Չկա թողություն՝ առանց ապաշխարանքի

23/10/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերը «ռոմանտիզմ» էին որակել ձեր առաջարկը, թե` երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել ոչ միայն ընդդիմադիր ուժերի հետ, այլեւ իշխանությունների: Սակայն վերջերս ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չբացառեց, թե առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանը կհանդիպի ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարների հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Արդեն ավանդույթ է դարձել, երբ «ԱՄԿ»-ն այս կամ այն հարցի շուրջ իր տեսակետն է արտահայտում (որն արմատապես տարբերվում է գերիշխող մտայնություններից), բոլորը տարակուսանքով, թերահավատությամբ են մոտենում դրանց: Բարիդրացիական դրսեւորումն էլ այն է, որ մեղադրում են մեզ, մասնավորապես` ինձ, քաղաքական ռոմանտիզմի մեջ: Այո, դեռ 2 ամիս առաջ «Մետելիցայում» ես բարձրաձայնեցի մեր կուսակցության դիրքորոշումը, որ այսօրվա գնալով ահագնացող մարտահրավերները, որոնք արդեն իսկ վտանգում են մեր պետականությունը, ստիպում եւ պարտադրում են քաղաքական ու պատասխանատու ողջամիտ ուժերին համախմբվել, իշխանությունների հետ կլոր սեղանի շուրջ մտքեր փոխանակել` դրանց առաջն առնելու համար: Ես այն ժամանակ իմ գործընկերների կողմից «մեղադրվեցի» քաղաքական ռոմանտիզմի մեջ: Ինչ խոսք, տեղում հակադարձեցի՝ ռոմանտիզմի եւ պրագմատիզմի համատեղումը քաղաքական գործչին մեծ է դարձնում: Իսկ այն իրողությունը, որ ես արդեն 17 տարի է՝ ինչ պետական պաշտոնյա չեմ, «ԱՄԿ»-ն էլ 10 տարեկան է՝ իր ստեղծման օրից լինելով ընդդիմադիր, այսօր էլ շարունակում է մնալ հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը, ինքնին վկայում է, որ մենք նաեւ պրագմատիկ ենք: Սա է փաստը: Չի կարելի լինել ՀՀ նման յուրահատուկ երկրում քաղաքական գործիչ եւ ապավինել միայն ու միայն կարծրացած մոտեցումների: Արտասովոր իրավիճակը, որում հայտնվել ենք, պարտադրում է մեզ ազգովի փնտրել ոչ ստանդարտ լուծումներ, որոնք մեր դարավոր «բարեկամների» համար անակնկալ կդառնան: Իսկ նրանք, համոզված եմ, այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում, որ երկրի քաղաքական ընտրանին բաժան-բաժան եղած լինի՝ չկարողանալով դիմակայել պետության առաջ ծառացած վտանգներին ու փորձություններին: Եվ նրանք դա անում են` փորձելով քաղաքական այս կամ այն գործչին հակադրել իշխանությանը, գովաբանելով՝ մեկին, փնովելով՝ մյուսին: Հիշում եք, թե վերջերս ադրբեջանաթուրքական մամուլն ինչ գովեստի խոսքեր էր շռայլում մեր քաղաքական գործիչներից մեկի հասցեին` կապված ԼՂՀ հիմնահարցին վերջինիս տված գնահատականների հետ: Ուստի, ստեղծված իրավիճակում, այո, ես դրական եմ համարել Լ. Տեր-Պետրոսյան-ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը եւ վերջերս ՀՀՇ առաջնորդի հայտարարությունը, որ չեն բացառվում Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումները ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի ղեկավարների հետ: Բայց նման հանդիպումներն ինքնանպատակ չպետք է լինեն, դրանք հասարակությանը չպետք է զուտ ապատեղեկատվության, մոլորության մեջ գցելու միջոց դառնան, որ` տեսեք, լայնախոհություն է դրսեւորվում, հինը մոռացվել է, նոր էջ է բացվում կուսակցությունների փոխհարաբերությունների մեջ… Այդ հանդիպումները ժողովրդի կողմից ընդունելի կլինեն այն պարագայում, երբ բարձրաձայնվեն հանրապետության առջեւ ծառացած խնդիրները. մասնավորապես այն, որ ՀՀ-ն տնտեսական մրցակցությունում խիստ տանուլ է տալիս Ադրբեջանին, որ վերջինս ռազմաքաղաքական դաշինք է ձեւավորել Թուրքիայի եւ Վրաստանի հետ, որ գնալով ավելի սերտ են դառնում Ադրբեջան-Իրան եւ Թուրքիա-Իրան հարաբերությունները՝ մեզ համար դրանից բխող անցանկալի զարգացումներով: Ցավոք, մարտահրավերների այս շարքը թվարկվածներով չի ավարտվում: Եվ երբ համադրում ես այս ամենը ու հետո անդրադառնում ես մեր ներքաղաքական զարգացումներին, կուսակցությունների որդեգրած գործառույթներին` չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս: Մի պահ պատկերացրեք, թե 2020թ. հեռավորությունից փորձում ենք վերլուծել այն, ինչ տեղի է ունենում այսօր: Կտեսնենք, որ առկա վտանգների առաջն առնելու գերխնդիրը շրջանցվում է կուսակցությունների եւ նրանց լիդերների կողմից, համակողմանի քննարկումների առանցք չի դառնում: Տպավորություն է ստեղծվում, որ միայն մեկ խնդիր է այսօր դրված` սեւացնել կամ սպիտակացնել, արդյունքում՝ է՛լ ավելի բաժանել ազգը. ով Տեր-Պետրոսյանի հետ չի` ազգի դավաճան է, ով Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի հետ չի` նա ուզում է երկիրը տանել ապակայունացման եւ ցնցումների ճանապարհով: Այդպես չի կարելի: Այսօր, առավել քան երբեւէ, պետք է, որ մարդիկ գիտակցեն՝ հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի գալիք սերունդների համար հայաստանյան մերօրյա քաղաքական այրերը կարող է հիշվեն՝ որպես անհեռատես, ազգը վտանգների հորձանուտը նետող անձինք: Մենք չենք ուզում այդպիսին լինել պատմության համար եւ գիտակցաբար հարվածը վերցնում ենք մեզ վրա` ասելով, որ, այո, անպայման պետք է Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան իշխանական թիմը նստի կլոր սեղանի շուրջ նույն Լ.Տեր-Պետրոսյանի, Ա. Գեղամյանի Պ.Հայրիկյանի, Մ.Գասպարյանի Ա.Բաղդասարյանի, Շ.Քոչարյանի եւ այլոց հետ: Նստեն ու որոշեն` որիս դերակատարությունն ինչպիսին է՝ երկրի ճակատագրի համար պատասխանատվության բեռը վերցնելու առումով եւ ոչ թե այս կամ այն պաշտոնը ստանձնելու նպատակով: Խնդիրը պետք է լինի մեկը՝ կոնսոլիդացնել ազգը: Թե չէ, երբ նայում ես թերթերը, բառիս բուն իմաստով, կարող ես խորը հիասթափություն ապրել. մի՞թե ՀՀ այսօրվա ներկա վիճակը, մեր առջեւ ծառացած խնդիրները պետք է արհեստականորեն ճղճիմացնել, վերածել 2 ձեւավորվող բեւեռի հնարավոր հակամարտության, որի նպատակը մի կողմից` կազմաքանդելն է, մյուս կողմից էլ՝ այլակարծությունը վերջնականապես ճնշելն է ու ապացուցելը, որ ուժը եւ զոռբայությունը մեր երկրում ծնում են իրավունք: Այդպես չի լինում: Թող 2 կողմերն էլ՝ ներկա եւ նախորդ իշխանությունները, հստակ հասկանան եւ գիտակցեն, որ եթե նրանք, իսկապես, ուզում են մեր պատմության մեջ դրական հիշվել, ապա, թերեւս, կստեղծվեն դրա նախադրյալները. միայն պետք է գիտակցեն, որ չկա թողություն առանց ապաշխարանքի: 2 կողմերն էլ ապաշխարության կարիք ունեն, կատարած բազում սխալների համար ժողովրդից թողության արժանանալու պահանջ ունեն: Եվ երբ դա գիտակցեն ու սեփական գործունեությունը ծավալեն բարոյականության նման հարթությունում, ապա, հավատացնում եմ, երկրում բարոյաքաղաքական իրավիճակն արմատապես կփոխվի: Մեր ժողովուրդը ներելու անսահման ներքին պահանջ ունի: Միգուցե դա դարերից է գալիս, որ մեզ երբեք չեն ներել անգամ իսկ չգործած մեղքերի համար: Մի՛ գնացեք այս կամ այն կուսակցության դուռը, գնացեք Վարդենիսի շրջանի ամենահեռավոր սահմանամերձ գյուղում մենակ մնացած տատիկի կամ կնոջ դուռը, որի զավակը կամ ամուսինը հարկադրված է եղել գնալ արտագնա աշխատանքի: Գնացեք, ներողություն խնդրեք նրանցից, ասեք, որ պատճառն ու մեղավորը դուք եք, որ իրենց հարազատները ստիպված պանդխտության ցուպը ձեռքներին օտարության մեջ հանապազօրյա հաց են վաստակում:

– Ո՞վ գնա` Տեր-Պետրոսյա՞նը:

– Այո, Տեր-Պետրոսյանը, Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը, այո, եթե ուզում եք իմանալ` նաեւ Ա.Գեղամյանը, ընդդիմադիր մեր մյուս գործընկերները, որովհետեւ մենք էլ չենք կարողացել երկրում իրավիճակն այնպես փոխել, որ պրեզիդենտի հավակնություն ունեցող ցանկացած մեկը՝ լինի ընդդիմադիր թե իշխանական ճամբարից, առաջնորդվի մեկ գաղափարով, այն է, որ՝ դա նրան հնարավորություն է տալիս դառնալու ազգի բարոյական լիդերը, այլ ոչ թե նախագահ ընտրվելով թյուր պատկերացում ունենա, թե ստանձնել է ազգիս տերուտիրականը լինելու դերակատարությունը: Ոչ մեկը չի ուզում ճանապարհ ցույց տալ: Կազմաքանդելով կամ կազմաքանդելուն ավելի բիրտ կերպով ճնշում գործադրելով՝ ժողովրդին հույս չես տա: Հայաստանը կգոյատեւի, պատմության մեջ իր փրկարար քայլը կանի միայն այն պարագայում, երբ յուրաքանչյուր հայ մարդ հասկանա, որ ինքը պահանջված է նախեւառաջ իր երկրի ներսում: Գալով գիտակցության այս հարթության վրա՝ մենք կկարողանանք անցում կատարել սեփական ճակատագրի տառապալից, անկանխատեսելի սպասումներից դեպի սեփական ճակատագիրը տնօրինելուն ուղղված մոլեգին գործողությունների: Եթե չկա դրա գիտակցումը, չկա նոր մոտեցում, որի առանցքը կկազմի մի պարզ ճշմարտության գիտակցումը՝ միաբանված չենք կարող պարտվել, ապա մեր գործադրած ջանքերն ապարդյուն են: Եթե չկան այս խնդիրների ձեւակերպումն անող ճարտարապետները կամ էլ քաղաքական դաշտից օտարված են նորի եւ հեռանկարայինի զգացում ունեցող գործիչները, դրանք կյանքի կոչելու մտավոր կարողություն ունեցող անհատները, փոխարենը կա միայն եւ միայն բամբասանքի վրա խարսխված քաղաքական գործիչների հանրություն, որը գերնպատակ է դրել լավ երեւալ ժողովրդի աչքին այս վայրկյանին` թքած ունենալով հեռանկարի վրա, ապա երկիրը դատապարտված է: Այդպես չպետք է լինի:

– Քանի որ առաջարկը ձերն է` հնարավո՞ր համարում եք իշխանության եւ ընդդիմության համագործակցությունը` «Հանուն Հայաստանի Հանրապետության» կարգախոսով:

– Նման հնարավորության արգասիքը պայմանավորված է այսօր քաղաքական բեմահարթակում գործող քաղաքական ուժերի ղեկավարների իմաստնությամբ, հեռատեսությամբ: Եթե դա կա, նշանակում է՝ դեռ ամենը չէ, որ կորսված է: Եթե չկա, ուրեմն` պետք է բոլորը, այո, բոլորը հեռանան քաղաքական բեմահարթակից` այն թողնելով մարդկանց, ովքեր տոգորված են սեփական պատասխանատվության մեծագույն զգացումով, անկախ նրանից` իշխանությա՞ն մաս են կազմում, թե՞ ընդդիմության: Եվ, վերջապես, թող գիտակցեն մի բան. երբ վտանգված են պետականությունն ու ազգը, արդեն սեւ ու սպիտակ լինել չի կարող: Հայրենիքը մեկն է, եւ վտանգի դեպքում բոլորս պետք է համախմբվենք: Ես ասում էի` նախագահի հավակնորդներն անպայմանորեն հանդիպեն եւ գեթ մեկ` ԼՂՀ հարցում գան պարտադիր համաձայնության. ոմանք թերահավատորեն մոտեցան, ոմանք` թշնամաբար, իսկ մեր նպատակը մեկն էր` հարցը չշահարկել նախընտրական պայքարում: Կարելի՞ էր այդ հարցի շուրջ համախմբվել: Ոչ միայն կարելի էր, այլեւ անհրաժեշտ էր, բայց ոչ ոք մեր այս նախաձեռնությանը չի միանում: Մինչդեռ այս հարցը շրջահայացություն է պահանջում:

– Այդուհանդերձ, կարծես, Տեր-Պետրոսյանի շուրջ արդեն ձեւավորվում է նոր դաշինքը: Դուք այդտեղ ձեզ տեսնո՞ւմ եք:

– Ինքնին հարցադրումն արդեն վիրավորական է մեզ համար, որովհետեւ ես խոսում եմ ազգիս համար պահանջված գաղափարների հրապարակ բերելու համազգային խնդիրների մասին: Իսկ դա, ի սկզբանե, բացառում է հակադիր դաշինքների ձեւավորումը: Ես առաջնություն եմ տալիս ընդհանուր գաղափարների հրապարակ բերմանը եւ դրանց շուրջ քաղաքական ցանկացած ուժի դերակատարության որոշակիությանը: Թե չէ, երբ հրապարակում նոր գաղափարներ չկան, մարտահրավերները ձեւակերպված չեն, եւ դրանց լուծման ճանապարհներն էլ ուրվագծված չեն, ի՛նչ, ասենք, որ գալիս ենք համակարգը քանդենք, որից հետո միայն կերեւա մեր անելիքը: Ես չեմ կիսում այդ մոտեցումը: Այսինքն, ես հակված եմ նախ խնդիրը ձեւակերպել, առաջարկել դրա լուծման իմ տեսակետը, ապա դիմել հանրությանը՝ աջակցություն ստանալու խնդրանքով:

– Դուք այն մարդկանցից եք, ով հանդիպել է Լ.Տեր-Պետրոսյանին, եւ պետք է որ տեղյակ լինեք, թե կազմաքանդելուց հետո ի՞նչ է անելու: Գոնե այդ մասին չե՞ք խոսել: Նաեւ հայտարարել էիք, թե հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակահարմարության հարցին կանդրադառնաք, երբ դրա նախաձեռնողները կհայտարարեն այդ միջոցառման անցկացման ծրագրերի եւ նպատակների մասին: Ձեզ համար պարզ չէ՞, որ նրանց նպատակն այս վարչախմբին հեռացնելն է:

– Նպատակն, ըստ իս, կարող է լինել մեկը` ՀՀ-ի կայուն զարգացումը: Հնարավո՞ր է դա երաշխավորել այս իշխանական կազմով, ավա՜ղ, ոչ: Դրա համար ամենազորեղ գործոններից մեկն ազգի կոնսոլիդացիան է: Հնարավո՞ր է ձեւավորված միայն այս իշխանությամբ հասնել դրան, անշուշտ՝ ոչ: Ոչ թե նրա համար, որ «ԱՄԿ»-ն մաս չի կազմում իշխանությանը, այլ, պարզապես, որ շուրջ 400.000 ընտրող ձայնը տվել է ընդդիմությանը, մի այդքանն էլ չի մասնակցել ընտրությանը: Այսինքն` ավելի քան 700.000 մարդ այս իշխանության մեջ կոնսոլիդացնող ուժ չի տեսնում: Ստեղծված իրավիճակը փոխելու 2 ճանապարհ կա: Մեկը` լուծարել ԱԺ-ն, նոր, իրավամբ ազատ, առանց ճնշումների ու համատարած կաշառատվության, ընտրություններ անցկացնել: Երկրորդը` երաշխավորել նախագահական բացառիկ ազնիվ ընտրությունների անցկացում: Դրա արդյունքից ելնելով, այո, թեկուզեւ, քաղաքական կոմպրոմիսի ձեռքբերմամբ ապահովել, որ հիշատակածս 700.000 մեր քաղաքացիները իշխանության մեջ տեսնեն քաղաքական այն այրերին, որոնց նրանք վստահում ու հավատում են: Եվ երբ ժողովրդի ամենալայն զանգվածներն արդեն իրենց պաշտպանված կզգան, կտեսնեն, որ վստահություն ներշնչող մարդիկ ներկայացված են իշխանությունում, ապա այդ դեպքում միայն հնարավոր կլինի մարդկանց գիտակցության մեջ որոշակի շերտեր շարժել: Այն է` մեր քաղաքական ընտրանին խելքի է եկել, հասկացել է, որ հայրենիքը բոլորինս է, եւ որ իրար բզկտելով ոչ մեկն էլ դրական արդյունքի չի հասնի, կտուժենք ազգովի: Սա է ամենաաշխատող եւ պահանջված բանաձեւը: Եկեք ստեղծված իրողությունների վրա աչք չկոծկենք, այսօր Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան տանդեմն ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն: Ընդունենք, նախագահ է ընտրվում մարդ, որը չի ասում` ես գալիս եմ կազմաքանդելու, այլ հակառակը, հայտարարում է. գալիս եմ կամրջելու այսօրվա իշխանություններին ու իշխանությունից դուրս մնացած քաղաքական ընտրանուն, դիտարկելով նրանց ոչ թե որպես առանձին անհատների, այլ որպես մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հույսերը, իղձերը, նպատակները մարմնավորողների եւ իրագործողների: Իսկ կամրջման նպատակն էլ արդեն իսկ ակնհայտ կդառնա՝ կոնսոլիդացնել ազգը՝ մի կողմից, եւ իշխանության մեջ քաղաքական առողջ մրցակցության մթնոլորտ ձեւավորել՝ մյուս կողմից: Թե չէ այսօր քաղաքական մրցակցության համար ոչ մի նախապայման ստեղծված չէ:

– Ձեր ասելով` նրանք դատապարտված են պարտության:

– Այո, ցավոք, պատմականորեն նրանք դատապարտված են: Ասում եմ՝ ցավոք, քանզի մարդկայնորեն նրանց վատը ես չեմ ցանկանում: Եթե հաղթանակ էլ ունենան՝ պյուռոսյան հաղթանակ է լինելու: Մեկ էլ տեսնելու են, որ երկուստեք ավերածություններից զատ ազգանվեր եւ ոչ մի գործ չեն կատարել: Այդ ամենը գիտակցելով, «ԱՄԿ»-ն իր այս մոտեցումները կփորձի դարձնել ժողովրդի, քաղաքական ուժերի քննարկման առարկա եւ անհրաժեշտությունից ելնելով՝ կարող է եւ որոշում կայացնել՝ առաջադրել նախագահի իր թեկնածուին: Մենք խնդիր ունենք մեր ժողովրդի համար մատնանշել ներկա եւ նախորդ իշխանություններին այլընտրանքային ուղի: Ներկայումս գերիշխող քարոզչությամբ ուռճացվող վերջիններիս (հների ու նորերի) որդեգրած քաղաքականությունը եթե չվերաիմաստավորվի, մեր երկրին անվտանգ ապագա չի խոստանում: Այնպես որ` այս կամ այն դաշինքում լինել-չլինելու խնդիր, ի սկզբանե, դրված չէ «ԱՄԿ»-ում: Մեր մոտեցումները, համոզված եմ, բավականին լուրջ զարգացում, հեռանկար եւ հետեւից բազմաթիվ եկողներ էլ կունենան: Եթե գիտակցվի այս ամենը, ապա Հայաստանի նորագույն պատմության մեջ կկարողանանք նվազագույն կորուստներով հաղթահարել ներկայիս վտանգավոր շրջանը: Իսկ եթե չգիտակցվի, պատասխանատվության ողջ բեռը կծանրանա երկու կողմերի՝ թե՛ գործող, թե՛ նախկին իշխանությունների վրա: Հանգամանք, որը մեզ ամենեւին բավարարվածություն չի պատճառի: Եթե մեր երկրում ղողանջում են զանգերը, մենք հակված չենք հարցնելու, թե դրանք ո՞ւմ համար են ղողանջում: Դրանք ղողանջում են բոլորիս համար: