Աշխատանքի շուկա՝ կառավարությունում

20/10/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Շաբաթ օրը Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ: Նախաձեռնողը Զբաղվածության ծառայության գործակալությունն էր` USAID-ի, Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի եւ մի քանի այլ կազմակերպությունների հետ միասին:

Միջոցառման նպատակն էր` ստեղծել հնարավորություն, որ աշխատանք փնտրողները կարողանան գործատուների հետ ուղղակի կապ հաստատել: Միջոցառումն իսկապես հաջողված էր այն առումով, որ ներկայացել էին մոտ 100 կազմակերպություններ եւ, հավանաբար, մի քանի հազար հոգի էլ՝ աշխատանք փնտրողներ: Առավոտյան ժամը 10-ից մինչեւ միջոցառման ավարտը կառավարության շենքի երեք հարկերը լիքն էին աշխատանք փնտրողներով: Գործատուները դիմողներին համբերատար ներկայացնում էին, թե ինչ մասնագիտության եւ ինչ գիտելիքների տեր աշխատողներ են փնտրում: Ներկայացել էին ամենատարբեր ոլորտների գործատուներ, սակայն մեծամասնություն էին կազմում տուրիստական, անշարժ գույքի եւ խորհրդատվական գործակալությունները կամ ծառայությունների ոլորտի ընկերությունները: Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք այսօր կազմում են ժամանակակից Հայաստանի տնտեսության հիմնական մասը: Ի դեպ, նմանատիպ որոշ ընկերություններ միջոցառմանը մասնակցում էին ոչ այնքան աշխատող գտնելու, որքան ներկայանալու նպատակով: Առհասարակ այդ 100 կազմակերպությունները հիմնականում անկախության տարիներին էին ստեղծվել: Իսկ անկախության տարիներին մասնագիտություն ձեռք բերած երիտասարդներն իրենց ցանկությունների մեջ նույնպես միմյանցից շատ չէին տարբերվում: Նրանք փնտրում էին հիմնականում ժամանակակից՝ մենեջերի, մարկետոլոգի, իրավաբանի, տնտեսագետի, հաշվապահի, թարգմանչի աշխատանք: Զարմանալի էր, որ այդ գործատուների շարքում հանդիպում էին նաեւ խորհրդային տարիներից մեր օրեր հասած այնպիսի ընկերություններ, ինչպիսիք էին սարքավորումներ եւ հաստոցներ արտադրող «Էլեկտրասարք» կամ «Արմավիրի հաստոցաշինական» գործարանները: Այս երկու ընկերությունների ներկայացուցիչները մյուսների կողքին բավական շփոթված էին, որովհետեւ նրանց փնտրած մասնագետներն այսօր հազվագյուտ են: Նրանք ունեն բարձրակարգ էլեկտրիկի, փականագործի, ֆրեզերագործի, խառատի կարիք: Այս մասնագիտությունները մեր օրերում համարվում են «սովետական», եւ այդ մասնագիտություններին տիրապետում են հիմնականում 55-60 տարեկան մարդիկ: Երիտասարդները չեն ցանկանում գործարաններում բանվորի աշխատանք կատարել: Ցանկության դեպքում էլ բարձր աշխատավարձ են ուզում: «Մեր բանվորների միջին աշխատավարձը 120.000-150.000 դրամ է,- ասում է «Էլեկտրասարք» ընկերության ներկայացուցիչ Արմենը: -Բայց եթե պետք է ընդունենք անփորձ երիտասարդի, այդքան չենք վճարի: Սկզբնական շրջանում նա պետք է հմտանա: Վճարումը մեզ մոտ գործարքային է: Եթե կարողացան վարպետ դառնալ, 200.000-250.000 դրամ էլ կստանան: Մենք այդքան ստացող ընդամենը մի վարպետ ենք ունեցել, բայց նա արդեն չի աշխատում»: «Այսօր չկան խորհրդային տարիների ուսումնարաններն ու տեխնիկումները, որոնք մեզ փականագործ ու խառատ կտային,- ասում է Արմավիրի հաստոցաշինական գործարանի ներկայացուցիչ Հերմինե Գրիգորյանը: -Գալիս են բարձրագույն կրթության հարյուրավոր երիտասարդներ, ովքեր իրավաբանի ու տնտեսագետի աշխատանքից բացի, ուրիշ գործ չեն ուզում: Մեզ մի իրավաբան ու մի տնտեսագետ է անհրաժեշտ, բայց բարձրակարգ շատ բանվորների կարիք ունենք»: «Գաջ» ընկերության ներկայացուցիչը փնտրում էր ընդամենը մեկ բարձրակարգ մեխանիզատորի, որին պատրաստ էր մինչեւ 200.000 դրամ աշխատավարձ վճարել, սակայն այդպես էլ չկարողացավ գտնել: Կռունկավարի, զոդողի, էլեկտրիկի, հերթափոխի պետի եւ այլ` 30-50 բարձրակարգ մասնագետների կարիք ուներ նաեւ «Արմենիա մոլիբդեն փրոդաքշըն» ընկերությունը: Բարձր որակավորում ունեցող ինժեներ-մետալուրգի կամ տեխնոլոգի կարիք ուներ «Մաքուր երկաթ» ընկերությունը: Եթե մյուս ընկեությունների ներկայացուցիչներն ակտիվ բանակցությունների մեջ էին մտնում միանգամից մի քանիսի հետ, ապա այս գործարանների ներկայացուցիչները տխուր ու հիասթափված նայում էին գեղեցիկ հագնված ու սլացիկ կազմվածքով երիտասարդ աղջիկների ու տղաների խմբերին, ովքեր փնտրում էին միայն մենեջերի, իրավաբանի, տնտեսագետի, մարկետոլոգի աշխատանք: Այս միջոցառման ընթացքում արդեն ոչ միայն հասկանալի, այլ տեսանելի էր դառնում, թե որքան են իրարից հեռացել Հայաստանի կրթական ոլորտն ու աշխատանքի շուկան: Հայաստանի բուհերը յուրաքանչյուր տարի «արտադրում են» հազարավոր անորակ իրավաբաններ ու տնտեսագետներ, թարգմանիչներ ու բժիշկներ, որոնք իրենց մասնագիտությամբ աշխատանք չգտնելու դեպքում դառնում են ականջ խլացնող երգիչներ, մենեջերներ ու գործակալներ: Դժվար է ասել, թե այս 15 տարիների ընթացքում Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումների համար որքան բյուջետային ու վարկային գումարներ են ծախսվել: Եվ այս շուկայում ընդամենը կես ժամ պտտվելուց հետո էլ պարզ է դառնում, որ ոչ միայն այդ գումարներն են փոշիացվել, այլեւ խորհրդային տարիներին ստեղծված կրթական համակարգն է ոչնչացվել: Արդեն 5-6 տարի է, ինչ ամենաբարձր մակարդակով քննարկվում է, որ Հայաստանի աշխատանքային շուկան ունի բանվորական մասնագետների մեծ պահանջարկ: Գործարանները պատրաստ են բարձր աշխատավարձ վճարել նման մասնագետներին: Անհրաժեշտ է վերականգնել միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունները՝ խառատներ, փականագործներ, էլեկտրիկներ եւ այլ մասնագետներ պատրաստող տեխնիկումներն ու ուսումնարանները: 55-60 տարեկան փականագործներն ու խառատներն ընդամենը 5-6 տարի հետո ոչ միայն չեն կարողանա աշխատել, այլեւ չեն կարողանա իրենց փորձը երիտասարդներին փոխանցել: Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի քիչ թե շատ աշխատող արդյունաբերությունը կփլուզվի ոչ միայն դոլարի արժեզրկումից, այլեւ մասնագետների պակասից: Այս հարցը տարբեր ամբիոններից բարձրացվելուց բացի, որեւէ լուրջ ուշադրության դեռեւս չի արժանանում: Մյուս կողմից, եթե հավատանք այն կարծիքին, թե ՀՀ իշխանությունները ցանկանում են Հայաստանը դարձնել ոչ թե արտադրող եւ ինքնուրույն տնտեսություն ունեցող, այլ սպառող եւ հյուրանոցներ ու խանութներ բազմացնող երկիր, ուրեմն ամեն ինչ տեղի է ունենում պլանավորված` սցենարին համապատասխան: Հավանաբար հենց դա էլ գիտակցել են երիտասարդները, ովքեր ուզում են մենեջեր ու թարգմանիչ աշխատել, եւ ոչ թե՝ խառատ կամ փականագործ: