, ու անպայման կանցնի էն, ինչ որ անարդար է: Որ անկեղծ լինեմ, երեւի թե ինձ այնքան էլ պաշտպանված չեմ զգում մեր քաղաքում, եւ հույսս ավելի շատ իմ ուժերի վրա է՝ քան պետության: Հուսամ, ինձ հետ նման դեպք չի պատահի, որ ինչ-որ մեկի թիկնապահն ինձ ծեծի: Բայց երբ լսում եմ էդպիսի լուրեր, շատ ցավում եմ, որ երիտասարդներ են զոհվում: Էս վերջերս եղան դեպքեր, երբ կռիվների ժամանակ երիտասարդներ զոհվեցին: Շատ ցավում եմ, որ հայը հային է սպանում: Գիտեք, եթե մարդն իր հոգում չունենա պատերազմ, ինքը չի սկսի կռվել ուրիշի հետ: Այսինքն` երբ մարդն ինքն իր հետ խաղաղ չէ, ձեռք է բերում անլիարժեքության կոմպլեքս, ուզում է փակել այդ կոմպլեքսները` սրա-նրա մռութը ջարդելով:

– Անցան խորհրդարանական ընտրությունները, առջեւում նախագահական ընտրություններն են: Գիտե՞ք, թե ովքեր են մեր երկրում նախագահի պաշտոնի հավակնորդները:

– Տեղյակ եմ, որ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը պետք է դնեն շատ գործիչներ: Կոնկրետ չեմ որոշել, թե ում կընտրեմ:

Վերջերս եմ մասնակցել Հանրապետական կուսակցության նախընտրական ընտրարշավին: Իմ պապան զոհված ազատամարտիկ է, ինքը եղել է հենց հանրապետական: Ճիշտն ասած, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ինձ վարձատրեցին, եւ ես գնացի այդ համերգներին:

– Եթե ավելի բարձր հոնորարով առաջարկեր իրենց նախընտրական քարոզարշավին մասնակցել, ասենք, ՀՀՇ-ն, կգնայի՞ք:

– Գիտե՞ք, ես բոլորի կողմից էլ կգնայի, կերգեի, որովհետեւ ես երգում եմ ժողովրդի համար: Ինձ համար կապ չունի` ո՞ր կուսակցությունն է պատվիրում: Ուղղակի ես ուրախ էի, որ հենց այդ կուսակցությունն էր, քանի որ իմ հայրը եղել է էդտեղից: Նրանց գաղափարախոսությանն այդքան էլ ծանոթ չեմ, ոչ ոքի գաղափարախոսությանն էլ ծանոթ չեմ: Ես արտիստ եմ, ինձ մնում է ուրախացնել ժողովրդին:

– Հետաքրքիր է, ինչո՞ւ են մեր բոլոր երգիչները համերաշխորեն մասնակցում հենց Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավին: Իրո՞ք խնդիրը միայն առաջարկած բարձր հոնորարն է:

– Ասեմ, որ այդ վարձատրությունը եղել է իմ կյանքի ամենամեծ վարձատրությունը` գումարի տեսքով: Ուրախ եմ, որ արտիստի կյանքում լինում են նմանատիպ վիճակներ, որ կարողանում ես արտիստին վայել գումար ստանալ: Ճիշտ է, չարչարվեցինք, բայց լավ է, երբ քեզ գնահատված ես զգում:

– Այսօր ՀՀ նախագահի հավանական թեկնածուներից են Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, հնարավոր է` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մի խոսքով, շատ են նրանք: Կա՞ մեկը, ում, այնուամենայնիվ, համակրում եք:

– Ճիշտն ասած, երեւի թե դեռ պատրաստ չեմ ձայնս որեւէ մեկին տալ: Ինձ շատ հարմար է ներկայիս պրեզիդենտը: Ես գոհ եմ մեր այս պրեզիդենտից: Ես հավատում եմ, որ անպայման լավ կլինի: Ձեր նշած թեկնածուներից կոնկրետ հիմա ոչ մեկի անունը չեմ կարող տալ, բայց եթե հավատամ ասեկոսեներին, հաջորդ մեր նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը…

– Իսկ ունե՞ք նախընտրած թեկնածուի ձեր մոդելը: Ինչպիսի՞ն պիտի լինի այն երկրի նախագահը, ուր դուք եք ապրում:

– Կուզեի լիներ երիտասարդ, հաճելի արտաքինով, ըըը՜…

– Բարձրահասակ, ուժերի ծաղկման շրջանո՞ւմ:

– Այո՛… Եվ փոքրամասնություններին հարգող մարդ:

– Ազգայի՞ն, թե՞ սեռական փոքրամասնությունների մասին է խոսքը:

– Թե՛ ազգային, թե՛ սեռական: Որտեղ կա փոքրամասնություն, որտեղ կա քիչ ուժ, ես միշտ նրանց կողմից եմ:

– Ձեր նկարագրած արտաքինով նախագահի հավակնորդ քաղաքական դաշտում կարծես չկա: Ձեզ բարդ ընտրություն է սպասում:

– Անկեղծ ասեմ, չկա՛ այնպիսի հայ քաղաքական գործիչ, որն ինձ ֆիզիկապես դուր գա, հաճելի լինի: Նրանք հիմնականում տարիքն առած են, նրանց աչքերի տակ ինչ-որ այտուցներ են: Ցանկանում եմ, որ նրանք լինեն սպորտային կազմվածքով, հետաքրքիր արտաքինով, ինչպես մեր ներկայիս նախագահը, որին շատ եմ նմանեցնում Ռոբերտ դե Նիրոյին:

– Քաղաքական գործիչների արտաքինը գուցե թե այնքան էլ ակնահաճո չէ, սակայն դա չի կարող նրանց հետ չշփվելու լուրջ պատճառ դառնալ, քանի որ ունեն մեկ այլ առավելություն` ունեն փող, եւ մեր երգիչ-երգչուհիները դեմ չեն լինում նրանց զավակների հարսանիքներին, քեֆերին երգել, պարել: Ինքներդ երգո՞ւմ եք:

– Ես շատ նորմալ եմ ընդունում ձեր ասածը: Մենք, ի վերջո, աշխատում ենք ժողովրդի համար: Իսկ եթե կա մի միջոցառում, ուր ցանկություն են հայտնում, որ ես երգեմ, սիրով գնում եմ: Չնայած շատ չի լինում: Իմ ոճը հարսանիքներին երգելու համար այնքան էլ հարմար չէ: Այնտեղ ընդունված է զուռնա-դհոլը:

– Բայց Հայկոն, Շուշան Պետրոսյանը զուռնա-դհոլով չեն երգում, սակայն հրավիրվում են:

– Չգիտեմ՝ ի՞նչն է պատճառը: Մի մոռացեք, որ նրանք, ամեն դեպքում, ՀՀ Վաստակավոր արտիստներ են:

– Չե՞ք կարծում, որ եթե այս տեմպով շարունակվի, գուցե ձեզ էլ շուտով բախտ վիճակվի դառնալ ՀՀ վաստակավոր արտիստուհի:

– Եթե արժանի գտնեն, սիրով կընդունեմ: Բայց ինձ երեւի ավելի հարմար կլինի ոչ թե Վաստակավոր արտիստի տիտղոսը, այլ Ժողովրդական արտիստի, քանի որ առայժմ մեծ վաստակ չունեմ:

– Պատկերացրեք, որ դուք մի միջավայրում եք, ուր մի շատ հետաքրքիր տղամարդ գրավում է ձեր ուշադրությունը: Եվ նրա հետ փորձում եք զրուցել, ու նա հանկարծ հարցնում է. «Սիրելի՛ Անի, օրինակ` Դոստոեւսկու կամ Պաստեռնակի ո՞ր գործն ես հատկապես սիրում»: Կարո՞ղ եք պատասխանել:

– Ինչ վերաբերում է՝ Պաստեռնակ կամ Դոստոեւսկի կարդացե՞լ եմ, թե՞ ոչ, կոնկրետ նրանց չեմ կարդացել, բայց կարդացել եմ այլ շատ հեղինակների: Հիմա շատ սիրում եմ կարդալ Պաոլո Կոելյոյի եւ Ռիչարդ Բախի աշխատանքներից: Վերջերս ռուսերեն եմ կարդում: Ավելի սիրում եմ ժամանակակից գրականություն: Ես բացարձակ չեմ նեղվել, որ Դոստոեւսկի դեռ չեմ կարդացել կամ դեռ չեմ հասցրել կարդալ: Գուցե կանցնի մեկ ամիս, եւ ես անպայման կկարդամ: Իմ ձեռքի տակ անպայման պետք է լինի գիրք. ես առանց գրքի կյանք չունեմ: Նույնիսկ` երկու գիրք. ես միաժամանակ եմ կարդում: Ես երբեք չեմ կոմպլեքսավորվի, եթե նշված տղամարդը խոսի, ասենք, Դոստոեւսկուց: Այդ ժամանակ ես առանց ամաչելու կհարցնեմ` կասե՞ս՝ ինչ նկատի ունի Դոստոեւսկին այս գործում…