«Ձրի պանիրը միայն թակարդում է լինում»
Ժողովրդական ասացվածք
Անցած շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագիծը հավանություն ստացավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովում: Չի բացառվում, որ պալատի խոսնակ Նենսի Փելոսիի թեթեւ ձեռքով օրինագիծը մինչեւ դեկտեմբերի 1-ն ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում: Հիշեցնեմ, որ անցած շաբաթվա դրությամբ՝ Ներկայացուցիչների պալատի 435 անդամներից 225-ը (փաստացի մեծամասնությունը) աջակցում էին բանաձեւին:
Այժմ վերադառնանք Հայաստան եւ փորձենք ոչ էմոցիոնալ, սառը` պրագմատիկ տեսանկյունից քննարկել հարցը, այն, թե ի՞նչ է տալու մեզ այդ օրինագծի ընդունումը: ՀՀ իշխանությունները գտնում են, որ սա հայկական կողմի մեծ հաղթանակն է, որ հայկական լոբբին հասավ իր նպատակին եւ, որ վերջապես արդարությունը, համարյա հարյուրամյա ուշացումով, բայց, այնուամենայնիվ, կվերականգնվի: Սկսենք նրանից, որ թեեւ ես «ազարտնի» մարդ չեմ եւ գրազ գալ չեմ սիրում, սակայն այս պարագայում պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ գրազ գալ ցանկացած գումարի վրա, որ ամերիկացիները, միեւնույն է, այդ օրինագիծը չեն ընդունելու: Իսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովը նախագիծն ընդունել է ոչ հայերի «սիրուն աչքերի» եւ, առավել եւս, ոչ էլ արդարությունը վերականգնելու նպատակով: Պարզապես դա պետք էր նրանց այսօր` հենց այս պահին Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով: Որովհետեւ, եթե ամերիկյան դեմոկրատներն այդքան մտահոգված լինեին Հայոց ցեղասպանության ընդունման խնդրով, ապա դա կարող էին անել դեռ 7-8 տարի առաջ, երբ ԱՄՆ նախագահն էր դեմոկրատ Բիլ Քլինթոնը, որն, ի դեպ, Միացյալ Նահանգների հայազգի ընտրողներին խոստացել էր ընտրվելու դեպքում լուծում տալ այդ խնդրին: Հետեւաբար, այս բանաձեւի ընդունումը բխում է առաջին հերթին ԱՄՆ շահերից: Իհարկե, ես չեմ կարող պնդել, որ այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից՝ պարտադիր պետք է դեմ լինի մեր շահերին: Սակայն, տվյալ դեպքում, կարծում եմ, այն դեմ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին: Ճիշտ այնպես, ինչպես դեմ կլիներ այն փաստը, եթե ՀՀ-ն այսօր ընդուներ ԼՂՀ անկախությունը, ինչի մասին օրեր առաջ նշեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ-ում հանդես էր եկել վերոնշյալ նախաձեռնությամբ: Բնական է, որ յուրաքանչյուր հայի երազանքն է՝ տեսնել Արցախն անկախ, իսկ ցեղասպանության խնդիրը՝ վերջնականապես լուծված: Բայց սա մեծ քաղաքականություն է, եւ յուրաքանչյուր նմանատիպ` միջազգային հնչեղություն ունեցող խնդիր անհրաժեշտ է լուծել այն պահին, երբ համոզված ես, որ «խաղից» դուրս կգաս հաղթողի կարգավիճակով, այլ ոչ թե` երբ պատահի: Սրա մասին ես չէ, որ պետք է ասեմ: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ 106 բանաձեւին հավանություն տվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովը: Թուրքիան «հաթաթա» տվեց ԱՄՆ-ին: Բոլորին էլ հասկանալի է, որ քաղաքական, առավել եւս` տնտեսական առումով ԱՄՆ-ը «թքած ունի» նման հաթաթաների վրա: Որովհետեւ Թուրքիայում աշխատող ԱՄՆ քաղաքացիները երբեւէ չեն արտաքսվի այդ երկրից եւ չեն ձերբակալվի, Թուրքիան չի կարող արգելք դնել ԱՄՆ մտնող կամ ուղարկվող բեռների վրա, եւ, վերջապես, Մեթյու Բրայզայի կինը չի բաժանվի նրանից: Դա են փաստում նաեւ անցյալ տարվա թուրքական նմանատիպ հաթաթաները Ֆրանսիայի հասցեին: Պարզապես, տվյալ պարագայում Հայաստանում կթանկանան, առանց այն էլ՝ օր օրի թանկացող բազմաթիվ թուրքական եւ ոչ թուրքական ապրանքատեսակներ, որոնք Հայաստան էին ներկրվում Թուրքիայով: Եվ այս ամենն՝ ընդամենը նրա համար, որպեսզի նոյեմբերին (մեկ ամիս հետո) Ներկայացուցիչների պալատը հերթական անգամ չընդունի այդ բանաձեւը: Որովհետեւ, արդեն երեկ, DPA լրատվական գործակալությունը` վկայակոչելով «Նյու Յորք թայմս» թերթի հրապարակումը, տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում շուրջ մեկ տասնյակ կոնգրեսականներ հետ են վերցրել օրինագիծը պաշտպանող իրենց ստորագրությունները` մտավախություն հայտնելով, որ բանաձեւի ընդունումը կխաթարի ԱՄՆ-ի հարաբերությունները ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիայի հետ: Իսկ Թենեսի նահանգի ներկայացուցիչ` դեմոկրատ Լինկոլն Դեւիսը, որը մինչ այժմ պաշտպանում էր 106 բանաձեւի նախագիծը, հայտարարել է, որ չարժե՝ այդ բանաձեւի պատճառով ԱՄՆ-ը կորցնի Մերձավոր Արեւելքում իր դաշնակցին:
Եթե այսքանից հետո էլ Ներկայացուցիչների պալատն ընդունի այս աղմկահարույց բանաձեւը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն այն, միեւնույն է, չի վավերացնելու, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է հրապարակավ:
Չգիտեմ, Քուրդիստան պետություն ստեղծե՞լն է պատճառը (այն, որ Միացյալ Նահանգները եւ աշխարհի գերտերությունները որոշել են ստեղծել այդ պետությունը` փաստ է: Հակառակ դեպքում՝ վերջին օրերին կես ժամը մեկ CNN-ով եւ «Euronews»-ով չէին ցուցադրի Քուրդիստանի հավանական քարտեզը կամ քարտեզները), թե՞ Թուրքիայի հարաբերությունների ջերմացումը Ռուսաստանի հետ, կամ թե՝ այդ երկրում իսլամիստների իշխանության գալը, փաստը մեկն է` ԱՄՆ-ը գործում է ոչ թե հանուն հայերի, այլ պարզապես` ընդդեմ թուրքերի: Իսկ մեր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «այն, ինչ արվում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ, չի կարող բերել հաղթանակի»: Այս արտահայտությունը միշտ արվել է իշխանությունների դեմ միավորվող եւ հետագայում պարտվող տրամագծորեն տարբեր հայացքների եւ գաղափարախոսությունների տեր ընդդիմադիրների հասցեին: Ես լիովին համաձայն եմ նրանց հետ: Բայց այդ դեպքում, Հայաստանում 106-րդ բանաձեւի ընդունումը ողջունող բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչներին անհրաժեշտ է հիշեցնել մեր ծնողների խոսքերը. այն է` օտար «ձյաձյաների» տված նվերները երբեք մի՛ վերցրեք: