Մնաց հաստատեն

20/10/2007

Մինչեւ հոկտեմբերի 15-ը նախաորակավորման հանձնաժողովը պետք է որոշեր, թե որ կազմակերպություններն են անցել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կառավարման համար սահմանված նախաորակավորման փուլը: Կապի եւ տրանսպորտի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանից տեղեկացանք, որ նախաորակավորման փուլն անցել են «Հայկական երկաթուղով» հետաքրքրված երկու կազմակերպություններն էլ: Հիշեցնենք, որ միջազգային մրցույթով կառավարման հանձնվող «Հայկական երկաթուղու» համար հայտ են ներկայացրել երկու ընկերություն` «Ռուսաստանի երկաթուղիներն» եւ հնդկական «Ռայթսը»: «Բուն մրցութային հայտերի բացումը նախատեսվում է հունվարի 15-ին, որտեղ էլ պարզ կդառնա հաղթող կազմակերպության անունը: Դեռեւս ֆիքսված չէ, թե որքան են տեւելու «Հայկական երկաթուղին» հանձնելու բանակցությունները: Կոնցեսիոն պայմանագրով «Հայկական երկաթուղին» կառավարման է հանձնվելու 30 տարով, եւ ներդրումների չափը պարզ կլինի ընկերությունների առաջարկից»,- ասում է Բախտամյանը: Նշենք, որ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՌԴ-ն 30 տարում կատարելու է մոտ 120մլն դոլարի ներդրում, որն ավելի շատ պահպանման ծախս կարելի է համարել: Ռուսաստանի համար հայկական երկաթուղին շահավետ բիզնես չի համարվում: Չի բացառվում, որ ռուսական կողմն ընդհանրապես դադարեցնի ներքին ուղեւորափոխադրումները, քանի որ երկաթուղին այստեղ վնասով է աշխատում: Այս ծրագիրը Ռուսաստանին ֆինանսական օգուտ կբերի միայն Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից հետո: Իսկ մրցույթի մասնակից երկրորդ` հնդկական կազմակերպությունը, ըստ ինտերնետում եղած հրապարակումների, մայիսին ձեռք է բերել Տանզանիայի երկաթուղու 51 տոկոսը եւ առաջին հինգ տարիներին կատարելու է 44մլն դոլարի ներդրում: 1974-ին ստեղծված այս ընկերությունը մասնագիտացած է երկաթուղու կառավարման ոլորտում: Մեր հարեւան Իրանում էլ «Ռայթսը» զբաղվում է երկաթուղային ուղեւորափոխադրումների մենեջմենթով` ներառյալ նաեւ միջազգային ծրագրերով: Ասիայի, Միջին Արեւելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի մետ 20 երկրների երկաթուղային համակարգում վերջինս ներկայումս որոշակի գործունեություն է իրականացնում: