ՀՀ Գլխավոր դատախազության` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի տվյալներով` ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում 2007թ. փետրվարից բացահայտվել եւ ընթացք է տրվել 59 քրեական գործի: Դրանցից 42-ը` 110 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 3-ը` 4 անձի նկատմամբ, կասեցվել է, նախաքննության փուլում է 37 անձի վերաբերյալ 14 քրեական գործ, իսկ 8 մեղադրյալներ գտնվում են հետախուզման մեջ: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը նշել է, որ մեկ քրեական գործ ՀՀ ԱԳ նախարարության միջոցով հետագա նախաքննությունը կատարելու համար ուղարկվել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 9 դեպք. մաքսանենգություն կատարած անձանցից 4-ն ԻԻՀ քաղաքացի են: Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է շուրջ 10 կգ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի իրացման դեպք, առգրավվել է առանձնապես խոշոր չափի (մոտ 4կգ) «Ափիոն», «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, առանձնապես խոշոր չափի «Բուպրենորֆին» թմրամիջոց պարունակող «Սուբուտեքս» տեսակի դեղահատեր, առանձնապես խոշոր չափի «Տրամադոլ» տեսակի, խոշոր չափի «Մետադոն» հոգեներգործուն նյութ, «Հերոին» տեսակի թմրամիջոց եւ թմրամիջոցներ պատրաստելու համար պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ: