«Ժամանակ առ ժամանակ պետք է դիտել տաղանդավոր հայերի ստեղծած աշխատանքները: Հայաստանում շատ հրաշքներ կան, որոնք տեսնելով՝ ամեն անգամ փոխված եմ վերադառնում Իտալիա»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրաճանաչ բանաստեղծ, կինոսցենարիստ, դրամատուրգ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերան: Նա պատմել է իր տպավորությունների մասին, անդրադարձել է նաեւ Հայաստան կատարած առաջին այցին` նշելով, որ առաջին անգամ ամենաշատը տպավորվել էր Այբուբենի հուշարձանով: «Սկզբում այն ներկայացավ ընդամենը հետաքրքիր եւ տեսարժան, բայց շուտով այդ լեզվի մեջ ամփոփված մեծ կանչը հասավ ինձ»,- նշել է Տ. Գուերան: Երկրորդ այցելության ժամանակ Տ. Գուերան առաջինն այցելել է Սերգեյ Փարաջանովի եւ Մարտիրոս Սարյանի թանգարաններ: Նա ներկաներին պատմել է իր եւ ՀՀ վարչապետի հանդիպման մասին` տեղեկացնելով իր` շատրվաններ կառուցելու առաջարկի մասին: «Ամեն անգամ քնելուց առաջ ես մտածում եւ հիշում եմ ինձ համար հաճելի երեւույթների մասին, կարծում եմ` այսուհետ քնելուց առաջ ես կհիշեմ միայն Հայաստանը»,- ավելացրել է Տ. Գուերան: Մեծ վարպետին նվիրված միջոցառումների շարքը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 23-ը, հոկտեմբերի 18-ին Ա. Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի է ունենալու Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի եւ Անդրեա դի Պաոլոյի համերգը: