Փողոցով քայլում են ոչ հայկական արտաքինով երիտասարդներ՝ կոկիկ հագնված, հիմնականում կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ փողկապով։ Նրանց ձեռքին անպայման պայուսակ կամ գիրք կա, իսկ կոստյումին փակցված է ինչ-որ բեյջ… Ընթերցողներից շատերն են տեսել այս զույգերին։ Նրանք Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու քարոզիչներ են կամ պարզապես մորմոններ։
Ովքեր տեսնելուց բացի առիթ են ունեցել են նաեւ մի երկու բառ փոխանակել այս մարդկանց հետ, գիտեն, որ օտարազգի այս քարոզիչները խոսում են փայլուն հայերեն։ Ասում են՝ ձեզնից ենք սովորել։ Մորմոններին կարելի է ճանաչել հենց միայն նրանով, որ միշտ երկու հոգով են շրջում։ Ինչու՞։ Այս հարցը ինձ միշտ հետաքրքրել է, սակայն առիթ չի եղել հարցնել։ Առիթը եղավ վերջերս, շատ պատահական, երբ երթուղային տաքսի բարձրացավ երկու մորմոն, եւ նրանցից մեկը տեղավորվեց իմ նստատեղի հարեւանությամբ։ Աչքս մի պահ ընկավ նրա ձեռքի գրքին՝ հայերեն տառերով վերնագրված «Մորմոնի գիրքը»։ Երիտասարդը (նա ԱՄՆ-ից էր)՝ զգալով, որ նայում եմ գրքին, եւ ինձ ընդունելով որպես իրենց աղանդի պոտենցիալ հետեւորդ, հարցրեց՝ հետաքրքրո՞ւմ է։ Ասացի՝ ընդհանրապես չի հետաքրքրում։ Բայց հետո որոշեցի տալ ինձ այդքան ժամանակ հետաքրքրող հարցը՝ ինչո՞ւ եք դուք միշտ երկու հոգով շրջում։ «Այդպես ավելի ապահով է»,- պատասխանեց նա՝ պարզաբանելով, որ կարող է իրենց վրա հարձակվեն։ Իսկ այդպիսի դեպքեր լինո՞ւմ են, հարցրեցի։ «Դե, ոչ հաճախ, բայց պատահում է»,- ասաց։
Իսկ ահա սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրատարակված «Կրոնական ազատությունների միջազգային զեկույցում» ոչ մի բառ չկա այն մասին, որ մորմոնները հարձակման են ենթարկվել։ Այստեղ կա մի բացատրություն. կամ ամերիկացիները չգիտեն այդ մասին, կամ նման բան գոյություն չունի։ Բայց ամերիկացիների չիմանալը մի քիչ անհավանական է։ Օրինակ, նրանց հայտնի է, որ «հունիսի 1-ին Լուսառատ գյուղի քահանան բառերով վիրավորել է Եհովայի երկու վկաների, ովքեր գյուղամիջում Աստվածաշունչն են քննարկելիս եղել մի կնոջ հետ»։ Վկան բողոքել է, սակայն Ոստիկանությունը գործին ընթացք չի տվել՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այս միջադեպը տեղ է գտել զեկույցում։
Դրանից առաջ, ապրիլի 15-ին, ինչ-որ մեկն ատրճանակով սպառնացել է 2 այլ եհովականների, իսկ մարտին հիմնարկության մյուս աշխատակիցը հարձակվել է գործընկերոջ վրա՝ իմանալով, որ նա աղանդավոր է։ Այս ամենի մասին Պետդեպարտամենտի հետազոտողները գիտեն եւ նշել են զեկույցում, որն, ի դեպ, հետաքրքիր երանգներ ունի։ Այն կարծես Եհովայի վկաների շահերին նվիրված աշխատություն լինի՝ սկսած զինծառայությունից խուսափելու համար դատապարտված եհովականներից՝ մինչեւ մաքսային խնդիրներ։ Այո, պետք չէ զարմանալ. եհովականները բողոքել են, որ արտասահմանից ուղարկված կրոնական գրականությունը մաքսազերծվել է ավելի բարձր արժեքով, քան իրենք սպասում էին։ Ուր էր, թե «Ռոյալ-Արմենիայի» գործն էլ նման միջազգային հնչեղություն ստանար։
Զեկույցում նշվում է, որ թեեւ հայերը ջերմեռանդ հավատացյալներ չեն, սակայն կապն Առաքելական եկեղեցու հետ շատ ուժեղ է։ Ինչ-որ անհասկանալի խանդ է զգացվում, անգամ՝ կշտամբանք, որ Հայ Առաքելական եկեղեցուն մեր սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ է տրված՝ որպես ազգային եկեղեցի։ Մյուս փոքրամասնությունների մասով դժգոհություններ չկան։ Օրինակ, նշվում է, որ չնայած Հայաստանում գործունեություն կարող են ծավալել միայն գրանցված կրոնական կազմակերպությունները, Երեւանում գործող միակ մզկիթը (չգրանցված) գործում է։ Գրանցված չեն նաեւ մոլոկանները կամ եզդիները, սակայն որեւէ խնդիր չկա։ Բողոքներ չունեն նաեւ հրեաները։ Անցյալ տարվա հոկտեմբերին Երեւանում գտնվող Հոլոքոստի հուշարձանը վանդալիզմի ենթարկվեց. անհայտ անձինք ֆաշիստական սվաստիկաներ էին նկարել հուշարձանի վրա։ Զեկույցում նշվում է, որ հուշարձանը փոխվել է, եւ այժմ այն նվիրված է այդ իրադարձություններին զոհ դարձած հրեաներին եւ հայերին։
Եվս մեկ նրբերանգ. Հայաստանին վերաբերող զեկույցում տող անգամ չկար Լեռնային Ղարաբաղում կրոնական ազատությունների իրավիճակի մասին։ Փոխարենն՝ այդ մասին լայնածավալ ինֆորմացիա կարելի է գտնել Ադրբեջանին վերաբերող զեկույցում։
Իսկ զեկույցն ավարտվում է Հազարամյակի մարտահրավերների ծրագրով Հայաստանին հատկացվելիք 235 միլիոն դոլարի մասին՝ հիշեցնելով, որ ծրագրի շարունակությունը կախված է «լավ կառավարման ցուցանիշներից, որոնց մեջ մտնում են նաեւ կրոնական ազատությունների նկատմամբ հարգանքի չափանիշները»։ Հիմա վերադառնանք երթուղային տաքսու մեջ մեզ հանդիպած մորմոնին։ Եթե ամերիկացիներին այսքան մտահոգում է իրենց ծոցից դուրս եկած աղանդների ճակատագիրը, ապա դժվար թե մորմոնների վրա կատարված հարձակումները զեկույցում տեղ չգտնեին։ Կարելի է ենթադրել, որ մորմոնները եհովականների նման «լաչառ» չեն ու լուռ տանում են իրենց լուծը։ Սակայն դա էլ այնքան խելքին մոտ չէ։ Եվ կողքիս նստած մորմոնին, ես, այնուամենայնիվ, հարցրեցի. «Իսկ միգուցե երկուսով եք, որ մեկդ մյուսին հսկի՞` որ մեղքեր չգործե՞ք»։ Դա էլ կա՝ ասաց նա։ Ի դեպ, այս զրույցը ոչ թե հորինված է, որպեսզի այս նյութին շունչ տա, այլ լրիվ իրական։ Իսկ շարունակությունն այսպիսին էր.
– Ստացվում է, որ միմյանց չեք վստահում։ Եվ շա՞տ եք մեղքեր գործում։
– Գրեթե ամեն օր։
– Եթե դուք ինքներդ մեղք եք գործում, ինչպե՞ս եք ուրիշներին քարոզում։
– Մենք ամեն օրվա վերջում ապաշխարում ենք…
– Այսինքն` ձեւը գտել եք։ Իսկ չի՞ լինի, որ ամբողջ կյանքում մեղք գործեք, վերջում բոլորի համար ապաշխարեք ու փրկվեք։
– Ոչ… դուք ասում էիք, որ ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում…
– «Մորմոնի գի՞րքը»… Հա, ի դեպ, որքա՞ն գումար է ծախսվել այդ գրքերի տպագրության համար։
– Չգիտեմ…
– Իսկ որտեղի՞ց են գալիս այդ գումարները, գիտե՞ք…
– Ոչ… Այստեղ պահեք, խնդրում եմ…
Վերջին նախադասությունն ուղղված էր վարորդին։
Հուսով եմ` այս պատմությունը տեղ չի գտնի հաջորդ տարվա զեկույցում՝ որպես մորմոնների նկատմամբ հոգեկան ճնշման փորձ։ Իսկ մտահոգվելու բան այդ զեկույցի մեջ իրոք կա. 1700 տարվա քրիստոնյա ազգի պատկերացումները քրիստոնեության մասին սահմանափակվում են միայն առիթից առիթ եկեղեցում իր եւ իր բարեկամների առողջության ու գործերի հաջողության համար մոմ վառելով։
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու դերին, որը քննադատվում է, ապա կարելի է բերել Մեծ Բրիտանիայի օրինակը։ Անգլիկան եկեղեցու առաջնորդը, ըստ օրենսդրության, համարվում է պետության երկրորդ մարդը՝ թագուհուց հետո։ Սակայն անգլիացիները պարզապես կծիծաղեն, եթե իրենց մեղադրեն կրոնական ազատությունների սահմանափակման մեջ։ Ավելին, նրանք թքած ունեն նման զեկույցների վրա, որովհետեւ իրենք Մեծ Բրիտանիան են եւ հազարամյակի մարտահրավերների ծրագրով փող չեն ստանում։