Մի՛ կրակեք շների վրա

12/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Աննա Մութաֆյանն ու Նունե Մեհրաբյանը պատահաբար են ծանոթացել: Երկուսով օգտվել են նույն տաքսի-ծառայությունից: Երթեւեկությունների ժամանակ ծառայության վարորդներից մեկն իմանում է, որ աղջիկները նույն մտահոգությունն ունեն՝ ինչպես վերացնել թափառական շների սպանդը: Այդպես ծանոթանում ու սկսում են համագործակցել: Աննան մասնագիտությամբ բժիշկ է, Նունեն՝ դաշնակահար: «Թափառական շների սպանդն ահավոր հոգեբանական սթրեսների պատճառ է հանդիսանում, ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ հատկապես երեխաները գիշերային այդ կրակոցներից հոգեբանական լուրջ խնդիրների առաջ են կանգնել»,- ասում է Աննան: Աղջիկներն այդ սպանդից ու նրա հետեւանքներից խուսափելու մի ելք են տեսել՝ կառուցել թափառական շների կացարան:

Այս ծրագիրն իրականացնելու համար բազմաթիվ դռներ են բախել: «2003 թվականին ես անգամ նամակ գրեցի Բրիջիդ Բարդոյին: Նա պատասխան նամակում ինձ երեւանյան մի հասցե էր ուղարկել, ուր ես կարող էի դիմել, ու ինձ կօգնեին: Ես գնացի այդ հասցեով, սակայն պարզվեց` ինձնից առաջ ինչ-որ մեկը՝ Բենգլյանց ազգանունով, ավելի ճարպիկ էր գտնվել, ներկայացել էր նման ծրագրով, փողերը վերցրել ու անհետացել,- պատմում է Աննան,- ստիպված էի կրկին նամակ գրել Բարդոյին: Ներկայացրեցի իրավիճակը»: «Ուրեմն դուք ապագա չունեցող երկիր եք»,- պատասխանել է Բարդոն: Թեեւ խորհուրդ է տվել, այնուամենայնիվ, գործ անել: «Եթե տեսնեմ՝ իսկապես գործ անում եք, գուցեեւ որոշեմ օգնել»,- պատասխանել է Աննային:

Դրանից հետո բազմաթիվ գերատեսչությունների ու բարեգործական կազմակերպությունների դռներ են ապարդյուն թակում: Հետո սկսում են իրենց փոքրիկ միջոցներով քիչ-քիչ գործ անել: Սկզբում տարածք են վարձակալում շների համար: «Հիմա արդեն տարածքի խնդիր էլ չունենք,- ասում է Նունեն: Վարձակալված տարածքն արդեն սեփականաշնորհել են. Նունեի սեփականությունն է: Արդեն 8-9 ամիս այստեղ շինարարական աշխատանքներ են կատարվում: Շների համար կառուցել են 70 առանձին կացարաններ, վիրահատարան, խոհանոց, շուտով պատրաստ կլինի նաեւ խաղահրապարակը: Արդեն շուրջ 50 թափառական շուն կացարան, ամենօրյա սնունդ ու խնամք ունի: Շներն այստեղ հայտնվում են հիմնականում ծանոթ-բարեկամների միջոցով. «Վերջերս, օրինակ, դերասանուհի Նելլի Խերանյանն էր զանգել, որ իրենց բակում շուն կա, չորս ձագերի հետ: Բնակիչներն ահազանգել էին, ու համապատասխան ծառայությունից եկել շներին տարել էին, որ սպանեն: Բարեբախտաբար Նելլիի ամուսնուն հաջողվել է գնալ եւ փրկել շներին: Շները հիմա մեզ մոտ են»: Նոր բերվող շներն անպայման համապատասխան բժշկական զննման են ենթարկվում, ստերիլիզացվում, հետո նոր միայն միանում կացարանի առողջ բնակիչներին: Աղջիկներն այս ամենն առայժմ անում են իրենց, ընկերների, բարեկամների եւ հատուկենտ բարի մարդկանց նյութական միջոցներով:

«Ես լսել եմ, որ կառավարությունը 13 մլն դրամ է հատկացրել թափառական շներին կրակելու համար: Եթե նրանք այնքան բարի լինեն, որ այդ գումարները մեզ հատկացնեն, մենք այդ բոլոր շներին կկարողանանք տեր կանգնել: Բազմաթիվ շներ բակերում են ապրում, ու հաճախ, երբ մենք ուզում ենք նրանց վերցնել, բնակիչները խնդրում են՝ ի՜նչ կլինի, մի՛ տարեք մեր շանը: Նման դեպքերում գոնե կվերցնենք, կպատվաստենք, համապատասխան վիրահատություն կանենք, որ չբազմանան, ու կվերադարձնենք նույն բակ՝ թող ապրեն ինչքան կապրեն,- ասում է Աննան,- իսկ այն շները, որ կատաղություն ունեն, կարելի է ապաստարանում պահել, պարտադիր չի սպանել: Երբեմն շունը երբ կծում է, ասում ենք՝ կատաղած է, բայց կատաղությունը վիրուս է, իսկ նման վիրուսակիրները շատ քիչ են, այդ կատաղության պատճառն էլ են մարդիկ, այնքան են խփում ու հալածում, որ շունը ստիպված շուռ է գալիս ու կծում»: Կատաղություն ունեցող շների համար նրանք առանձին կացարան են ուզում կառուցել: Քաղաքապետարանը խոստացել է տարածք հատկացնել Նուբարաշենում: «Այս շների մեջ քիչ չեն նաեւ մաքուր ցեղական շները,- պատմում է Նունեն,- նրանց տերերը փոքր-ինչ դժվարության հանդիպելով՝ կենդանուն փողոց են նետել»: Աղջիկներն ուզում են նաեւ օրենք մշակել ընտանի կենդանիների համար: «Եթե մարդը բավարար պայմաններ ու հնարավորություն չունի տանը կենդանի պահելու համար, նրան պետք է արգելվի դա,- համոզված է Նունեն,- Եվրոպայում այդպիսի օրենք գործում է, մեզ էլ չի խանգարի նման օրենքի կիրառումը, դա կօգնի խուսափել բազմաթիվ խնդիրներից»:

Շների այդ «ՇԿԻԴ հանրապետությունում» դեռ բավականին գործ կա անելու՝ շատ թե քիչ «մարդավարի» պայմաններ ստեղծելու համար: Աղջիկներն ամեն օր զբաղված են միջոցներ հայթայթելով ու օրական մի բան են փորձում ավելացնել: Նրանք մեր օգնության կարիքն ունեն: