Թույլատրե՞լ է, թե՞ չի թույլատրել

20/10/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ Բնապահպանության նախարարությունն արտոնել է «Վալեքս գրուպի» մեջ ընդգրկված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին (ACP)՝ լրացուցիչ ուսումնասիրել եւ նպատակահարմարության դեպքում շահագործել Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը:

Նշենք, որ այդ հանքավայրի շահագործման վերաբերյալ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վերջերս հայտարարել է, թե այս պահին դադարեցվել են հանքավայրի շահագործման նախնական աշխատանքները, եւ դեռեւս այս հարցը քննարկվում է: Իսկ ահա «Արմենիան Քափըր Փրոգրամից» էլ հայտարարել են, որ հանքավայրի համար բոլոր թույլտվություններն արդեն պատրաստ են: Այս հակասությունների մասին երեկ լրագրողներին տեղեկացրել են տնտեսագետ Անդրանիկ Տերտերյանը եւ ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության փորձագետ Գուրգեն Սարգսյանը: Բանախոսները որոշ մանրամասներ ներկայացրեցին, թե երկիրն ինչ ահռելի վնասներ է կրելու Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում: Ամենաառաջին խնդիրը խմելու ջրի հարցն է. Շնող գետի վտակները սկիզբ են առնում հանքահանման համար նախատեսված տարածքներից եւ համարվում են Թեղուտ եւ Շնող գյուղերի խմելու եւ ոռոգման ջրի միակ աղբյուրը: Հայաստանը հանքերի շահագործման բազում նախադեպեր ունի, սակայն նշյալ դեպքն ահռելի անտառածածկ տարածք է ոչնչացնելու: Ասուլիս հրավիրածները տիրապետում էին նաեւ ACP-ի ներկայացրած ծրագրի որոշ մանրամասների: ACP-ն իր ներկայացրած նախագծում նշել է. «Պոչամբարը կառուցվելու է Պակասաջուր գետի հովտում, որը հնարավորություն կտա տեղադրել 180մլն խմ պոչեր: Պոչամբարի եւ նրան հարակից կառույցների համար պահանջվող տարածքը կազմում է մոտ 170-180հա»: Նախատեսվող պոչամբարի տեղանքը գտնվում է բնակավայրերից բարձրադիր վայրում, ջրագոյացման-ջրամատակարարման հանգույցում, անտառածածկ վայրում, բարձր թեքությունների վրա եւ գետի հունում: Սա նշանակում է, որ պոչամբարի կառուցումն այդ վայրում անթույլատրելի է: Պոչամբարի կառուցման համար պետք է փոխվի Պակասաջուր գետի հունը, որը պետք է անցնի կիրճի սարալանջում կառուցվելիք արհեստական կանալով: Պարզ է, որ հանքը փակելուց հետո կանալն աստիճանաբար քայքայվելու է, եւ գետը կրկին վերադառնալու է իր մոռացված հունին` արդեն ճեղքելով պոչամբարի մարմինը, ինչն ուղղակի աղտոտելու է Դեբեդ գետի ողջ ավազանը: Որպեսզի պարզ լինի, թե պոչամբար ինչ ծավալներ են նետվելու, նշենք, որ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի Նազիկ գետի կիրճում գտնվող պոչամբարի ծավալը չի գերազանցում 1մլն խմ-ն: Նազիկ գետի կիրճում պատկերն արդեն բավականին տխուր է, իսկ Թեղուտի պոչամբարի ծավալը ոչ թե 1մլն, այլ` 180-ից 540 մլն խմ է նախատեսվում: Թեղուտի հանքավայրը նախատեսվում է շահագործել բաց եղանակով: Սա նշանակում է, որ սարի գլխից քանդելով իջնելու են մինչեւ ստորոտ, որի արդյունքում տվյալ սարը վերանալու է: Բնականաբար հանքաքարի արդյունահանման ժամանակ էլ բնաջնջվելու է բուսական եւ կենդանական աշխարհը: Բանախոսները որոշակի հաշվարկներ էին արել, թե շրջակա միջավայրին որքան վնասներ է հասցնելու շահագործողը: Ապագա շահագործողը` ACP-ն նույնպես կատարել էր իր հաշվարկները եւ ներկայացրել, որ պատրաստ է պատճառած տնտեսական վնասների համար փոխհատուցել 2.078 մլրդ դրամ: Բնականաբար, ասուլիսի մասնակիցները համաձայն չէին այս թվաբանության հետ եւ հիմնավորում էին, որ ACP-ի ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ, նշել են, որ փաստաթղթում մոտ 42 հազարով պակաս են ներկայացրել հատվելիք ծառերի քանակը (նշել են, որ հատելու են 127.700 ծառ, մինչդեռ իրականում հատվելու է 170.833 ծառ): Այս տարածքում ոչնչացվելու է 55 հազար հազվագյուտ եւ 45 հազար արժեքավոր ծառ: Իսկ, եթե ACP-ն հանքավայրը շահագործի փակ եղանակով, ըստ բնապահպանության նախարարի՝ կրկին վտանգված է բուսական եւ կենդանական աշխարհը: «Պատկերացնո՞ւմ եք, հանքաքարը հանելուց հետո ընդերքում մի խոռոչ է մնում, որը նույնքան վտանգավոր է անտառների հետագա պահպանման համար»,- ասում է Արամ Հարությունյանը: «Թեկուզեւ՝ այդպես, սակայն այս դեպքում նվազում է փոշու արտանետումների եւ լեռնաղբյուրների աղտոտման վտանգը»,- հիմնավորում է մյուս կողմը: Փակ շահագործումը գրեթե 5 անգամ թանկացնում է հանքաքարի արդյունահանումը, եւ այստեղ բոլոր կողմերն էլ համակարծիք են, որ կարող է շահագործողը շահույթ չստանալ: Սակայն այստեղ բացակայում է տնտեսական լուրջ փորձաքննությունը: Արդյո՞ք հանքավայրի ունեցած պաշարների մասին իրական թվերն են ներկայացվում: