Մարկո Գրիգորյանը հրաշալի նկարիչ էր, խոշոր երեւույթ հայ եւ համաշխարհային մշակույթի մեջ, որին այդպես էլ ըստ արժանվույն չգնահատեց հայ ինտելեկտուալ հասարակությունը: Եվ բանը նրանում չէ, որ հայ ինտելեկտուալ միտքը կույր է, կամ, որ ավելի վատ է` անկիրթ, այլ այն, որ Մարկո Գրիգորյանը ոչ մի կերպ չէր տեղավորվում դինամիկ զարգացող հայ կերպարվեստի ընդհանուր համատեքստի մեջ: Նա իր հետաքրքիր գեղագիտական եւ փիլիսոփայական մտքերով ու գաղափարներով մի կողմ էր կանգնած հայ գեղարվեստական մտքի զարգացման հիմնական ուղիներից: Իմ անձնական հանդիպումներն ու զրույցները, նրա մշտապես ճանաչելի գեղարվեստական գործերը խոսում են այն մասին, որ նա գտնվում էր երկրագնդի՝ որպես կարեւորագույն առեղծվածի վրա կյանքի իմաստավորման գլխավոր ճանապարհին: Մեծ գեղագետ եւ իր արարքներում չափազանց համառ՝ Մարկոն խորապես տանջվում էր, որ կտրված է Հայաստանից՝ իր մայր հայրենիքից: Միգուցե այդ պատճառով, միգուցե՝ որովհետեւ Հայաստանը բաժան-բաժան էր արված եւ նվաստացված, բայց այդ փաստը Մարկոյի ստեղծագործության հիմնական լեյտմոտիվն էր դարձրել խանձված հողը՝ որպես ամենայն գոյի ու արդարության խորհրդանիշ:
20-րդ դարի մշակույթի պատմության մեջ Մարկոն ամենաանպաշտպան նկարիչներից մեկն է՝ իր «մաքուր» մտքերով ու մտադրություններով: Մարկո Գրիգորյանը ծնվել է Իրանում, կրթություն է ստացել Իտալիայում, ապա ապրել եւ ստեղծագործել է ԱՄՆ-ում՝ փառահեղ այն հաջողությունից հետո, երբ մարդասեր ու միլիարդատեր Ռոկֆելլերը Թեհրանում նրանից մի քանի նկար է գնում իր հայտնի հավաքածուի համար: Հիմա այս հոդվածում տեղին չէ գրել այն մասին, թե որտեղ է ապրել ու ստեղծագործել վարպետը: Այստեղ ես ուզում եմ անդրադառնալ ազգային կյանքի ամենակարեւոր խնդիրներից մեկին: Ի վերջո, մենք գնահատելո՞ւ ենք նրանց, ովքեր իսկապես արժանի են գնահատանքի: Մենք գնահատելո՞ւ ենք նրանց, ովքեր անպաշտպան են մեր անկրթության ու ցինիզմի դեմ, ովքեր սիրում են հայ ժողովրդին, Հայաստանը: Այդպիսին էր եւ Մարկո Գրիգորյանը՝ հայ մշակույթի ամենատաղանդավոր նկարիչներից մեկը եւ, միաժամանակ, իրանական մշակույթի նուրբ գիտակը, Իրանի կիրառական արվեստն առաջինը բացահայտողներից մեկը: Նա իրանական արվեստի իր հավաքածուն բերեց Երեւան՝ իբրեւ նվեր Հայաստանին: Անկախ Հայաստանի իշխանություններից նա պաշտոնապես հավանություն էր ստացել, բայց ամեն անգամ հուսախաբվում էր՝ բախվելով անկրթության ու լկտիության: Երբ ես Հայաստանի վարչապետի խորհրդականն էի, ցանկանում էի օգնել նրան: Ես շնորհակալ եմ այն ժամանակվա վարչապետ Արմեն Դարբինյանին, որն անձամբ եկավ Մարկոյի հավաքածուն դիտելու եւ օգնելու վարպետին: Սակայն Արմեն Դարբինյանը ժամանակի սղության պատճառով չհասցրեց, ու նրա մտադրությունը մնաց լոկ որպես բարի ցանկություն:
Եվ այսպես, Մարկոն իրանական արվեստի իր հավաքածուն եւ իր նկարները ԱՄՆ-ից տեղափոխեց Երեւան միմիայն մի նպատակով՝ լիարժեք կյանքով ապրել իր հայրենիքում, իր ժողովրդի հետ: Այս բոլոր տարիներին (ավելի քան 10 տարի) Մարկոն այդպես էլ աջակցություն չգտավ պետության կողմից, որը նրան խոստացել էր հատկացնել եթե ոչ մի ամբողջ շենք, գոնե մի մաս այն շենքում, որն, ըստ Մարկոյի մտահղացման՝ պետք է դառնար Արեւելքի արվեստի թանգարան: Նա ինձ անձամբ է ասել, որ եթե այդ նախագիծն իրագործվի, շատ հայ հավաքորդներ, հատկապես՝ ամերիկահայերը, կհետեւեն իր օրինակին, եւ Արեւելքի արվեստի թանգարանը կդառնա աշխարհում լավագույններից մեկը: Նախագծի իրականացման համար Մարկոն բոլոր հավաքորդներին (կոլեկցիոներներ) ու արվեստի սիրահարներին միավորել էր Արվեստի բարեկամների ակումբում: Նա համառորեն ձգտում էր հասնել իր նպատակին եւ այլեւս այնքան ռոմանտիկ չէր, ինչպես Հայաստան տեղափոխվելու առաջին ամիսներին: Ինչպիսի՜ հեռանկարներ կբացվեին նկարիչների, գրականագետների, հավաքորդների համար, այդ թվում՝ եւ նրանց համար, ովքեր այսօր առանց հասկանալու գումարներ են ծախսում հավաքածուներ ստեղծելու վրա՝ իբրեւ կապիտալի լավ ներդրումգ Սակայն լավ գործերի փոխարեն՝ այսօր ունենք քրեական սյուժե՝ Մարկո Գրիգորյանի սպանությունը: Այնինչ, եթե նա այդքան սիրահարված չլիներ իր հայրենիքին, իր ժողովրդին, հիմա հանգիստ կարող էր ստեղծագործել Նյու Յորքի իր արվեստանոցում: Ինձ ապշեցնում է մեր բոլորիս անտարբերությունը: Ուրիշ ոչինչ: Չէ՞ որ մենք մարդ ենք եւ պետք է պահպանենք մեր մարդկային կերպարանքը: Հո չի՞ կարող մեր սերունդը պատմության գիրկն անցնել այսպիսի խայտառակ գործերով ու նողկալի դեմքով:
Մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը, եւ թող այդ րոպեին մենք գոնե մի րոպե զղջում ապրենք: