«Բազալտե երգեհոնի» հուշարձանի կամ Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» հետ կատարվածը առիթ է դարձել, որ պետական մարմինները շտապ միջոցառումներ ձեռնարկեն` օրենքով պաշտպանելու նման կառույցների հետագա գոյությունը:
«Բազալտե երգեհոնի» հետքերով ՀՀ Գլխավոր դատախազությունը Կոտայքի մարզի համապատասխան մարմիններին հանձնարարել է գործի վերաբերյալ նախաքննություն սկսել: Դատախազության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս գործով արդեն հայտնաբերվել են երկու վարորդներ, որոնցից մեկն ասել է, որ Գառնու ձորից հատված քարերը տեղափոխել է սեփական տան կառուցման նպատակով: Դատախազության ներկայացուցիչների հետ ունեցած զրույցներում Գառնի գյուղի բնակիչներն ասել են, որ իրենք` գյուղացիներն էլ են ձորի բազալտե քարերն օգտագործել ոչ մեծածավալ շինարարությունների համար: «Բազալտե երգեհոնի» բնականորեն ուղղանկյուն հղկված քարերը ժամանակի ընթացքում վայր են ընկնում, եւ գյուղացիներն էլ իրենց ցանկապատերի կառուցման համար օգտագործել են վայր ընկած քարերը: Նշենք, որ Դատախազության փնտրտուքն ի վերջո արդյունք չի տալու: Կոնկրետ այս դեպքում, եթե անտեսենք խնդրի բարոյական կողմը, ապա Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն իր արվեստանոցը (կամ տունը) Գառնու ձորի քարերով կառուցելու դեպքում, ըստ էության, ոչ մի օրենք չի խախտել: Բանն այն է, որ ոչ ՀՀ Քրեական եւ ոչ էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը որեւէ պատիժ չեն նախատեսում պետության կողմից հատուկ չպահպանվող տարածքներում որեւէ գործունեություն ծավալելու համար: «Բազալտե երգեհոնը», բացի իր բացառիկությունից, չունի բնության հուշարձանի կարգավիճակ եւ չի պահպանվում պետության կողմից: Ուստի Դատախազության համար դժվար է լինելու մեղադրանքի առաջադրումը, քանի որ բացակայում է համապատասխան հոդվածը: Այստեղ միայն մի նրբություն կա` Հողային օրենսգիրքը: Օրենսգրքի 54-րդ հոդվածը հողերի պահպանության կանոնները խախտելու համար սահմանում է. «Առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսունապատիկի չափով»: Այսինքն, սիմվոլիկ մի գումար, 80-150 հազար դրամի չափով, եթե այս քարերի հատման պատճառով սկսվեն համատարած փլուզվածքներ ու հողի հոսք: Եթե անգամ «Բազալտե երգեհոնը» համարվեր բնության հուշարձան, ապա նույն պատիժն է` 80-150 հազար դրամ տուգանք է նախատեսում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը:
ՀՀ Գլխավոր դատախազությունն ու Բնապահպանության նախարարությունը խնդիրը վերջնական լուծելու համար առանձնացրել են մոտ 264 անուն մարդու եւ բնության կողմից ստեղծված կառույցներ, որոնք ներառված չեն հատուկ նշանակության կամ բնության հուշարձանների ցանկում, եւ պատրաստվում են առաջիկայում Կառավարության համապատասխան որոշմամբ լրացնել այդ բացը: Այս ցուցակը վերջնական չի կարելի համարել, քանի որ համայնքներում գուցե կան առավել ուշագրավ բնության հրաշագործություններ, ու այս մասին էլ պետք է տեղյակ պահի տվյալ համայնքը: Շատերն են հիացել Շիրակի մարզում Լանջիկից Մարալիկ տանող ճանապարհին գտնվող ահռելի «Քարե կրիայի» կատարելությամբ, որին մարդու ձեռք չի կպել: Քչերը գիտեն, որ Տավուշի մարզում ցայսօր էլ ապրում է «Վարդան Մամիկոնյանի կաղնին» եւ դժվար է հավատալ 1500-ամյա պատմություն ունեցող այս ծառի գոյությանը: Նույն մարզում է գտնվում «Սարի գյուղի սոսին», որը նույնպես հայտնվել է գերատեսչությունների կողմից կազմած նախնական ցանկում: Եղեգնաձորի քարանձավների ջրի հոսքի արդյունքում ստեղծված կավե քանդակներից ոմանք անգամ պոկել, իրենց տուն են տարել, եւ, եթե այսպես շարունակվի, այդ քարանձավը կզրկվի իր մենաշնորհ քանդակների վերջին նմուշներից: Հետաքրքիր է, որ մեզ հայտնի մի շարք լճեր ու ջրվեժներ նույնպես անտեսված են եղել պետության կողմից. Ամբեր, Այղր, Քարի, Վիշապի, Ակնալիճ, Կապուտան, Սեւ լճերը, նաեւ Շինուհայի, Շաքիի, Ցոլք ջրվեժները միայն օրերս են հայտնվել պետության ուշադրության կենտրոնում: Բացի բնական հուշարձաններից, առկա են հենց մարդու կողմից ստեղծված մի շարք հուշարձաններ, որոնք նույնպես անտեսված են եղել: Այս շարքից են` Որոտանի եւ Արտաշավանի բնապահպանման համալիրները: Այստեղ մնում է մի խնդիր լուծել: Արդյոք համայնքները համաձա՞յն են իրենց տարածքներում գտնվող նշյալ կառույցները հանձնել պետության պահպանությանը: Բնապահպանության նախարարությունից տեղեկացանք, որ եղել են նախադեպեր, երբ համայնքները չեն համաձայնել պետության պահպանությանը հանձնել իրենց ունեցվածքը: Անգամ 264 անուն նշյալ կառույցները պահպանության տակ ներառելը դեռեւս չի նշանակում, թե նրանց հետագա գոյությունը երաշխավորված է: Մայրաքաղաքում թափ առած շինարարությունը քանդեց անգամ այն կառույցներն ու շենքերը, որոնց վրա գրված էր` պահպանվում է պետության կողմից:
Ինչ վերաբերում է Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին եւ նրա արվեստանոցին կամ տան շենքին (արդեն կարեւոր էլ չէ` տո՞ւն է, թե՞ արվեստանոց), ապա դժվար թե պրն Միրզոյանը չիմանար, թե իր կառույցի շինարարության համար ինչ քարեր են օգտագործվում եւ որտեղից են դրանք բերվում: Որքան էլ խնդիրը դժվար լուծելի է՝ օրենքի բացի տեսանկյունից, այնուամենայնիվ, բարոյականության տեսանկյունից՝ ամեն ինչ պարզ է: Մանավանդ, երբ խոսքն Ազգային պատկերասրահի տնօրենի մասին է: