Աշտարակի շրջանի Աղձք գյուղի բնակիչ Տարոն Հակոբյանը տարիների ընթացքում Աղձք-Ուջան հատվածում իր սեփական ձեռքերով ստեղծել է մոտ 880քմ շինարարական տարածքով եւ 1,7 հեկտար մշակված եւ ոռոգման ցանցով ապահովված հողամասով «Սասուն-33» ՍՊԸ ռեստորանային համալիրը: ՍՊԸ-ն «Հայխնայբանկին» մեծ գումար էր պարտք ու գտնվում էր ֆինանսական վատ վիճակում: Արագածոտնի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունն արգելանք էր դրել ՍՊԸ-ի գույքի վրա, որը գնահատվել է 15 միլիոն 700.000 դրամ: Հավանաբար, այդ մասին տեղյակ լինելով՝ սփյուռքահայ դաշնակցական Վարթկես Հագոփյանը ռեստորանը գնելու ցանկություն է հայտնում: Ինքը՝ դաշնակցական Վարթկեսը, ասում են, գրանցված է եղել Արագածոտնի մարզպետի խորհրդական Համբարձում Կարապետյանի տան վրա: Իսկ Համբարձում Կարապետյանն էլ Արագածոտնի նախկին մարզպետ, ներկայումս հայտնի դաշնակցական, ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանի հետ քավոր-սանիկային կապի մեջ է: Ասել է թե, «վերեւներում» կապեր ունի: Ընկեր Վարթկեսը Համբարձում Կարապետյանի հետ մի օր ռեստորանում է հայտնվում, եւ այդ օրվանից, ինչպես Տարոն Հակոբյանն է ասում, դրվում է «Սասուն-33» օպերացիայի սկիզբը: Ռեստորանի բաժնետեր դառնալու դեպքում Վարթկեսը Տարոնին խոստանում է սկզբնական 25.000 դոլարի ներդրումներ անել. ստեղծել 24 համարով հյուրանոցային համալիր, գնել երկու «Grand Cheroki» մակնիշի մեքենա: Տարոնը հավատում է այս խոստումներին եւ ոգեւորված՝ գնում են Աշտարակի նոտարական գրասենյակ ու ռեստորանը ձեւակերպում Վարթկեսի անունով, որ հետո կադաստրից փաստաթղթերը ձեւակերպեն երկուսի անունով: «Ես մտածեցի, ոչինչ, թող իր անունով լինի, հետո կփոխենք: Իմ մտքով չէր անցնում, որ 70 տարեկան մարդը կարող է խաբել,- զարմացած պատմում էր Տարոն Հակոբյանը: -Վարթկեսի ու Համբարձում Կարապետյանի հետ միասին սեղան ենք նստել, իրենք սկսել են Հայրենիքի մասին խոսել ու հայրենասիրական երգեր երգել: Ես ի՞նչ իմանայի, որ էդպես նրանք ծրագրում են ինձ խաբել»: «Հետո պետք է սեփականության վկայական հանեինք,- շարունակում է Տարոնը: -Սա անընդհատ ձգձգում էր, թե «պատրաստ չի», «չեն տալիս»: Մի օր էլ բարկացա ու Վարթկեսի հետ գնացի նոտարի մոտ: Պարզվեց, որ մեր նոտար Գագիկ Հակոբյանն ու կադաստրի պետ Համլետ Մուրադյանն առանց ինձ տեղյակ պահելու ամբողջ հողն ու շինությունը հաստատել են Վարթկեսի անունով ու նրան 2003թ. մարտի 20-ին սեփականության կեղծ վկայական են տվել: Իսկ այդ ընթացքում Վարթկեսը կեղծ վկայականը 10.000 դոլարի դիմաց գրավ էր դրել Ալիսա Կիրակոսյանի մոտ»: Փաստորեն, ԴԱՀԿ ծառայությունը վաճառել է, իսկ Վարթկես Հագոփյանը 3 միլիոն 641.656 դրամով ձեռք է բերել «Սասուն-33» ՍՊԸ-ին պատկանող այդ ռեստորանային համալիրը: «Այդտեղ մենք վիճեցինք,- շարունակում է Տարոնը,- հետո որոշեցինք պայմանագիր-համաձայնագիր ստորագրել: Ի դեպ, վկա ստորագրողներից մեկն էլ Աշտարակի քաղաքապետարանի իրավաբան Վիրաբյան Յուրիկն է»: Ըստ այդ համաձայնագրի, Վարթկես Հագոփյանը պարտավորվում է մինչեւ 2003թ. նոյեմբերի 15-ը ներկայանալ նոտարական գրասենյակ եւ կադաստր՝ հասարակական սննդի օբյեկտի 51 տոկոսը ձեւակերպելու իր, 49 տոկոսն էլ` Տարոնի անունով: Նաեւ պայմանավորվում են այդ օբյեկտի հետ կապված բոլոր սկզբունքային հարցերը, «մասնավորապես` ֆինանսատնտեսականը, լուծել բացառապես երկկողմանի համաձայնությամբ»: «Այդ ընթացքում Վարթկեսի տղան պետք է արտասահմանից գար, փող տար, որ գրավի տակից հանեինք ռեստորանը ու երկուսիս անունով սարքեինք,- շարունակում է Տարոնը: -Տղան եկավ, բայց հորը փող չտվեց: Ես էլ զգացի, որ չեն տալու, սպասեցի մինչեւ նոյեմբերի 15-ը եւ դիմեցի դատարան»:
Աշտարակի դատարանից մինչեւ Երեւանում տարբեր ատյանի դատարաններում այլեւս արդար վճռի հույսը կորցրած՝ Տարոն Հակոբյանը դիմում է Դատախազություն` քրեական գործ հարուցելու խնդրանքով: Չեն հարուցում, պատճառաբանում են, թե գործը քաղաքացիական է: Տարոն Հակոբյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված մոտ 15 դիմում է գրել:
Առաջին ատյանի դատարան- Տնտեսական դատարան-Վճռաբեկ դատարան-Դատախազություն ոլորաններում երկու տարվա քաշքշուկներից հետո «Սասուն-33» ՍՊԸ-ի գործը հիմա հայտնվել է Վերաքննիչ դատարանում: Այս բոլոր իրավապահ հիմնարկներում Տարոն Հակոբյանին հասկացրել են, որ արդար վճիռ կայացնելն իրենց ուժերից վեր է, որովհետեւ գործի հետեւում կանգնած են մեծ-մեծ դաշնակցականներ: Գլխավոր դատախազին ուղղված վերջին դիմումում Տարոն Հակոբյանը գրում է. «Հարգելի դատախազ, խնդրում եմ գոնե մի անգամ Դուք արդարադատությունը եւ օրենքը պաշտպանեք… Արդեն հավատում եմ ժողովրդի մեջ տարածված այն խոսակցություններին՝ եթե մարդը հանցագործ չէ, ապա ՀՀ ուժային կառույցները (եթե իրենց պետք լինի) կստիպեն, որ նա դառնա հանցագործ: Ուրեմն եթե իմ գործի մեջ անտեսվում է օրենքը, ես պիտի կատարեմ հանցագործություն: Ես իմ ունեցվածքը ոչ մի խաբեբա հանցագործի չեմ տա»: Տարոն Հակոբյանը զարմանում է Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական Բագրատ Եսայանի հայտարարությունների վրա, թե իրեն կոռուպցիայի կոնկրետ դեպքեր հայտնի չեն: «Ես Դատախազությանը եւ դաշնակցական Բագրատ Եսայանին կոնկրետ փաստ եմ տալիս, թող ուսումնասիրեն ու պարզեն: Պարոն Եսայանը թող շատ հեռու չգնա, ցանկության դեպքում իր հարազատ կուսակցության ներսի կոռուպցիան թող բացահայտի»: