Մարգարիտա Սարուխանյանը` «Միսս Հայաստան-2007»

20/10/2007

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 16-ին անցկացվեց «Միսս Հայաստան-2007» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Մարգարիտա Սարուխանյանը: Այս տարի առաջին անգամ «Միսս Հայաստանն» ունեցավ փոխանցիկ թագ` 425 ադամանդյա քարերով, 7000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Մրցույթի առաջին փոխգեղեցկուհի ճանաչվեց Արփինե Աթոյանը, երկրորդ փոխգեղեցկուհի` Սվետա Միրզոյանը: «Միսս մամուլ» անվանակարգում հաղթող դարձավ Արփինե Աթոյանը, որին ընտրեցին մրցույթին ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչները, «Միսս նրբագեղություն» անվանակարգում` Հռիփսիմե Կարապետյանը: «Միսս համակրանք» ճանաչվեց Մարգարիտա Սարուխանյանը, որին ընտրել են հեռուստադիտողները sms հաղորդագրություններով: «Միսս հմայք» տիտղոսին արժանացավ Աշխեն Կարավարդանյանը, «Միսս համերաշխություն» տիտղոսին` Նազլու Բարոյանը, որին աղջիկներն ընտրեցին իրենք: Մրցույթին մասնակցում էին 18 գեղեցկուհիներ, որոնք հանդես եկան ազգային տարազով, լողազգեստներով եւ հայտնի մոդելավորողների երեկոյան զգեստներով: «Միսս Հայաստան-2007» մրցույթի լավագույն գեղեցկուհիները կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարբեր մրցույթներում: