Դասական էստրադայի հետքերով

20/10/2007

Երաժշտական պրոդյուսեր Արմեն Մանուկյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկանը եւ ձայներիզներ արտադրող ընկերության ղեկավար Շավարշ Ղարիբյանը երեկ լրագրողների հետ էին հանդիպել` ժամանակակից էստրադայում տիրող իրավիճակի մասին իրենց դժգոհությունը հայտնելու եւ «երաժշտական ռետրո» հասկացողության մեջ մաքրությունը պահպանելու մասին խոսելու համար: Նաեւ ներկայացրեցին երգիչ Արմեն Դարբինյանին, ով պետք է մենահամերգով հանդես գա ու դասական էստրադային երգերի ձայներիզ թողարկի, որը նվիրված կլինի Արտեմի Այվազյանի ծննդյան 105-ամյակին:

Դասական էստրադային երգերը մշակելով, մենք սրբագրում եւ խմբագրում ենք մեր անցյալը եւ հաճախ բնօրինակից շատ ենք հեռանում: Այս միտքը հնչեցրեցին երաժշտական աշխարհի ներկայացուցիչները: «Երգեր կան, որոնք մշակումից միայն շահում են, իսկ երգեր էլ կան, որոնք տուժում են»,- ասաց Ե.Երզնկյանն ու ավելացրեց, որ անձամբ ինքը պատրաստ է բոլորին խորհուրդներ տալ, բայց հասկանում է, որ շատ երգիչներ իր խորհուրդների կարիքը չունեն: Ա. Մանուկյանը նշեց ճիշտ մեղեդու, ճիշտ խոսքերի, ճիշտ գործիքավորման ու դրանց միաձուլումից ստացված ճիշտ տպավորության մասին: «Երգերը պետք է ճիշտ կատարվեն»,- ասաց նա: «Երգիչների ողբերգությունը նրանում է, որ նրանք միակողմանի են, հենց որ լուրջ համերգների են սկսում մասնակցել` իրենց հաշմանդամ են զգում»,- ասաց Ե. Երզնկյանը: Իրականում երգավեստի խնդիրներն այնքան շատ ու հասկանալի են, որ դժվար է հասկանալ` ի՞նչ անել: Երգարվեստում շատ բան որոշում է գումարը, որը տեսահոլովակ, համերգ, ձայնագրություն, հեռուստաեթեր ու, վերջիվերջո` աստղային ստատուս է դառնում: Թեեւ երգիչ Արմեն Դարբինյանը, որ սկզբունքորեն դեմ է հեռուստատեսային հաղորդումներին մասնակցելուն ու «կլիպամանիան» չի ընդունում, խոսում է այն մասին, որ պետք է «անորակ երաժշտության դեմն առնել», սակայն դժվար թե հնարավոր լինի դա իրագործել: Երգի շուկան մեծ է, եւ զարգանում է շուկայի կանոններով: Շատ կարեւոր պարզաբանում արեց Ե. Երզնկյանը. դիմելով գործարար Շ. Ղարիբյանին՝ խորհուրդ տվեց. «Երկու ռաբիս համերգ կազմակերպիր ու երկու ռաբիս ձայնասկավառակ թողարկիր, բայց երրորդը լուրջ աշխատանք արա: Թեկուզեւ` մի քիչ տուժես, բայց արա»: Գործարարն ասաց. «Հիմա լուրջ երաժշտության դաշտն ազատ է, եւ այն պետք է լրացնել»: Բիզնեսի տեսանկյունը հաճախ ամենասթափ տեսանկյունն է լինում: «Երգում է 70-ականների Երեւանը» նախագիծն, օրինակ, եւ՛ որակյալ էր, եւ՛ եկամտաբեր: