Շահել են խաղողի այգի ունեցողները

24/10/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Այս տարի գյուղատնտեսական բերքն առատ է, եւ թվում է` գյուղացին այլեւս դժգոհելու պատճառ չունի: Պոմիդորի, սմբուկի, խաղողի մթերումներն արդեն գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները, եւ մթերող գործարանները պատրաստ են ընդունել մինչեւ վերջին պտուղ-բանջարեղենը:

Ըստ Գյուղնախարարության Ագրովերամշակման վարչության պետ Միքայել Գրիգորյանի, բանջարեղենի մթերման սեզոնն ավարտված է համարվում, եւ որեւէ գործարան չի հրաժարվել գյուղացու առաջարկած ապրանքից: Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները մի փոքր սրբագրեցին պետական պաշտոնյայի ասածը: «Ճիշտ է, մեր ապրանքը վերցրել են եւ ժամանակին էլ վճարել են, սակայն Արարատի պահածոների գործարանը խոստացել էր պոմիդորի 1կգ-ի համար վճարել 25 դրամ, մինչդեռ մեզ 20 դրամ տվեցին: Ասացին՝ պոմիդորն այնքան էլ որակյալ չէ: Իսկ ո՞վ է տոմատի մածուկի համար որակյալ ապրանք հանձնում»,- ասում են մարդիկ: Հետաքրքիր է, որ ոչ բոլորի համար է տարին բարենպաստ համարվում: Մայրաքաղաքի շուկայում առեւտուր անող քաղցրաշենցի Գագիկը խիստ դժգոհ է իր ստացած եկամուտներից: «Ես իմ հիմնական եկամուտները ստանում եմ ծիրանի այգիներից: Այս տարի էլ տեսաք, որ ծիրանի բերք չկար, ծառերը ցրտահարվեցին: Մի փոքր հողակտորի վրա պոմիդոր եւ սմբուկ էի ցանել: Պոմիդորի իրացումից շատ դժգոհ եմ, հազիվ իր ծախսերն է փակել: Մյուս տարի միայն սմբուկ եմ ցանելու. եւ՛ գինն է բարձր, եւ՛ ուշ է փչանում: Այս տարի շահել են նրանք, ովքեր խաղողի այգիներ են ունեցել: Ես խաղող շատ չունեմ, 700կգ (1կգ-ն՝ 130 դրամ) խաղող եմ մթերել եւ 97 հազար դրամ եմ ստացել»,- ասում է Գագիկը: ՀՀ Գյուղնախարարության տվյալներով՝ մթերվել է մոտ 138 հազար տոննա խաղող, նախորդ տարվա 106 հազարի համեմատ: «Շատ հազվադեպ է լինում, որ 44 ընկերություն խաղող մթերեն, ինչպես այս տարի: Տավուշի մարզում բավականին բերքի ավելցուկ կա, արդեն 6400 տոննա խաղող են մթերել գործարանները, որը նախորդ տարիներին չի գերազանցել 5400 տոննան: Մթերողներից Մասիսի գործարանը 10 դրամով բարձրացրել է խաղողի մթերման գինը եւ տավուշցիներն իրենց բերքը գերադասում են Մասիսի գործարանին հանձնել»,- ասում է Ագրովերամշակման վարչության պետ Միքայել Գրիգորյանը: Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ Երվանդը բավականին մեծ խաղողի այգի ունի եւ չի թաքցնում, որ իր գործերն այնքան էլ վատ չեն: «Մեկ հեկտար տարածքից, լավ մշակելու դեպքում, 30-33 տոննա խաղող ենք ստանում: Իրացման գներն էլ բավականին հարմար են, 130-148 դրամ են տալիս գործարանները տարբեր սորտի խաղողի համար: Ճիշտ է, բավականին թանկ են նստում թունաքիմիկատներն ու բանվորական ուժը, սակայն զգալի եկամուտ է մնում: Արարատյան դաշտավայրում խաղող աճեցնողները միշտ էլ շահել են: Այգու ռիսկը մեծ է, կարող է ցրտահարվել, իսկ խաղողն ապահով է, քանի որ ձմռանը հողի տակ է լինում»,- ասում է մեր զրուցակիցը: Իսկ ինչո՞ւ բոլորն էլ չեն զբաղվում խաղողագործությամբ` մեր այս հարցի մասին գյուղացիները վաղուց են մտածել: Այստեղ ամենահիմնավոր խոչընդոտը հողերի պակասությունն է: Մարդիկ ժամանակին այգի են տնկել եւ այսօր կանգնել են փաստի առաջ, ոմանք անգամ մտադիր են հատել այգին եւ փոխարենը խաղողի որթեր տնկել: Արարատի մարզում խաղողի բերքատու այգիներ են վաճառվում. կես հեկտարի վրա տնկված այգին վաճառվում է 5000 դոլարով: Պարզ է, որ գյուղացիների համար խաղողի այգի ունենալը թանկ հաճույք է համարվում: Թվում է, թե մարդն ինքն է որոշում, թե ինչ պետք է տնկի ու մշակի իր սեփական հողում: Սակայն նման ծրագրերում պետությունը կարող է անմասն չմնալ: Գյուղացուն կարելի է հուշել, օրինակ, թե որ բուսատեսակները հեռանկար ունեն: Այդպես է նաեւ ծիրանի պարագայում. արդեն մի քանի տարի է՝ ցրտահարվում են ծիրանի ծառերը: Գյուղնախարարությունը կարող էր ելքեր առաջարկել. ասենք՝ տնկել ավելի ցրտադիմացկուն սորտեր կամ էլ զբաղվել այնպիսի «արտադրությամբ», որոնք գյուղացուն որոշակի եկամուտ են ապահովում: