«Ռոյալ-Արմենիայի» գործով մեղադրյալների պաշտպան Աշոտ Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին նիստի օրը՝ հոկտեմբերի 15-ին, դատավոր Սուրեն Ղազարյանը մի քանի անգամ անհիմն իրեն նկատողություն անելուց հետո, որոշել է դիմել Փաստաբանական պալատ՝ Սարգսյանին փաստաբանական գործունեությունից զրկելու միջնորդությամբ: Ա. Սարգսյանը պատմել է, թե ինչպես էր ինքն այդ օրը հասկանում, որ ինչ-որ գործողություն է նախապատրաստվում անել դատավորը, եւ նիստի ավարտից ընդամենը կես ժամ առաջ, արդեն թվով 5-րդ անհիմն նկատողությունից հետո, հայտարարել է իր որոշման մասին: Իսկ դատավորի «անկարգությունը» նրանում է եղել, որ մի քանի անգամ հարցին պատասխանելուց առաջ Աշոտ Սարգսյանն իր պաշտպանյալին խորհուրդ է տվել. «Մտքերդ հավաքիր, հետո պատասխանիր»: Դատարանը սա դիտել է որպես հուշում կամ ուղղորդում: Այսպիսով՝ «Ռոյալ-Արմենիայի» գործով պատժվողների շրջանակն ընդլայնվում է. դատավոր Պարգեւ Օհանյանից հետո հերթը փաստաբան Աշոտ Սարգսյանին է, որի ճակատագիրը կախված է Փաստաբանական պալատի որոշումից: Ի դեպ, պարոն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե իսկապես Պարգեւ Օհանյանին դատավորի լիազորություններից զրկելը քաղաքական ենթատեքստ չունի, եւ «Ռոյալ- Արմենիայի» հետ կապ չունի, ուրեմն՝ Վերաքննիչ դատարանը պետք է Օհանյանի արդարացման դատավճիռն անփոփոխ թողնի, իսկ եթե մեղադրական վճիռ կայացնի, ուրեմն Օհանյանին պատժել են հենց «Ռոյալ-Արմենիայի» արդարացման դատավճռի համար: Աշոտ Սարգսյանը նաեւ նկատել է. «Եթե «Ռոյալ-Արմենիայի» գործով մեղադրական վճիռ կայացվի, ապա փաստաբանությամբ Հայաստանում զբաղվելը ես այլեւս ավելորդություն կհամարեմ եւ կվերադարձնեմ փաստաբանի վկայականս: Փաստաբանը պետք է մրցակցության պայմաններում պաշտպանի իր պաշտպանյալին, ոչ թե որոշումը կայացրած դատավորի մոտ մասնակցի բեմադրության»: