Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը երեկ կայացած ասուլիսում կարծիք է հայտնել նաեւ ՀՀ նախագահական ընտրությունների, մասնավորապես` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին: «Այո, ծանոթ եղել եմ նրա հետ, բայց դա ջերմ ծանոթություն չէր: Այն, որ ունեմ ներկայիս նախագահի հետ, լրիվ այլ է: Այո, ես հանդիպել եմ նրա հետ եւ այլն, բայց մեր շատ հայացքներ այն ժամանակ չէին համընկնում, թվարկելը երկար ժամանակ կտեւի: Լսել եմ, որ պատրաստվում է առաջադրվել, չնայած չեմ հասկանում, թե ինչ ուժեր են նրա թիկունքին կանգնած: Նախագահ դառնալու համար շատ լուրջ կուսակցական, հասարակական ուժեր պետք է ունենալ: Այսօր հետաքրքրվել եմ՝ որքա՞ն ձայն ուներ այլ ընտրություններում ՀՀՇ-ն, դե՛, մեկ տոկոս: Դա արդեն լուրջ չէ»,- ասել է Ռիժկովը, որը թերեւս ավելի լավ կաներ՝ լռեր եւ չխառնվեր անկախ պետության ներքին քաղաքական հարցերին: Չնայած այն նախագահը, որի հետ Ռիժկովը «լրիվ այլ» հարաբերություններ ունի, Հայաստանը վերածել է Ռուսաստանի ֆորպոստի, եւ հենց այդպես էլ ռուսական չինովնիկը վերաբերվում է Հայաստանին: