Ամեն անգամ, երբ միջազգային կազմակերպություններն աշխարհում մամուլի ազատությանը վերաբերող զեկույցներում Հայաստանը դասում են «ոչ ազատ» երկրների շարքին, մեր իշխանություններն անմիջապես նշում են, թե համաձայն չեն դրա հետ, եւ կույր պետք է լինել՝ արձանագրված «առաջընթացը» չտեսնելու համար:
Իսկ մեր երկրում ԶԼՄ-ների վիճակը սկսեց գնահատվել «ոչ ազատ», երբ 2002-ին՝ նախագահի ընտրությունից մոտ մեկ տարի առաջ եթերազրկվեցին «Ա1+» ու «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները: Թերեւս վստահաբար կարելի է պնդել, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ ՀՀ-ն ազատ խոսքի ճնշմանը միտված քայլերով արդեն հերթական անգամ «վաստակել է» «ոչ ազատ» երկրների ցանկում հայտնվելու իրավունքը: Նախ՝ ամռանն էապես սահմանափակվեց իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող էլեկտրոնային միակ լրատվամիջոցի՝ «Ազատություն» ռ/կ-ի սփռման տիրույթը, իսկ հիմա էլ՝ սեւ ամպեր են կուտակվել բոլոր մամուլի ակումբների գլխին, որոնցում տեղի ունեցող բոլոր ասուլիսներն, արդեն մոտ մեկ շաբաթ է, անցնում են գրեթե առանց հեռուստաընկերությունների ներկայացուցիչների (բացառություն է միայն դաշնակցական «Երկիր մեդիան»): Ըստ շրջանառվող լուրերի, հեռուստաընկերությունները համապատասխան հրահանգ են ստացել նախագահական նստավայրից, իսկ հրահանգի նպատակն է՝ կասեցնել տարատեսակ մամուլի ակումբների գործունեությունը: Գուցե նման քայլը տրամաբանական չի թվում, քանզի նախկինում էլ այդ նույն հեռուստաընկերություններն այդ նույն ակումբներում տեղի ունեցած ասուլիսները լուսաբանում էին՝ ինչպես ուզում էին «վերեւներում», սակայն ասում են, թե իշխանություններին դուր չի եկել այն, որ այդ կերպ, կամա թե ակամա, վերջին շրջանում հեռուստատեսությամբ հաճախ է սկսել հնչել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, թեկուզ՝ ոչ դրական լույսի ներքո: Վերը նշվածի կապակցությամբ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ նախագահի թեկնածուի թեկնածու ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը երեկ «Հայելի» ակումբում կարծիք հայտնեց, թե չի կարող ասել, որ ստեղծված իրավիճակն իշխանությունների հրահանգի արդյունք է, սակայն, ըստ նրա, եթե հանկարծ բոլոր հեռուստաընկերությունները սկսեցին նույն կերպ վարվել, նշանակում է, որ «սա կազմակերպված ինչ-որ ակցիա է»: Ա. Ռուստամյանը դատապարտում է այն: «Ես կատեգորիկ դեմ եմ: Ես խորհուրդ կտայի, որ եթե այդպիսի կազմակերպված բան կա, դադարեցնեն այդպիսի բաներ կազմակերպելը: Այնքան բան ունենք կազմակերպելու…»,- նշեց նա: Բանախոսի խոսքերով, եթե տեղի ունեցողը բոյկոտ է, ապա պետք է բացատրվի, թե հատկապես ինչի՞ց են դժգոհ: «Պետք է դիմել հեռուստակայաններին՝ հատ-հատ, եւ ասել, որ՝ դուք լավ բան չեք անում»,- նկատեց նա` հավելելով, որ եթե նման բան է արվում, ապա ի ցույց է դրվում, որ ժողովրդավարության առումով մեր երկրում լուրջ պրոբլեմ կա: Իսկ պրն Ռուստամյանի հետեւյալ խոսքերից էլ թերեւս կարելի է եզրակացնել, որ նա այսքան մտահոգված է ՀՀ-ում խոսքի ազատության ճնշմամբ, ոչ այնքան այն պատճառով, որ դա ընդհանրապես լավ բան չէ, այլ որովհետեւ… «մոնիտորինգի տակ ենք». «Պետք է կանխվեն այդպիսի բաները, որովհետեւ, ի վերջո, մենք ասում ենք, որ մենք մոնիտորինգի տակ ենք, հազար այլ պրոցեսների մեջ է այսօր Հայաստանը մտած, այստեղ ներկա են Եվրամիության բոլոր երկրների դեսպանատները, միջազգային կազմակերպությունները… »: Պատգամավորի դիտարկմամբ՝ ստեղծված վիճակը նշանակում է, որ մենք կտրում ենք այն ժողովրդավարական ճյուղը, որի վրա նստած ենք: «Ես՝ որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցական գործիչ, մեր եղած հնարավորություններով դրա դեմ խոսելու ենք, պայքարելու ենք, ի ցույց ենք դնելու, որ մենք ճիշտ բան չենք անում: Մենք մեր երկրի ժողովրդավարական գործընթացների չկայացածությունն ենք ապացուցում»,- ասում է Ա. Ռուստամյանը: Նա համաձայնեց այն տեսակետի հետ, որ ակումբների գործունեությանը խոչընդոտելն ըստ էության նախագահի՝ իշխանական թեկնածուին «ֆալշ-ստարտի» հնարավորություն է տալիս, քանզի առավոտից երեկո հեռուստաէկրաններին՝ նրանից բացի, ոչ ոք չի երեւում: «Մեր հիմնական խնդիրը՝ հանունի համար պայքարի, տեսնում ենք քաղաքական, գաղափարական, ծրագրային պայքարի առաջացումն այս երկրում: Ուրեմն՝ դե՞մ եք այդ ձեւի բանավեճերի առաջացմանը: Եթե այդպես է, ուրեմն ես արմատական ընդդիմադիր եմ դառնալու այդ պարագայում, որովհետեւ սա հարցերի հարցն է»,- ասում է դեռեւս «կիսաընդդիմադիր» Ա. Ռուստամյանը: Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում հասարակական-քաղաքական հարաբերությունների առումով գործում է ոչ թե օրենքը, Սահմանադրությունը, այլ պայմանավորվածություններն իշխանական այս կամ այն խմբի միջեւ: «Մենք ունենք Սահմանադրական կարգ, որը դե յուրե մի կարգ է, բայց ունենք կարգ՝ հասարակական-քաղաքական, որը դե ֆակտո բոլորովին այլ կարգ է: Այսինքն՝ մենք ունենք Սահմանադրական կարգի դե յուրե եւ դե ֆակտո տարբերություն, շատ մեծ տարբերություն»,- նկատեց նա: Եթե Սահմանադրությունը դե յուրե կա, դե ֆակտո չկա, ինչպես ասում է Ա. Ռուստամյանը, ապա ստացվում է, որ Սահմանադրության երաշխավորը, այսինքն՝ ՀՀ նախագահը, փաստացի չի կատարել իր աշխատանքը: Այդպե՞ս է: «Իհարկե չի կատարել»,- պատասխանեց Ա. Ռուստամյանը, սակայն հետո փորձեց մեղմել իր այս պատասխանը, ասելով, որ եթե Սահմանադրությունը պահպանվեր, այլեւս խնդիր չէր լինի, ամեն բան երաշխավորված կլիներ, եւ այլն: