«Թերմոսով» ԱԼՄ-ն է համերգ տալիս
«Քրջի բազարի» մուտքի մոտ կանգնած մի երիտասարդ, հավանաբար հասկանալով, որ ո՛չ գնորդ, ո՛չ էլ վաճառող եմ, վտանգ զգալով` խորհուրդ տվեց՝ «զգույշ կլինես, այստեղ գազանանոց է»: «Քրջի բազարի» վաճառողներն ու հաճախորդները սոցիալական ծայրահեղ վատ կենսապայմաններ ունեն: Վերջիններս սոցիալական հոգսերով ճնշված ու չարացած են: Այստեղ հաճախում է սոցիալապես անապահով խավը: Շատ ագրեսիվ են, երբ նկատում են, որ այցելուն այլ նպատակներ ունի, հարձակվում են եւ դառնությունները թափում նրա վրա: Այնպես որ, պետք է հոգեբանորեն պատրաստված գնաս այնտեղ, որպեսզի կարողանաս նրանց զայրույթին դիմանալ: «Քրջի բազարում» հնամաշ հագուստ վաճառում են նաեւ հաշմանդամները, նրանք, ովքեր ի վիճակի չեն որեւէ այլ աշխատանք կատարել, կան նաեւ հոգեկան հիվանդներ, հարբեցողներ, որոնց հայհոյանքներն իմ ներկայությունից չէին դադարում: Ցանկացած մարդ, ով քիչ թե շատ «բոմժի» տպավորություն չի թողնում, արժանանում է նրանց չար ու նենգ հարձակմանը. «Գնա՛, քո ձենը տաք տեղից ա գալիս, ձեր նմաններն էստեղ տեղ չունեն: Կամերաներն առնում գալիս եք, բայց հետո մոռանում եք, թե ինչ եք տեսել ու լսել, կեղծավորնե՛ր… Ձեր նմանները մեզ աղբի տեղ դրած` ուզում են հասցնել սովետաշեն ու վառել: Չնայած մի քիչ ժամանակ հետո կարան գան հենց ստեղ էլ պաժառ տան վառեն, արդեն քրջի չէ, դիակների բազար կլինի»: Այս խոսքերն աղեկտուր ու լացը խեղդած շպրտում էր մի ծերունի, որն արհամարհանքով վերցրեց անպիտան, բայց վաճառքի հանած ժանգոտ «թերմոսն» ու դրեց ականջին: Երբ կողքի վաճառողին հարցրեցի, թե այդ գործողության իմաստը որն է, ասաց` ցավից հարբում է, «թերմոսը» դնում է ականջին, իբր համերգ է լսում, ասում է՝ ԱԼՄ-ի համերգն է: Համերգն իրեն թեթեւություն է բերում:
Քրջի շուկան գտնվում է Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ: Մարզադաշտ այցելող ջիպերն ու այլ ավտոմեքենաներ նույնպես արժանանում են «քրջի բազարի» ներկայացուցիչների լուտանքներին: Այս տարածքը սովորական քաղաքացու եւ «քրջի բազարի» վաճառողների թշնամանքի սահմանագիծն է: Այնպես, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում դիտում ենք, երբ ռասիստական շերտավորումը մեծ կոնֆլիկտ է առաջացնում: «Քրջի բազարը» թեեւ բացօթյա տարածքում է, այնուամենայնիվ անբացատրելի գարշահոտություն կա:
Անցյալ կա, այսօր չկա
Տիկին Մարգոն 70 տարեկան է, աշխատասեր կին է եւ գալիս է «քրջի բազար»` հնամաշ հագուստ վաճառելու: Կարողանում է օրվա համար մի քանի շոր վաճառելով 300-500 դրամ վաստակել ու հաց գնել: Նրա մոտ վաճառվող ամենակարգին տաբատն արժե 500 դրամ: Ապրանք վերցնում է այն մարդկանցից, ովքեր թափելու փոխարեն` տալիս են իրեն: Ունեւոր մարդու համար ավելի դյուրին է աղբանոց հասցնելու փոխանեն` ցելոֆանով դնել մի տեղ, որն ինչ-որ մեկին սովից մեռնելուց կփրկի: Պատահում է, երբ Հայաստանից մեկնող քաղաքացին ունեցած հագուստը դեն նետելու փոխարեն` էժան գներով տալիս է «քրջի բազարի» վաճառողներին, վերջիններս էլ վերավաճառում են: Տիկին Մարգոն ասում է, որ ինքը կոպտել է Անդրանիկ Մարգարյանին եւ, եթե նա ինքնասիրություն ունենա, հաստատ իր խոսքերից կվիրավորվի: Ասում եմ` ո՞նց եք կոպտել, վարչապետն եկել էր «քրջի բազա՞ր», որտե՞ղ եք տեսել, որ վիրավորել եք: Ասում է՝ «Չէ՛, ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում եմ, ամեն օր ելույթ ա ունենում, ի՞նչ ա, կարող ա՞ չի լսում, թե՞ իրան չլսելու ա տալիս: Սրանցից ո՞ր մեկն ինքնասիրություն ունի, որ նրանից էլ նեղանաս, թե խի՞ չի վիրավորվում. թուրք են, թուրք»: Տիկին Մարգոն միայնակ կին է, ասում է, եթե քրջեր չվաճառի՝ սովից կմեռնի ու որեւէ մեկը չի իմանա, որ ինքը մեռել է: Ամեն խոսքի հետ հիշում է Կարեն Սերոբիչին ու մի տեսակ հպարտ կեցվածք ընդունած` սկսում է պատմել այն ժամանակների տիկին Մարգոյի մասին, հետո, երբ խոսակցությունը նորից նրան վերադարձնում է ներկա, ինձ քշում է՝ ասելով, թե բան չունի ասելու:
«Ես ու Շառլը 81 տարեկան ջահելներ ենք»
Սարգիս Հմայակովիչը 81 տարեկան է, բայց կատակելով հարցնում է՝ «63-ի տեսք ունեմ, չէ՞»: Ծնվել է 1924թ. մայիսի 23-ի առավոտյան ժամը 7-ին: Սարգիս Հմայակովիչն իրեն շատ հաջողակ է համարում, որովհետեւ, իր ասելով՝ «Մայիսի 23-ի առավոտյան ժամը 7-ին երկու կին նույն ժամին որդիներ են ունեցել»։ Մեկը` Սարգիս Հմայակովիչի մայրը, մյուսը` Շառլ Ազնավուրի մայրը: Ասում է՝ «Շառլը լավ էլ գիտի, որ ես այստեղ եմ, լավ գիտի, որ «քրջի բազարն» օրեցօր մեծանում է, իսկ հաճախորդները դառնում են վաճառող: Նա շատ լավ գիտի, որ իր ուղարկած օգնությունից ոչ մենք ստացանք, ոչ էլ ժողովուրդը: Նա ամեն ինչի մասին գիտի»: Ու դրական պատասխան ակնկալելով` ասում է՝ «բայց կլուսանկարես ու կասե՞ս, որ ես ու Շառլը 81 տարեկան ենք, չէ՞, ջահելներ ենք, չէ՞…»: Լուսանկարվելով՝ շոյվելով ասում է՝ «վա՛յ, տեսքս էսօր լավ չի, բան չեմ ծախել, պապիրոսի փող չեմ հանել, բայց կողքս որ մի հատ ջահել, սիրուն աղջիկ լինի` կոգեւորվեմ, կնկարվեմ… Շառլի նման»: Սարգիս Հմայակովիչը թոռներ, ծոռներ ունի, որոնք ամաչում են պապի՝ «քրջի բազարում» կանգնելու համար: Ասում է՝ «Գիտե՛մ, երեխեքս շատ են նեղվում, բայց ի՞նչ անեմ, գոնե պապիրոսի փող պիտի վաստակեմ»: Սարգիս Հմայակովիչն աշխատել է Երկրաբանական վարչությունում, բիոլոգ է, Հայրենական պատերազմի մասնակից: «Վետերաններին մեդալ տալն էլ փող լվանալու ձեւ է, մեդալներս որը կորցրել եմ, որը թափել եմ, ինչի՞ս է պետք: Եթե ես մարդ լինելով` էս պետության համար արժեք չունեմ, պետության տված մեդալն ի՞նչ արժեք պիտի ունենա, որ ես էլ ծախեմ` հացի փող անեմ: Թող մեծ գումար չտան, թող հացի փող տան, որ չգամ «քրջի բազար», որ երեխեքս չամաչեն, հետս կռիվ չանեն»,- ասում է նա:
«Էս ազգը Կիրկորովից աննամուս ա»
Այցելությունից ու հարձուփորձից պարզվեց, որ «քրջի բազարի» վաճառողների մեծ մասը մտավորականներ են: Ակադեմիայի նախկին աշխատող մի կին, որը չներկայացավ եւ չցանկացավ լուսանկարվել, հարցերս առանց լսելու` միայն խոսում էր. «Ո՞նց կարելի է մարդուն էս օրը գցել, էս շուկան որ տեսնում եք, բոլորը հացի փողի համար են կանգնած: Ես հագիս կուրտկան եմ վաճառում մի քանի հարյուր դրամով, հիմա վաճառում եմ, բայց մյուս ձմեռ չգիտեմ ի՞նչ եմ հագնելու: Բայց արդյո՞ք մինչեւ ձմեռ կձգենք: Երեխեքս սոված են, հանում եմ հագիս շորերը, տանս բաժակները ծախում եմ ու չգիտեմ վաղն ինչո՞վ եմ ապրելու: Բոլորն էլ քնած են՝ ժուռնալիստները, գիտնականները, ժողովուրդը քնած է: Մի հատ Իրինա Արոյանի չափ էլ չկաք: Պետությունն ասում է՝ մեզ 500.000 մարդ է պետք, մյուսների ճանապարհը բաց է, թող գնան ուր ուզում են, բայց էդ 500.000-ն էլ իրենք են՝ գռփողները: Չե՞ք հասկանում` երեխաներս սոված նստած են, դպրոց չեն գնում: Ո՞նց ստիպեմ սոված երեխային ասեմ` դաս սովորի, երբ որ մտքի մեջ հաց է ուտում: Սովորող երեխաներ են, կարող են մեծ բաների հասնել, բայց ո՞նց: Ո՞վ վճարի նրանց գրքերի համար, ո՞ւմ գրքերով սովորեն, ես ո՞նց ստիպեմ էդ երեխային, երբ որ ինքը մեղք չունի: Սովից մեռնում ենք, հասկանո՞ւմ եք, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ բան է, երբ երեխադ աչքիդ առաջ սովից մեռնում է: Իրենց տված 7000 դրամ թոշակով կարա՞ն իրանք մի ամիս ապրեն, ամաչել գիտե՞ն… Գորբաչովն ասել էր` ժողովուրդը ոչխար է, նեղացել էին, բայց մեզ ոչխարի տեղ անգամ չեն դնում. ոչխարին գոնե խոտ են տալիս, մեզ էդ խոտն էլ չեն տա: 88 թվին հայ ազգը դեռ գոյություն ուներ, բայց հիմա հայ ազգը վերջացել է, հասկացե՛ք՝ վերջացել: Էս ազգը Կիրկորովից աննամուս ա: Պետրոսյանը Կիրկորովի հայրն ա, բայց ինքն ասում ա` ես հայ չեմ: Հիմա էլ գրկաբաց Կիրկորովին են սպասում, որովհետեւ փողեր ա աշխատացնելու: Փողի համար դավաճանություն էլ կանեն, ամեն ինչ էլ կանեն: Կիրկորովն անինքնասեր ա, բայց սրանք նրանից անինքնասեր են: Հարեւանի երեխեն մեռել ա, հարեւանն ասել ա` ինչ լավ ա, որ իմ երեխեն չի, հարեւանինն ա: Հայ ազգը հիմա այսպես է մտածում»: Մեր զրույցի ընթացքում վաճառողներն անընդհատ ինձ հարցնում էին՝ «Էս պրիոմնիկն (ձայնագրիչը-Լ. Ս.) ինչքանո՞վ ես ասում, էս ֆոտո ապարատն ինչքանո՞վ կտաս»: «Քրջի բազարում» ամեն ինչ վաճառելու մոլուցք կա. այստեղ մարդիկ սոված են եւ պատրաստ են հագի կոշիկը հանել ու վաճառել… Այստեղ ամեն ինչ վաճառվում է: «Քրջի բազարի» 500 դրամանոց մուշտակից բուրում է: Այստեղ օդը ծանր է, ու մի քսան մետր տարածություն այն կողմ շինանյութերի խանութներն են, որտեղից մարդիկ շինանյութ են գնում, դղյակներ, ամառանոցներ են կառուցում, անտաղանդ երեխաներին մի կերպ համալսարանում են տեղավորում: 20 մետր հեռավորությունից մեր համաքաղաքացիները «քրջի բազարի» գարշահոտությունը չեն զգում…