Իլիաս Ահմադով։ Տարագիր նախարարը

12/05/2005

Չեչեն գրոհայինների 44-ամյա առաջնորդ Իլիաս Ահմադովը չափազանց հաճախ է բնակարաններ փոխում, քանի որ 1999-ին Չեչնիայից դուրս գալուց հետո նա շարունակում է մնալ ռուսական հատուկ ծառայությունների նշանառության տակ։ Անցնելով երկրից երկիր, ի վերջո նա հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ, չնայած մի շարք քաղաքական գործիչների երաշխավորությանը, հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների համատեղ ջանքերին, դեռեւս քաղաքական ապաստան չի ստացել, բայց, ամենայն հավանականությամբ, կստանա։

Նրա ներկայությունը ԱՄՆ-ում ափերից հանել է Կրեմլին, եւ ամերիկյան դեսպանատան պարիսպների մոտ սկսվել են բողոքի ցույցեր։

«Ի՞նչ կզգային ամերիկացիները, եթե Ռուսաստանն ապաստան տար Ուսամա Բեն Լադենին»,- վրդովված հարցնում է «Պրավդա.ռու» ինտերնետ թերթը։

«Ահաբեկիչներին, նրանց աջակցողներին ու հովանավորողներին թաքցնելը խաթարում է հակաահաբեկչական ճակատի անդամների միասնությունն ու փոխադարձ վստահությունը»,- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից այսպիսի զգուշացում է արել ամերիկացիներին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս հարցի շուրջ արտահայտվել է նաեւ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ-ին մեղադրելով երկերեսանիության մեջ։ «Ահաբեկչության դեմ պայքարում չի կարելի առաջնորդվել կրկնակի ստանդարտներով եւ չի կարելի դա օգտագործել աշխարհաքաղաքական խաղերում»,- Հնդկաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Պուտինը։

Իլիաս Ահմադովի կյանքն այնքան էլ հանգիստ չէ, եթե նկատի ունենանք, որ մեկ շաբաթ առաջ հատուկ գործողության արդյունքում սպանվել է Չեչնիայի նախագահ Ասլան Մասխադովը, անցած ամռանը Կատարում սպանվեցին չեչեն երկու գրոհայիններ, իսկ հոկտեմբերին Ահմադ Զաքաեւի լոնդոնյան տանը բռնկվեց ուժեղ եւ կասկածելի հրդեհ։

«Պուտինին հարմար է մեզ ահաբեկիչներ անվանել, քանի որ այդ դեպքում նա ազատորեն կարող է մեզ հետ բանակցությունների մեջ չմտնել»,- ասում է Ահմադովը։

Խոսելով Շամիլ Բասաեւի մասին, ով եղել է իր ընկերն ու դաշտային հրամանատարը, Ահմադովն ափսոսանքով ասում է. «Կատարելով Բեսլանի ահաբեկչությունը, Բասաեւն ամբողջ Չեչնիայի մահվան վճիռը ստորագրեց եւ սպանեց խնդրի խաղաղ կարգավորման վերջին հույսը։ Նա փորեց մեր ողջ ժողովրդի գերեզմանը, հիմարություն արեց, Պուտինի ձեռքին խաղալիք դառնալով»։ Բեսլանի ահաբեկչության մասին Ահմադովը լսել էր ԱՄՆ-ում եւ շատ չեչենների նման դատապարտում էր այն։

Բասաեւը թաքնված է Կովկասյան լեռներում եւ իհարկե չի կարող մասնակցել բանավեճին, բայց այն, ինչ ասում է Ահմադովը, Վաշինգտոնում տարբեր կերպով կրկնում են այն մարդիկ, ովքեր հետեւում են կովկասյան իրադարձություններին։

Ահմադովը չի հերքում, որ ինքը ժամանակին եղել է Բասաեւի մերձավորներից։

Նա հիշում է, որ Բասաեւը Ելցինի եւ հազարավոր այլ ռուսների հետ 1991 թվականին բարիկադների վրա կանգնած պաշտպանում էր խորհրդարանի շենքը պետական հեղաշրջում կատարած կոմունիստներից։ Այդ ժամանակ նա քսանյոթ տարեկան էր եւ Ահմադովի հիշելով` ահավոր համեստ մարդ։

«Նա դիմում էր հսկա, ուժեղ զինվորների խմբին։ Նրա ձայնը շշուկից հազիվ էր բարձր, եւ նա հայացքը չէր պոկում գետնից։ Բայց բոլոր այդ զինվորները որսում էին նրա յուրաքանչյուր բառը։ Ես զարմացած էի, որ նա առանց ճիչ ու աղմուկի այդպիսի հեղինակություն ունի, եւ, որ մարտիկները նրա նկատմամբ այդպիսի հարգանք ունեն»,- հիշում է Ահմադովը։

«Առաջին պատերազմի ժամանակ Բասաեւի հեղինակությունն աճում էր։ Երբ ռուսական տանկային շարասյուները գալիս էին, մենք սարսափում էինք, իսկ Բասաեւն ասում էր, թե տանկերը լավ թիրախ են հակատանկային նռնականետերի համար։ Այդպես մենք անցանք հարձակման ու գերի վերցրեցինք վաթսուն ռուս սպաների։ Այդ օրվանից Բասաեւի հեղինակությունն ավելի ամրապնդվեց։ Նրա վաշտում ծառայել ուզում էին բոլորը։ Նա հրաշալի մարտավար էր, կորուստների տոկոսը նրա մոտ ամենացածրն էր։ Նա մեկ առ մեկ հիշում էր բոլոր զինվորների անունները, գիտեր նրանց թույլ եւ ուժեղ կողմերը»,- հիշում է Ահմադովը։

Նա ասում է, որ պատերազմի սկզբում Բասաեւը կրոնի նկատմամբ հակում չուներ։ Արտասահմանցիներին, հատկապես Աֆղանստանի պատերազմի արաբ-վետերաններին, ովքեր իսլամ էին քարոզում, նա վերաբերվում էր անթաքույց արհամարհանքով եւ իրեն հեռու էր պահում նրանցից։ Նա հաճախ էր ծաղրում իսլամ-արմատականներին՝ նրանց անվանելով բթամիտ։

Բասաեւը մեծ տպավորություն է թողել Ահմադովի վրա, եւ հավանաբար Ահմադովն էլ իր հերթին է դուր եկել հրամանատարին։ Եվ այդ պատճառով Բասաեւն Իլիասին դարձրեց իր օգնականը։ Հետո Բասաեւը ծանոթացրեց Ահմադովին Մասխադովի հետ, եւ վերջինս 1997-ին դառնալով Չեչնիայի նախագահ, Իլիասին նշանակեց արտաքին գործերի նախարար։

Հիշելով Բուդյոնովսկը, Ահմադովը խոստովանում է, որ այդ ժամանակ Բասաեւն առաջին անգամ չափն անցավ։ Բայց չնայած դրան, Բասաեւը շարունակում էր մնալ չեչենների մեծ մասի, այդ թվում` եւ Ահմադովի հերոսը։

1996-ին ռուսական զորքերի դուրս գալուց հետո Մասխադովը Բասաեւին նշանակեց փոխվարչապետ։ «Մասխադովին պետք էր միավորել երկիրը»,- բացատրում է Ահմադովը։ Այդ ժամանակ Չեչնիայում լիակատար քաոս էր, երկիրը դարձել էր միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված կլանների պայքարի թատերաբեմ։ Տնտեսության հետք չկար անգամ։ Թվում էր, թե երկիրը ղեկավարում են ավազակներն ու գողերը, իսկ այնպիսի տարրական պայմաններ, ինչպիսիք են ջուրն ու էլեկտրականությունը, գոյություն չունեին։ «Պատերազմից մնացած ամենամեծ հարցը մարտիկների հետագա ճակատագիրն էր»,- ասում է Ահմադովը։ Եվ այս հարցերը կարող էր լուծել միայն Բասաեւն՝ իր ահռելի հեղինակությամբ։ Քանի որ պետական հաստատությունները, փաստորեն, գոյություն չունեին, նախկին մարտիկների հոգսերն ընկան հրամանատարների ուսերին։ Բասաեւը ժլատորեն բաժանում էր դեղորայքի ու սննդի համար արտասահմանից ուղարկված փողը։ «Բասաեւն ասում էր, որ մենք բոլորս պետք է ամուսնանանք եւ երեխաներ ունենանք, որ նրանք փոխարինեն զոհվածներին»,- հիշում է Ահմադովը։ Ինքն էլ Բասաեւի խորհրդով ու միջնորդությամբ է ամուսնացել, թեեւ սկզբունքորեն դեմ էր այդ իրավիճակում ընտանիք կազմելուն։

Ահմադովը որոշ ժամանակ աշխատել է Բասաեւի գրասենյակում։ «Նա նամակներ էր ստանում ամբողջ Ռուսաստանից։ Թոշակառուները նրան խնդրում էին, որ միջամտի եւ հասնի այն բանին, որ թոշակները ժամանակին վճարվեն, զինվորներն ուզում էին միանալ նրան, նույնիսկ նախկին պատանդներն էին գրում եւ կանչում նրան Բուդյոնովսկ, որ գնա ու լուծի կոռումպացված քաղաքապետի հարցերը»։

Ահմադովի խոսքով, այդ ընթացքում Բասաեւն անընդհատ փոխվում էր, նա դառնում էր ավելի ներամփոփ ու կասկածելի։ Ավելի քիչ էր երեւում մարդկանց մեջ։ Հրաժարվեց ծխելուց ու սուրճ խմելուց։ Նա սկսեց կարդալ այդ կրոնական տեքստերը։ Այդ բանն ուրիշներն էլ էին նկատում։ Շամիլ Բենոն, ով Ահմադովից առաջ էր զբաղեցնում արտգործնախարարի պաշտոնը, «POST»-ի թղթակցին ասել էր. «Չեչնիայի ազատությունը պահանջելու փոխարեն` նա սկսեց ազատություն պահանջել ամբողջ արաբական աշխարհի համար։ Չեչեն հայրենասերից նա վերածվեց իսլամ-գլոբալիստի»։

Ավելի ուշ, Ահմադովի ասելով, Բասաեւն արդեն հռչակում էր իսլամական կարգախոսներ, սովորում արաբերեն եւ օրական հինգ անգամ աղոթում։ Նա աստիճանաբար հեռացավ Մասխադովից՝ արմատական հարցերում ունեցած տարաձայնությունների պատճառով։ Քիչ նշանակություն չուներ նաեւ Մոսկվայի հետ բանակցությունների շարունակումը։ Նա հայտարարում էր, թե իրեն առաջնորդում է վերին իշխանությունը։ Ու թեեւ Բասաեւը հեռավորություն էր պահում չեչենական հիմնական ղեկավարությունից (ղեկավարությունն էլ` իրենից), բայց նա չէր ուզում ամբողջովին դուրս մնալ հասարակության տեսադաշտից։

1999 թվականին նա եւ Ամիր Խատաբը՝ Աֆղանստանում Ալ-Ղաիդայի մարզական ճամբարների վետերանն ու սաուդյան «սուրբ մարտիկը», ձեռնարկեցին մեծ հարձակում հարեւան Դաղստանի վրա՝ փորձելով տապալել տեղի աշխարհիկ իշխանություններին։ Դժվար չէ կռահել, որ Մոսկվան կատաղությամբ ընդունեց իսլամական ապստամբությունն ամբողջ Կովկասում տարածելու նրանց փորձը։ Դրանից քիչ անց Ռուսաստանը ցնցվեց բնակելի շենքերի հանելուկային պայթյուններից։ Խթը-ի նախկին աշխատակից Պուտինը, ում Ելցինը փոխանորդ էր ընտրել, մեղքն արագորեն գցեց չեչեն ծայրահեղականների վրա եւ զորահավաք սկսեց։

Իր ասելով, Ահմադովը վերջին անգամ Բասաեւին տեսել է 1999-ի վերջին, երբ արդեն թնդում էին պատերազմի թմբուկները։ Նրանք պատահաբար հանդիպել են փողոցում, եւ Ահմադովն, ով այդ ժամանակ ԱԳՆ ղեկավարն էր, հազիվ է ճանաչել հին զինակցին. «Դա մի ուրիշ մարդ էր, տարօրինակ, ապակե հայացքով»։

Դրանից հետո Իլիաս Ահմադովը դուրս է եկել Չեչնիայից եւ այլեւս չի վերադարձել։ Ամերիկյան քաղաքագետների ասելով, նա բավական մեծ ջանքեր է գործադրել Չեչնիայի խնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ, սակայն հանդիպել է ռուսների անտարբերությանը։ Արժանահիշատակ է Ահմադովի մի առաջարկը, որը նա արել է 2001 թվականին Շվեյցարիայում ռուսների հետ բանակցելիս։ «Եկեք կազմակերպենք զոհված ռուս եւ չեչեն զինվորների հավաք եւ թող այդ հավաքը նախագահի Պուտինի կինը»։