Ինչ ուզում եք՝ ասեք, ես սորոսյան հեղափոխություններին չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ մեկն՝ ինչքան էլ հարուստ լինի, կարող է կառավարել մարդկանց (բազմությունների) իղձերը։ Գուցե օգնի, աջակցի, ասենք, ցուցարարներին բուլկի բաժանի, բայց հեղափոխություն առաջացնել չի կարող, եթե չկա դրա ներքին պահանջը։
Դրսի ուժի ազդեցության մասին խոսակցությունները չափազանցված են, եթե չասեմ՝ անհիմն։ Դրսի ուժի մասին խոսակցությունները հորինվում են մի քանի նպատակով։ Առաջինը՝ սեփական ուժերի նկատմամբ անվստահություն սերմանելն է, թե իբր՝ շատ մի թպրտացեք, ձեր փոխարեն ամեն ինչ արդեն որոշված է։ Այսինքն՝ Պուտինը կամ Բուշն արդեն նշանակել են ձեր նախագահին, եւ իմաստ չունի քամուն կամ անձրեւին դուրս գալ փողոց, գիշերել հրապարակներում եւ այլն։ Մյուս նպատակն առանց դրսի ֆինանսավորման որեւէ շարժման հնարավորությունը բացառելն է, ինչը քաղաքական ցանկացած միտք կամ գործողություն դնում է օրենքից դուրս, այսինքն՝ քրեականացնում է եւ, քրեականացնելուց բացի՝ բարոյազրկում։
Այսպիսով նվաստացվում է երկրի նշանակությունն առհասարակ։ Եթե իշխանության պահպանումն էլ, փոփոխությունն էլ ծրագրվում է մեզանից դուրս ինչ-որ տեղ, ուրեմն մենք ոչ թե սուվերեն պետություն ենք, այլ աշխարհաքաղաքական սարդոստայնն ընկած չնչին մի բան։ Եվ եթե պետությունն է ոչինչ, ի՞նչ արժեք կարող է ունենալ մարդու կամ ժողովրդի ձայնը։
Ես չգիտեմ, թե ովքե՞ր եւ որտե՞ղ են հորինում այս առասպելները, բայց պարզ է, որ դրանք գործում են ի՛մ ազատության դեմ։ Հուսահատությունն ամենազորեղ զենքն է։ Այս զենքն՝ ի տարբերություն այլոց, մի յուրահատկություն ունի. գործում է նրա դեմ, ում ձեռքին է։
Օրինակ՝ ասում են՝ Պուտինն ու Բուշն արդեն որոշել են իրենց ազդեցության սահմաններն, ու մենք, բնականաբար, հայտնվել ենք առաջինի ոլորտում։ Դե, որոշիր անելիքդ՝ մնո՞ւմ ես, թե՞ ընտանիքդ առած քոչում քաղաքակիրթ արտասահման։
Կամ ասում են՝ ամերիկյան վարչակարգն՝ իր արբանյակներով (ԱՄՀ, ՀԲ եւ այլն) հանգել է այն եզրակացության, որ տոտալիտարի ակներեւ հատկանիշներով ավտորիտար ռեժիմներին ձեռք տալ պետք չէ, եթե դրանք նաեւ բարեփոխումներ են իրականացնում։ Ներսից հեղափոխության պես մի բան է, որ առաջին հայացքից կարծես թե վատ չէ, բայց ո՞նց կարող են ընտրությունները կեղծող, խոսքի ազատությունը սահմանափակող, մարդու իրավունքները ոտնահարող իշխանությունները ժամանակակից բարեփոխումներ անցկացնել։ Էքսպերիմենտ է, հասկանալի է, բայց քանի՞ մարդ կցանկանա, որ իր երեխան ապրի ու մեծանա այս փորձադաշտում։
Կամ էլ ասում են, թե աշխարհի մեծերը դեռ ժամանակ չունեն Ղարաբաղի հարցին անդրադառնալու։ Որ մի օր հավաքվեն որոշեն, հինգ րոպեում Ղարաբաղը կտան Ադրբեջանին կամ կպոկեն Ադրբեջանից անվերադարձ։ Այստեղ էլ մարդը, քաղաքացին, պատրիոտը ոչ մի բան չունի անելու. կուզեն՝ կտան, չեն ուզի՝ չեն տա։
Անկախության առաջին տարիներին շատ տարածված մի մոլորություն կար։ Մարդիկ ասում էին, թե առաջ (սովետական շրջանում) ավելի անկախ էինք, քանի որ կախված էինք մի կետից՝ Մոսկվայից, իսկ հիմա ավելի շատ կետերից ենք կախված։ Եթե նկատի չունենանք, որ «անկախություն» բառը ստեղծված է «կախում» բառի ժխտմամբ («ան» նախածանցով), ապա կարելի է այս մարդկանց համեմատական տրամաբանության մեջ ողջամտության հատիկ որոնել։ Բայց բանն այն է, որ մտքի այս խաղն անկախության առաջին տարիներին ներմուծվում էր նախկին նոմենկլատուրշչիկների կողմից եւ նպատակ ուներ ոչ թե հասարակությանը վերադարձնել հնին (անհնար բան), այլ վարկաբեկել նորը։
Կախում, ինչ խոսք, ունենք շատերից ու շատ բաներից։ Չկա մի պետություն, որը կախում չունենա։ Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում բոյկոտում էին ֆրանսիական ապրանքն, ու քիչ էր մնում Ֆրանսիայի տնտեսությունը վարի գնար։ Հիմա էլ Միացյալ Նահանգներն են կանգնած ընտրության առջեւ՝ դուր գալ հայկական լոբբիի՞ն՝ կորցնելով Թուրքիայի պես հզոր դաշնակցի, թե՞ անտեսել մարդկության դեմ գործված ոճիրը՝ հանուն ռազմական կարեւոր հենակետերի պահպանման։
Ազատ ընտրությունը հնարավորություն է տալիս անկաշկանդ կառավարել բազմազան ու տարատեսակ կախումները։ Եթե ժողովրդից ձայն ես ստացել ու ինքդ քեզ համարում ես ազատ ընտրված ղեկավար, կարող ես Ռուսաստանինը Ռուսաստանին տալ, Ամերիկայինն էլ՝ Ամերիկային։ Բայց եթե կեղծիքներով ու խախտումներով դարձել ես ֆորպոստ մենեջեր, խաղալու մեծ հնարավորություն չունես, պիտի անես այն, ինչ տերդ կկամենա։