Կանայք պակաս կոռումպացված չեն

20/10/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը երեկ հրավիրվել էին «Հայացք» ակումբ` քննարկելու կանանց դերը հասարակական-քաղաքական գործընթացներում:

Ըստ Հ. Նաղդալյանի, եթե հաշվի առնենք, թե քաղաքական, գործադիր, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմիններում որքան կին ներկայացուցիչներ ունենք, ապա կարելի է արձանագրել, որ առաջընթաց կա: «Այս առաջընթացը, այսինքն` մեխանիկական, ֆորմալ իմաստով թվի ավելացումը իր ետեւից ռեալ գործունեության, իրավիճակի մեջ կանանց դերակատարության տեսակարար կշիռն ավելացրե՞լ է, թե՞ ոչ, այսօր դեռ բարդ է ասել»,- ասաց նա: «Մենք խնդիրը պիտի դնենք ոչ թե այնպես, որ այս տղամարդկանց փոխարեն կարո՞ղ են լինել նաեւ կանայք, այլ պետք է խնդիրը դնել՝ տղամարդկային մոտեցման փոխարեն կանացի մոտեցում կլինի՞, թե՞ ոչ: Ի՞նչ ենք մենք ուզում, երբ ասում ենք՝ թող կանայք ավելի շատ լինեն հասարակական-քաղաքական կյանքում: Պարզապես ուզում ենք, որ կանայք իշխանությանն ավելի մո՞տ լինեն: Մենք ուզում ենք փոխվի քաղաքական-հասարակական պրոցեսների բովանդակությունը եւ այստեղ տղամարդկային, ուժային, շատ դեպքերում՝ վայրի մոտեցումների փոխարեն՝ գան ավելի մարդասիրական, կանացի մոտեցումներ»,- նշեց Հ. Նաղդալյանը: Շարունակելով վերջինիս միտքը՝ Ջ. Հասրաթյանն անդրադարձավ իրենց կազմակերպության կատարած հետազոտություններին` կանանց քաղաքական մասնակցությունը խորհրդարանական ընտրությունների սկզբում, ընթացքում եւ ավարտին: «Կանայք, որոնք կառավարման համակարգում են` պետք է կարողանան լուծել կանանց կողմից առաջ քաշված հարցերը, եւ այդ տեսակետից միշտ չէ, որ կանայք կարող են լինել բարձրաստիճան պաշտոններում եւ կանանց համար ինչ-որ խնդիրներ լուծեն»,- ասաց նա` պնդելով, որ կանայք, այնուամենայնիվ, մասնակցում են Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին: Նա հիշեցրեց, որ կրթության ոլորտի պետական քաղաքականությունն իրականացնում են կանայք, օրինակ` դպրոցի տնօրենների մոտ 2/3-ը կանայք են, ինչը նշանակում է, որ չափազանց կարեւոր այդ ոլորտում պետական քաղաքականություն իրականացնողը կանայք են: Այլ հարց է, թե ի՞նչ կապ ունի ոլորտը ղեկավարողի սեռն, այն դեպքում, երբ կրթական ոլորտի կոռուպցիան իրականացվում է եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց կողմից: Ավելին, կրթության ոլորտում հիմնականում կանայք են ընդգրկված, եւ գաղտնիք չէ, որ ամենակոռումպացված համակարգերից մեկը հենց կրթական ոլորտն է: Այս հարցերին, իհարկե, բանախոսները չանդրադարձան: Ջ. Հասրաթյանը նշեց առողջապահական ոլորտի մասին, որտեղ աշխատակիցների մոտ 70%-ը կանայք են. «Մենք շատ լավ գիտենք, որ բավականին ցածր աշխատավարձի պայմաններում առողջապահության ոլորտի աշխատող կանայք մեծ ներդրումներ ունեն: Վերցրե՛ք պոլիկլինիկական ծառայությունները, որտեղ ճնշող մեծամասնությունը կանայք են»: Այո, այս ոլորտում էլ, թեեւ մեծամասամբ կանայք են ընդգրկված, կոռուպցիան սահման չունի: Արդեն մոտ երկու տարի է, ինչ պոլիկլինիկաներին ՀՀ պետբյուջեից քաղաքացիների անվճար սպասարկման համար գումարներ են տրվում, սակայն այդ բուժհաստատություններ դիմող քաղաքացիները միշտ էլ, մասնավորապես կին բուժաշխատողների «քիթ-մռութներից» խուսափելու համար պարտադիր գումար են տալիս, որպեսզի իրենց հիվանդին «գլխառադ» չանեն: Նույն կերպ ինքս վարվել եմ օրեր առաջ, որովհետեւ տարեց բարեկամուհուս առողջական ծանր վիճակը թույլ չէր տալիս բժշկուհու անտարբեր վերաբերմունքն այլեւս հանդուրժել: Բժշկուհու տրամադրությունն ու «հավեսը» տեղն եկավ միայն այն ժամանակ, երբ գրպանը մի քանի հազար դրամ դրեցի… Այնպես որ, պետք է ոչ թե հասարակական-քաղաքական-տնտեսական կյանքում սեռային հարցեր բարձրացնել, այլ տվյալ մասնագետի, անհատի մասնագիտական տվյալները հաշվի առնել: Եվ կանայք պակաս կոռումպացված չեն, քան տղամարդիկ: Կամ ավելի «մարդասեր» չեն, քան տղամարդիկ: Տիկին Հասրաթյանը, սակայն, թեեւ կարծում է, որ կանայք հասարակական-քաղաքական-տնտեսական ոլորտներում այսօր մեծ դեր են կատարում, բայցեւ նշում է, թե կանայք պետք է ընդգրկված լինեն քաղաքական պաշտոններում, որպեսզի որոշումների վրա կարողանան ազդել: ՀՀ ԱԺ-ում այսօր ավելի շատ կանայք կան, քան երբեւէ: Ի՞նչ է դա փոխել, կամ ինչպիսի՞ դրական ազդեցություն են ունեցել ԱԺ որոշումների վրա: Պատգամավոր տղամարդկանց պես՝ նրանք էլ են սեղմում կոճակները, իրենց անձնական բիզնես խնդիրներն են առաջ քաշում…: Ինչ խոսք, ԱԺ-ում պատգամավոր տղամարդիկ անհարմար կզգան եւ կզսպեն փողոցային իրենց լեքսիկոնը… Ավելին` ոչինչ: Ջեմմա Հասրաթյանը կամ Հերմինե Նաղդալյանը որպես կին հասարակական-քաղաքական գործիչներ՝ երբեւէ ունեցե՞լ են գենդերային, սեռային խտրականության խնդիր: Թերեւս` ոչ: Այլ հարց է, որ ոմանք սիրում են զոհի դերում լինել, ոմանք էլ` թեման «ռասկրուտկա» են անում` միջազգային կազմակերպություններից գրանտներ պոկելու համար: