Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի համար 2000թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) հատկացրած 30 մլն դոլար վարկը ու ՀՀ կառավարության հատկացրած 5 մլն դոլար սուբսիդիան չարաշահումներով օգտագործելու մասին իր պնդումներն է շարունակում ներկայացնել անգլիացի ինժեներ Բրյուս Թասկերը:
Վերջինս 2003-2004թթ. աշխատել է Ազգային ժողովի օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների եւ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովում եւ խորությամբ հետազոտել է Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ողջ ծրագիրը: 2004թ. մարտին հանձնաժողովի նախագահ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը խոստացավ աշխատանքների ավարտից հետո ամբողջական հաշվետվությունը եւ չարաշահումների մասին բոլոր փաստերը ներկայացնել, սակայն մինչ օրս ոչինչ չի ասել: Այս տարի պրն Թասկերը դիմել է Վաշինգտոնի Մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կազմակերպությանը՝ GAP-ին, եւ ներկայացրել է իր մեղադրանքների ապացույցները: GAP-ի հետ միասին Թասկերը նամակ-պահանջով դիմել է ՀԲ Ինստիտուցիոնալ անաչառության վարչություն՝ INT, չարաշահումների մասին ներկայացրած փաստերն ուսումնասիրելու համար: Իսկ ՀԲ-ն երկու օր առաջ հաղորդագրություն տարածեց, թե «ձեռք բերված լրացուցիչ փաստաթղթերի նախնական ուսումնասիրություններն առ այսօր չեն հայտնաբերել նրա (Թասկերի) մեղադրանքները կամ Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում զեղծարարությանը կամ կոռուպցիային առնչվող խնդիրներին վերաբերող հիմնավոր փաստեր»: Այժմ Բ. Թասկերը որոշել է նաեւ հանրությանը ներկայացնել Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրում կատարված չարաշահումներից մի քանի փաստեր: Դրանով պարոն Թասկերը նախ ուզում է տեղեկացնել, թե այդ վարկային ծրագրում ֆինանսական ինչ մեքենայություններ են կատարվել, եւ ապացուցել, որ մեղադրելու համար ինքը փաստեր ունի:
Եվ այսպես, Բ. Թասկերի խոսքերով, ՀՀ կառավարության 2002թ. 1302 որոշման համաձայն՝ «Ալկոն» տեղական անկախ աուդիտորական ընկերությունը վերագնահատել է «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերության շարժական գույքն ու սարքավորումները եւ հաշվարկել է, որ դրանք արժեն մոտ 1 մլն դոլար: Այդ նույն ժամանակ ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում նաեւ ԵՋԿ-ն, որտեղ նույնպես արված է ընկերության շարժական գույքի գնահատումը: Թասկերը ցույց տվեց այդ հաշվետվությունը, որտեղ երեւում էր, որ ԵՋԿ-ն իր մեքենաներն ու սարքավորումները գնահատել է նախ 0,5 մլն դոլար, հետո այդ գումարը 200 անգամ մեծացել է եւ հասել 100 մլն դոլարի: Դրանից հետո նորից վերագնահատում է տեղի ունենում, գույքն արժեզրկվում է, հանվում են ամորտիզացիոն ծախսերը եւ հաշվետվության վերջնական արդյունքում ԵՋԿ-ի շարժական գույքը գնահատվում է 25 մլն դոլար: Բացի այդ, ԵՋԿ-ն ներկայացնում է, որ 6 մլրդ դրամի ամորտիզացիոն վնաս է կրել: Տեղեկացնենք նաեւ, որ այդ ֆինանսական հաշվետվությունը ԵՋԿ-ում արվել է ամեն տարի, դա վերահսկել է KPMG անկախ աուդիտորական ընկերությունը, որից հետո ստուգել է Համաշխարհային բանկը: Դրա մասին տեղյակ են եղել Ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ Համայնքների զարգացման ԾԻԳ-ը: Այսինքն` գնահատման այս փոփոխություններին տեղյակ են եղել տեղական ու օտարերկրյա այս բոլոր կառույցները: Թասկերը զարմանում է, որ ոչ մեկի համար տարօրինակ չի եղել, որ ԵՋԿ-ի գնահատման ժամանակ ընկերության շարժական գույքի գինը կես մլն դոլարից միանգամից հասել է 100 մլն դոլարի, հետո իջել է մինչեւ 25 մլն դոլար: Բրիտանացի ինժեների պնդմամբ` այս շարժի մեջ թաքնված է մեծ չարաշահում կամ ֆինանսական մեքենայություն:
Բանն այն է, որ ՀԲ-ի վարկի դիմաց պետք է գրավ դրվեր ԵՋԿ-ի ողջ շարժական ու անշարժ գույքը: Դա ՀԲ-ի պայմանն է: Թե որքանո՞վ է արդար այն, որ ընդամենը 30 մլն դոլար վարկի համար պետք է գրավ դրվի քսանապատիկ ավելի թանկ արժեցող Երեւանի ջրամատակարարման համակարգը, այլ հարց է: Փաստն այն է, որ մերոնք նախօրոք ընդունել են այդ պայմանը, սակայն հետո որոշել են գրավ դնել միայն շարժական գույքը: Թասկերի ասելով` հենց դրա համար էլ ԵՋԿ-ն իր մեքենաներն ու սարքավորումներն այդքան թանկ է գնահատել: Բրիտանացի ինժեների ասելով՝ ԵՋԿ-ի շարժական գույքի արժեքն իրականում այնքան էր, որքան գնահատել էր «Ալկոնը»՝ մոտ 1 մլն դոլար: Իսկ ԵՋԿ-ի շարժական գույքը խորհրդային տարիներից ժառանգություն մնացած մաշված մեքենարներն ու սարքավորումներն էին: Եվ ահա ՀԲ-ի 30 մլն դոլար վարկն ապահովված է եղել ԵՋԿ-ի միայն շարժական գույքով, որը «ֆինանսական մեքենայությունների» արդյունքում կես միլիոնից դարձել է 100 մլն դոլար, հետո՝ 25 մլն դոլար արժողության: Սակայն բոլոր տարիների հաշվետվությունների մեջ ներկայացվել է, թե գրավը եղել է շարժական եւ անշարժ ողջ գույքը: Առաջին հայացքից թվում է, թե մեր իշխանությունները «շուստրիություն» են արել եւ խաբել են ՀԲ-ին: Սակայն դա շատ միամիտ կարծիք կլինի Հայաստանից շատ ավելի ուժեղ երկրներում ջրամատակարարման համակարգեր ֆինանսավորող ՀԲ-ի համար: Միամիտ կլինի նաեւ կարծել, որ ՀԲ-ն մինչեւ հիմա չգիտի, որ իր վարկի դիմաց դրված է եղել միայն շարժական գույքը: Հավանաբար, ամեն ինչ տեղի է ունեցել փոխհամաձայնության եւ չարաշահումների հիմքի վրա: Իսկ գրավի տակ չընկած ԵՋԿ-ի անշարժ գույքը՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը, այդպիսով հնարավոր կլինի հետագայում նաեւ սեփականաշնորհել, ինչը բոլորովին հեռու չէ մեր իշխանություններից: Ահա հենց այստեղ է թաքնված վտանգը:
Թասկերի ասելով՝ սա ընդամենն այն փաստերից մեկն է, որ նա ուղարկել է GAP-ին: GAP-ն այս փաստաթղթերն ընդունել է, ուսումնասիրել եւ այս տարվա մարտի 29-ին դիմել է INT-ին: Սա մի կառույց է, որն ուսումնասիրում է բանկում տեղի ունեցող չարաշահումները: Սակայն դժվար է ասել, թե այս վարչությունը որքանո՞վ է անաչառ մի գրասենյակի կատարած չարաշահումները քննելիս, որի հետ միասին գտնվում է նույն կառույցի մեջ: Ինչ-որ տեղ նույնիսկ կարելի է մտածել, որ INT-ն մի բաժին է, որը պաշտպանում է ՀԲ-ին: Ինչեւէ: GAP-ը մեկ անգամ էլ հոկտեմբերի 15-ին է դիմել INT-ին` հարցնելով, թե ի՞նչ տիպի փաստաթղթեր կամ ապացույցներ են անհրաժեշտ, որ Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին ծրագրում տեղի ունեցած չարաշահումների հետ կապված գործը համարի կարեւոր եւ սկսի ուսումնասիրել: INT-ն մինչեւ հիմա ո՛չ GAP-ից, ո՛չ էլ Թասկերից այդ մեղադրանքներն ապացուցող ոչ մի փաստաթուղթ չի պահանջել: Այս շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենում ՀԲ եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովը, որին պետք է մասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Համաժողովում այսօր լսվելու են ՀԲ-ի վարկերով տարբեր երկրներում ջրամատակարարման համակարգերի սեփականաշնորհման հետ կապված հարցերը: Եվ հենց այդ ժամանակ GAP-ը պետք է ներկայացնի Երեւանի ջրամատակարարման համակարգի հետ կապված իր ունեցած փաստաթղթերի փաթեթը: