106-րդ բանաձեւի ընդունումը Հայաստանում եւ Սփյուռքում ցնծությամբ ընդունվեց, բայց դրա միջազգային արձագանքները, մեղմ ասած, տարօրինակ էին։ Սկզբում Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին, բայց չանցած մի քանի օր՝ նույն Թուրքիայի իշխանությունները սկսեցին քննարկել ոչ թե ԱՄՆ-ի, այլ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Դա հասկանալի է. թուրքերն ԱՄՆ-ին պատժել չեն կարող, իսկ Հայաստանին՝ կարող են։ Ընդ որում, արդեն իսկ Թուրքիայում մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել՝ «վիզային ռեժիմը խախտելու» պատճառով։
Ամեն դեպքում, 106-րդ բանաձեւի ընդունումից հետո միջազգային հանրությունը հերթական անգամ արձանագրեց, որ «հայությունը լուրջ գործոն է»։ Հայությունն իսկապես լուրջ գործոն է, իսկ Հայաստա՞նը։ Արդյո՞ք Հայաստանը, որպես պետություն, նույնպես լուրջ գործոն է եւ աշխարհաքաղաքական զարգացումներում որոշակի դերակատարում ունի։ Պարզ ասած՝ արդյո՞ք 106-րդ բանաձեւի ընդունումը ձեռնտու էր Հայաստանի Հանրապետությանը։
Եթե խնդիրը դիտարկենք բարոյական հարթության մեջ՝ պատմական արդարության վերականգնման տեսանկյունից, 106-րդ բանաձեւի ընդունումն անշուշտ մեծ հաղթանակ էր։ Բայց զուտ պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից՝ իրավիճակը բոլորովին այլ է։ Մեր կարծիքով, հարցին պետք է նայել հետեւյալ տեսանկյունից. ի՞նչ կարեւորագույն պրոբլեմներ կան այսօր Հայաստանի առջեւ, եւ այդ պրոբլեմներից քանիսի՞ լուծմանն է նպաստելու 106-րդ բանաձեւի ընդունումը։
Հայաստանը, որպես պետություն, այսօր մի քանի առանցքային պրոբլեմներ ունի։ 1. Ղարաբաղի հարց, 2. Շրջափակման վերացում, 3. Ժողովրդավարության ամրապնդում, 4. Կոռուպցիայի դեմ պայքար, 5. Սոցիալական ծանր վիճակ (հերթականությունը կարող եք փոխել ըստ ցանկության)։ Սկսենք առաջինից։ Արդյո՞ք 106-րդ բանաձեւի ընդունումը նպաստելու է ղարաբաղյան խնդրի հայանպաստ լուծմանը։ Հազիվ թե, որովհետեւ դրա արդյունքում Ադրբեջանի դիրքորոշումը որեւէ փոփոխություն չի կրելու, իսկ Թուրքիան ավելի է կարծրացնելու իր դիրքորոշումը։ Այլ կերպ ասած, այդ բանաձեւի ընդունումից հետո կոնկրետ ղարաբաղյան հարցում մեր դիրքերը ոչ ուժեղանալու են, ոչ թուլանալու։
Արդյո՞ք Հայաստանի շրջափակումը վերացվելու է։ Ամենեւին։ Լավագույն դեպքում՝ իրավիճակը մնալու է նույնը, վատագույն դեպքում՝ Թուրքիան լրացուցիչ պրոբլեմներ է ստեղծելու Հայաստանի համար։
Նպաստելո՞ւ է արդյոք 106-րդ բանաձեւի ընդունումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը։ Բացարձակապես։ Գուցե դրա արդյունքում կոռուպցիայի մակարդա՞կն է նվազելու։ Ճիշտ հակառակը. փակ սահմաններ՝ նշանակում է՝ տնտեսական փակ համակարգ, իսկ դա կոռուպցիայի համար իդեալական միջավայր է։ Գուցե ՀՀ ազգաբնակչության սոցիալական վիճա՞կն է բարելավվելու։ Ճիշտ հակառակը. Թուրքիայից ապրանք բերող մի քանի հազար առեւտրականներ ստիպված են լինելու այլ աշխատանք փնտրել։
Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Սփյուռքի հայկական կառույցներն իզուր են հսկայական ջանքեր գործադրել։ Ոչ իհարկե։ Դրանով հայկական Սփյուռքն իր հզորությունն է ցույց տվել։ Այլ հարց է, որ Սփյուռքի հայկական կազմակերպությունները վերջապես պիտի կողմնորոշվեն եւ այնպիսի քայլեր անեն, որոնք կամ նպաստում են Հայաստանի Հանրապետության պետական շահերին, կամ գոնե չեն վնասում։ Հարցն այլ կերպ դնենք։ Սփյուռքը պիտի կամ անցյալի պրոբլեմներով զբաղվի, կամ ապագայի։ Երկուսը միասին չի ստացվում։
Իհարկե, Թուրքիան Հայաստանի համար բարեկամական երկիր չէ եւ, ամենայն հավանականությամբ, այդպիսին չի էլ դառնալու։ Այո, Թուրքիան հզոր եւ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկիր է։ Բայց Հայաստանն այսօր մի շարք պրոբլեմներ ունի, որոնց լուծման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան գոնե ժամանակավորապես մեր նկատմամբ զսպի թշնամանքը։ Հայաստանի պետական շահը դա է պահանջում։ Այդ նույն պետական շահն, ի դեպ, պահանջում էր, որ Հայաստանը գոնե պաշտոնապես շնորհակալություն չհայտներ ԱՄՆ օրենսդիրներին եւ դրանով իսկ որպես պետություն չմասնակցեր Թուրքիայի նվաստացման «գործընթացին»։ Համենայն դեպս, դրանից Հայաստանը ոչինչ չշահեց։
Իսկ զուտ բարոյական չափանիշներով առաջնորդվելը շքեղություն է, որն այսօր իրեն կարող է թույլ տալ միայն Սփյուռքը։