Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «Կոնգրեսը եւ Հայաստանը» վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» պարբերականում` ամերիկացի կոնգրեսականներին կոչ անելով՝ չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106 բանաձեւը: «Մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչպես եւ հարաբերությունները մարդկանց միջեւ, նման են սարդոստայնի: Դրանք կարող են կրել վիթխարի բեռնվածություն եւ դիմանալ մեծ ճնշման: Սակայն եթե ճնշումն ուղղվում է հենց կրիտիկական կետին` ամբողջ սարդոստայնը կարող է ոչնչանալ: Մեր պետությունները կապակցող փոխադարձ շահերի սարդոստայնը թելադրում է, որպեսզի մենք անենք ամեն հնարավորը` այն անվնաս պահելու համար մի ժամանակաշրջանում, երբ երկու կողմերն էլ միմյանց կարիքն ունեն առավել, քան երբեւէ»,- գրել է Էրդողանը: Հույս հայտնելով, թե «առողջ բանականությունը կհաղթի, քանի որ դրա այլընտրանքը չի բխի ո՛չ ԱՄՆ-ի եւ ո՛չ էլ Թուրքիայի շահերից», նա իր հոդվածում գրել է. «Ես կոչ եմ անում ԱՄՆ ժողովրդի ներկայացուցիչներին` ցուցաբերել պետական մտածողություն եւ խորաթափանցություն, որոնք պահանջվում են Թուրքիայի հետ ԱՄՆ-ի` ժամանակի փորձությանը դիմացած գործընկերությունը այն ինքնավնասակար շրջադարձից փրկելու համար, որին կարող է հանգեցնել Ներկայացուցիչների պալատի 106 բանաձեւի հետագա առաջխաղացումը»: Ներկայացնելով Թուրքիայի պաշտոնական տեսակետը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, նա հիշեցրել է «անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու» մասին ՀՀ-ին արած իր առաջարկը. «Թուրքիան միշտ եղել է ձիթենու ճյուղը պարզողը: Բայց մինչ մենք այդ ցավոտ խնդիրը լուծելու եւ Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու ուղիներ ենք փնտրում, չենք կարող ապրել անցյալում: Երկխոսության եւ հաշտեցման մեր անկեղծ առաջարկը սեղանին է: Հաջորդ քայլը պետք է անի Հայաստանը: Մենք նաեւ չենք կարող թույլ տալ, որպեսզի այդ հարցը, որքան էլ այն ցավոտ լինի, մթագնի մեր ապագան»,- գրել է Թուրքիայի վարչապետը: