Վիկ Դարչինյանը լավագույնն է

24/10/2007

Շաբաթ երեկոյան Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ` նվաճելով IBO վարկածով առաջին թեթեւ քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ՝ IBF վարկածով Asian Pacific-ի (Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան գոտու) չեմպիոնի կոչումը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վախթանգ Դարչինյանը նշել է, որ գոհ է մենամարտից. «Կարծում եմ` լավ մենամարտ ստացվեց: Մրցակիցս ուժեղ էր եւ արժանի չեմպիոնական մենամարտ անցկացնելու: Չէի ցանկանում շտապել եւ կրկնել նախորդ մենամարտի սխալները»,- ասել է բռնցքամարտիկը: Վախթանգը նշել է նաեւ, որ ամբողջ մենամարտի ընթացքում զգացել է հազարավոր երկրպագուների աջակցությունը: Առաջին անգամ նրան «երկրպագում էր» որդին, ով արդեն 3 ամսական է: Մարզադահլիճում է եղել նաեւ անվանի ծանրորդ Յուրի Սարգսյանը: IBF վարկածով Asian Pacific-ի չեմպիոնի կոչումը Վիկին թույլ է տալիս ձեռնոց նետել նույն վարկածով աշխարհի չեմպիոնին: Չի բացառվում, որ Դարչինյանի հաջորդ մրցակիցը դառնա աշխարհի չեմպիոն Դմիտրի Կիրիլովը: Վիկ Դարչինյանն ասել է, որ իր նպատակն է ռեւանշ-մենամարտ անցկացնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, ում ամիսներ առաջ պարտվեց եւ կորցրեց IBO եւ IBF վարկածներով թեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտիները: Նա պատրաստ է եւս մեկ անգամ փոխել քաշային կարգը` միայն թե կրկին հանդիպի Դոներին: Պրոֆեսիոնալ ռինգում Վ. Դարչինյանն անցկացրել է 30 մենամարտ, տոնել է 29 հաղթանակ, որոնցից 23-ը` նոկաուտով: Հաջորդ անգամ, ամենայն հավանականությամբ, նա ռինգ դուրս կգա դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում` փորձելով եւս մեկ չեմպիոնական գոտի նվաճել: