Սակայն անցյալ շաբաթ, երբ նրա որդին` երկամյա Ալենը, ջերմություն ուներ, նա երեխային տարավ Ծովակի նոր ամբուլատորիա, որտեղ բուժումն անվճար է:
«Բժիշկներ առանց սահմանի» (ԲԱՍ) կազմակերպության Բելգիայի մասնաճյուղը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում գյուղական հինգ բժշկական կենտրոն է բացել։ ԲԱՍ-ը վերանորոգել է ամբուլատորիաների շենքերը եւ ապահովել դեղորայքն ու բուժսպասարկումը։ Եվս երեք բժշկական կենտրոն կբացվի Ճամբարակի շրջանում։ Այս տարի մեկնարկած «Անվճար բուժօգնություն բոլորի համար» ծրագիրը կգործի հինգ տարի եւ կբուժի մարզերի բնակիչների հիվանդությունների 70%-ը։
Երեք գյուղերում ԲԱՍ-ն աշխատանքի է հրավիրել բժիշկների եւ նրանց աշխատավարձ է վճարում, իսկ երկուսում աշխատում են նախկին բժիշկները եւ հավելավճար ստանում ԲԱՍ-ից։ Հավելավճար են ստանում նաեւ բուժքույրերը։ Օրինակ` Ծովակ գյուղի բուժքույր Էվելինան պետությունից ստանում է 4000 դրամ աշխատավարձ(կես դրույք), ԲԱՍ-ը հավելյալ նրան վճարում է 13.000 դրամ։ Եթե որեւէ բուժաշխատող հիվանդից փող վերցնի, կհեռացվի ծրագրից։
Երկու ամսվա ընթացքում ամբուլատորիաներ է այցելել մոտ 3000 մարդ։ Ծրագիրը կսպասարկի 15.000 հոգու, իսկ որոշ ժամանակ անց, սպասվում է, որ այդ թիվը կքառապատկվի։ Տարեկան ծրագրին կհատկացվի մոտ 400.000 եվրո։ Ինչպես Հայաստանի շատ մարզերում, Գեղարքունիքում էլ գյուղական առողջապահական կառույցները քայքայված են. «Մենք ընտրեցինք Գեղարքունիքը, քանի որ այն Հայաստանի ամենաաղքատ շրջաններից է,- ասում է ծրագրի համակարգող Լայլա Լոխթինգը: -Առողջապահական ցուցանիշներն այստեղ ամենավատն են»։
Հայաստանի գյուղական շրջաններում, մասնավորապես` Գեղարքունիքում, 1000 նորածիններից 50-ը մահանում է (հանրապետության ընդհանուր ցուցանիշը 1000-ից 36 է), երեխաների 31%-ը սակավարյունություն ունի։ Հղիների կեսը բուժսպասարկում չի ստանում, ծննդաբերությունների կեսը լինում է տնային պայմաններում։
Խորհրդային տարիներին Ծովակի ամբուլատորիայում մշտական բժիշկ կար, որը սպասարկում էր նաեւ շրջակա գյուղերը։ Սակայն վերջին անգամ այստեղ բուժսպասարկում եղել է 2000 թվականին, երբ ատամնաբույժ կար, որ, տեղացիների բնորոշմամբ, միայն ատամ էր քաշում:
Ամբուլատորիայի երկհարկանի շենքը կիսավեր մի շինություն էր` մանրահատակը պոկված, որի մի սենյակն էր օգտագործվում, այն էլ` միայն պատվաստումների համար։
ԲԱՍ-ը վերանորոգել է ամբուլատորիան։ Առաջին հարկում բժշկական քննության սպասող գյուղացիների հերթերն են։ Երկրորդ հարկում ընտանիքով բնակվում է Երեւանից եկած 30-ամյա բժիշկ Տիգրան Վարդերեսյանը։ Նա օրական մինչեւ 30 հիվանդ է ընդունում։
«Երեխաների շրջանում շատ տարածված են շնչառական, քրոնիկական հիվանդությունները,- գյուղի առողջապահական վիճակն է ներկայացնում Վարդերեսյանը: -Պատճառն այն է, որ երբ հիվանդացել են, բուժման կուրս չեն ընդունել։ Շատ են նաեւ հիպերտոնիկները։ 45-ից բարձր մարդկանց 90 %-ն արյան բարձր ճնշում ունի։ Երիտասարդների մեջ էլ շատ են։ Լուրջ խնդիր է, որ կանայք շատ են աբորտ անում։ Կին կա, որ 20 աբորտ է արել»։
68-ամյա Շողիկ Պետրոսյանը երկրորդ անգամ է գալիս ամբուլատորիա։ Նա արյան ճնշում ու շաքարախտ ունի։ Նախկինում բժշկի դիմելու համար գնում էր Երեւան՝ մնում աղջկա տանը. «Էլ Երեւան չեմ գնա։ Հնարավորություն չունեմ։ Հինգ հազար դրամ կտան (թոշակ), էն էլ էլեկտրիկը կգա` կվերցնի (էլեկտրականության վարձ)»։ Նրա տասը հոգիանոց ընտանիքի համար ամբուլատորիան պարզապես փրկություն է։
Երկու ամսվա ընթացքում ամբուլատորիայում եղել է 698 այցելություն։ Այն սպասարկում է նաեւ մոտակա գյուղերը։ Երբ ձյունը փակում է ճանապարհները, եւ Ծովակ հասնելն անհնար է դառնում, ԲԱՍ-ը մյուս գյուղերին ապահովում է դեղորայքի պաշարով։
ԲԱՍ-ի ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ ծննդաբերությունները լինեն Վարդենիսում, որի ծննդատունը վերանորոգել է ֆրանսիական մի կազմակերպություն։ ԲԱՍ-ը մշակում է ուղիներ, թե ինչպես հղիներին գյուղից քաղաք հասցնեն։ Սակայն ծննդատուն չգնալու պատճառներից մեկն էլ այն է, որ բուժանձնակազմը հիվանդից փող է ուզում (ըստ օրենքի` ծննդաբերությունը պետպատվերի մեջ է մտնում)։ Մի ծննդաբերությունն ընտանիքի վրա կարող է նստել 50-100 դոլար։ Լոխթինգն ասում է, որ ծննդատան անձնակազմը խոստացել է այլեւս ծնունդ ընդունելու դիմաց փող չվերցնել. «Հույս ունեմ, որ իրենց խոստման տերը կլինեն»։
Դեռեւս Ծովակից ոչ ոք չի գնում Վարդենիս ծննդաբերելու. «Էս վերջերս մեկին ասում եմ` էլ փող չեն վերցնում, գնա Վարդենիս, ասում է` չէ՛, մեկ ա, պիտի գյուղում ծննդաբերի»,- պատմում է գյուղի մանկաբարձուհի Էվելինան, որ այս տարի արդեն տնային պայմաններում 7 ծնունդ է ընդունել, անցյալ տարի` 44։
ԲԱՍ-ը վերանորոգել է նաեւ Մեծ Մասրիկ գյուղի ամբուլատորիան: Վերջին երկու տարում ամբուլատորիան դեղ չէր ստացել, միայն` բամբակ ու ներարկիչ։ Այժմ ԲԱՍ-ը Եվրոպայից ստացած մոտ 80 տեսակի դեղ է մատակարարում: Ի տարբերություն Ծովակի` այստեղ բժիշկ կա:
ԲԱՍ-ը հույս ունի, որ իրենց ծրագրի ավարտից հետո այն կշարունակի Հայաստանի կառավարությունը կամ տեղական կազմակերպությունները. «Կարեւոր է ցույց տալ, որ հնարավոր է այսպես աշխատել, իրազեկել իշխանություններին, թե ինչպես կարելի է շտկել առողջապահական վիճակը,- ասում է Լոխթինգը: -Հույս ունենք, որ հինգ տարի հետո կառավարությունը կկարողանա գնալ մեր ստեղծած հունով»։
Սակայն ինչքանո՞վ են արդարացված նրա հույսերը։ 90-ականներին Ֆրանսիայի Կարմիր խաչը նմանատիպ ծրագիր էր իրականացնում Մեծ Մասրիկում։ Կառուցել էր ամբուլատորիայի նոր շենք, կահավորել սարքավորումներով ու ապահովել դեղորայքով: «Նույն ճոխությամբ էինք աշխատում ֆրանսիացիների ժամանակ,- հիշում է բժիշկ Հասմիկ Ղազարյանը: -Օրինակ` հղիները մշտական հսկողության տակ էին։ Գնացին` ամեն ինչ վերացավ։ Իսկ այժմ կրկին սկսել ենք հղիներին հսկողության տակ առնել, անհրաժեշտ վիտամիններ ու դեղորայք հատկացնել»։
Ֆրանսիական Կարմիր խաչը երկու տարի աշխատելուց հետո հեռացավ եւ շենքը հանձնեց Հայաստանի Կարմիր խաչին։ Սակայն այդ պահից մինչեւ հիմա` մոտ տասը տարի, շենքի մուտքը կողպված է ու չի բացվել։ Բժշկուհին հիշում է, որ Հայաստանի Կարմիր խաչից վաղուց մի անգամ եկել ու ներսի սարքավորումներն են տարել։