Հայերի հայացքում «Հայֆեստն» է

20/10/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ավարտվեց երեւանյան հինգերորդ «Հայֆեստ» թատերական փառատոնը, որը եւ՛ ուրախություն, եւ՛ հիասթափություն, եւ՛ հույսեր առաջ բերեց: Փառատոնն ինքնին շատ դեմոկրատական դեմք ունի, մեր մայրաքաղաքի աշնանային փողոցներում հաճելի է եռուզեռ, աֆիշներ ուսումնասիրող ու խմբերով այս ու այն կողմ վազվզող, տեսածը քննարկող երիտասարդների հանդիպել:

Իսկ երիտասարդներն այդ փառատոնի հիմնական հասցեատերերն են, նրանք բոլորն էլ գեղեցիկ, անգլախոս ու «տեսարանների» սպասումով լցված էին: Սպասումն այս փառատոնի այցեքարտն է: Մեր`բավականին անհրապույր թատերական կյանքում «Հայֆեստը» կատալիզատորի դեր է խաղում, ընդգծում է փոփոխությունների կարիքն ու փոփոխման նշաններ հուշում: Գրեթե բոլոր ներկայացվող բեմադրությունները «փոքր» ֆորմա եւ փոքրաթիվ դերասանական կազմ ունեին: Ստացվեց այնպես, որ այս տարվա «Հայֆեստում» ավելի լայն ներկայացված էին պարային ու փողոցային թատրոնները, իրեր ու տիկնիկներ օգտագործող դերասանների քանակն էլ գերազանցում էր խոսքը գերադասող դերասանների քանակը: «Կատարողական արվեստի փառատոն» անվանումը նախընտրած «Հայֆեստը» համարվում է մեր տարածաշրջանի ամենավառ թատերական իրադարձությունը եւ Երեւան է հրավիրում տարբեր ոճի եւ մասշտաբի խմբերի: «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը խոստովանում է, որ ցանկանում է փառատոնի բյուջեի շրջանակների մեջ տեղավորվել եւ, առաջին հերթին, հրավիրում է այնպիսի խմբերի, որոնք հայերի համար հետաքրքիր կլինեն: «Պարային եւ փողոցային ներկայացումներն ավելի հեշտ է բերել, քանի որ նրանք ծանր դեկորացիաներ չունեն»,- ասաց նա: Եվ հետո էլ թարգմանության կարիք չունեցող բեմադրություններն ավելի հեշտ է դիտել, մանավանդ, որ մեր թատրոններում հնարավոր չէ տեքստը սինքրոն թարգմանությամբ ապահովել:

Բոլոր խիտ գրաֆիկով աշխատող փառատոների պես, «Հայֆեստում» էլ ամենակարեւորը «Ի՞նչ կա դիտելու» հարցն էր: Դիտելուց հետո էլ ծագում էր տեսածը մեր ներքին կյանքում որեւէ կերպ իմաստավորելու եւ տեղավորելու խնդիրը: Մեր քաղաքի թատրոնների ղեկավարներն ու անվանի դերասանները, ավանդույթի համաձայն` «Հայֆեստը» համարում են իրենց համար ոչ կարեւոր եւ անտեսում են ներկայացումները: Մինչդեռ փառատոնի ընթացքում դիտարժան շատ բաներ կային, փառատոնի ծրագիրը շատ տրամաբանական ու պրոֆեսիոնալ էր կազմված, կարելի էր ամեն բան հասցնել դիտել: Եվ անհասկանալի է մեր թատրոնի «կարկառուն» դեմքերի պրոֆեսիոնալ հետաքրքրության բացակայությունը: Ավանդույթ է դարձել ասելը, որ մեր քաղաքում թատերական մթնոլորտ չկա: Իսկ որտեղի՞ց այն կարող է հայտնվել, եթե մենք տեսնելու եւ համեմատելու ցանկություն անգամ չունենք: Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը նշում է, որ Երեւանում ոչ թե միայն թատերական մթնոլորտ, այլեւ` ընդհանրապես մթնոլորտ չկա: Այդ պատճառով էլ թերեւս հանդիսատեսը չի շտապում թատրոններ գնալ: «Մենք թատրոնի շինարարների կարիք ունենք»,- ասաց նա:

Այս տարվա «Հայֆեստը» «ծանրակշիռ» դերասանների չէր հրավիրել: Ռուս դերասան, դրամատուրգ Եվգենի Գրիշկովեցի երկու մենախոսություն-բեմադրություններից բացի, գրեթե բոլորը «թեթեւ» ժանրի աշխատանքներ էին: Կրկեսը, պարը, մատների եւ առարկաների թատրոնները ներկայացված էին կարճ ու ուրախ ներկայացումներով:

Իսպանացի դերասան Խավի Բոբեսն, օրինակ, իր ներկայացման համար մի արկղ խաղալիք էր օգտագործել, արդյունքում՝ խաղում էին խաղալիքները, որոնք շատ հետաքրքիր էին դիտվում: Իսկ անգլիացի Խոսե Նավարոն մատներով ծովային կենդանիների էր ստեղծում: Շվեյցարուհի Մոնիկ Շնայդերը կրկեսային տարրերով հագեցած պարային ֆարս էր ներկայացրել, գլուխկոնծի էր անում, պարում էր` երրորդ ոտքն ամրացնելով մարմնին ու թռչունի ահռելի թեւեր կապելով թիկունքին: Իսկ փողոցային թատրոնի իտալացի եւ սերբ դերասանները Երեւանի հրապարակներից մեկում «խաղացին» անցորդների հետ իրենց բացօթյա ներկայացումը` փայտե բարձրահարկ հենակներով: Պարային հիանալի պլաստիկայով օժտված լիտվացի պարուհին ուղղակի ապշեցրեց բոլորին՝ իր «Սալամանդրայի երազը» պարով, իսկ ամերիկյան հայտնի «Տոնի Վաագ» ստեպ-պարի խումբը ներկայացավ «Tap city» ծրագրով, որի ընթացքում դոփապարի վարպետները երաժշտական պատմություններ նվագեցին այդ ամերիկյան շատ տպավորիչ պարային տեխնիկայով:

Ղազախստանի «Արտիշոկ» էքսպերիմենտալ թատրոնը, որն ամեն տարի Երեւան է բերում իր նոր բեմադրությունները, այս տարի ներկայացրեց «Գագարին» դրաման` տիեզերքի նվաճման ու սովորական մարդկանց կյանքում այդ սխրանքի իմաստավորման մասին: Խաղ, հարցեր, 60-ական թվականների բեկորներ եւ տիեզերական երազանքներ… «Գագարինը» մեծ հավակնություններից զուրկ ներկայացում էր, որն արվել էր փոքր ուժերով ու արվել էր լավ` առանց անհեռանկար եզրակացությունների:

«Հայֆեստի» ծրագիրը դիտելու ընթացքում մի զարմանալի օրինաչափություն էր նկատվում. արտասահմանցիները ձգտում էին պարզության ու թեթեւության, իսկ հայկական խմբերն ամեն ինչ փիլիսոփայական այլաբանություններով էին ցանկանում հագեցնել. արդյունքում` «մերոնց» շատ դժվար էր նայել: Օրինակ, մեծ ներուժ ունեցող երիտասարդ «Միհր» թատերախումբը, որի մենակատար Ցոլակ Մլքե-Գալստյանը հիանալի պլաստիկայի տեր պարող է, նախընտրել էր գույների, ներկերի ու էկրանին արտացոլվող ստվերների միջոցով ամեն ինչի մասին պատմել: Արդյունքում՝ ներկայացումը տուժել էր, քանի որ փիլիսոփայական երանգները երբեք ճակատային հնչեղություն ունենալ չեն կարող, դրանք ծնվում են ինքնաբերաբար եւ շատ նրբորեն: Հայկական երիտասարդ թատրոններից մեկն այնքան դժվարամարս պոեզիա էր փորձել «բեմադրել», որ մասնակից պատանին ու երեք աղջիկները ձանձրալի ու անհեթեթ էին դիտվում: Մեր թատրոններին անհրաժեշտ են նոր գաղափարներ, իսկ, ինչպես հայտնի է` գաղափարներն ամենաթանկ բանն են:

Թեեւ փառատոնը Երեւանի շատ թատերաբեմեր էր օգտագործում, սակայն հիմնական գունեղ իրադարձությունները տեղի էին ունենում Տիկնիկային թատրոնում, որն աչքի է ընկնում ոչ միայն մանկական ներկայացումներով, այլեւ` փորձում է յուրահատուկ մշակութային մթնոլորտ ստեղծել:

Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը նկատեց, որ հայ թատերախմբերին աշխարհում չեն ճանաչում, եւ «Հայֆեստը» «մերը» ներկայացնելու լավ առիթ է ստեղծում: «Եթե փառատոնի ընթացքում 3-4 հաջող ներկայացումներ են լինում, ապա փառատոնը կարելի է կայացած համարել: Ուրախ եմ, որ դրանց մեջ կան նաեւ հայկականները»,- ասաց նա:

«Հայֆեստը» հարցում էր անցկացրել` լավագույն ներկայացումները պարզելու համար: Արդյունքում` արտասահմանյան հյուրերից լավագույնը ճանաչվեց Եվգենի Գրիշկովեցը, իսկ հայրենի թատրոնի լավագույն աշխատանք համարվեց «Փոքր թատրոնի» երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանը, ում անվան հետ շատ մեծ հույսեր են կապվում, քանի որ Վահանն այն սակավաթիվ հայ բեմադրիչներից է, որ «զգում» է թատրոնի զարկերակը: Ընդ որում` եւ՛ տիկնիկային թատրոնը, եւ՛ «Փոքր թատրոնը» այլ երկրների փառատոներին մասնակցելու հրավերներ են ստացել: Իսկ ռեժիսոր Վահան Բադալյանը, ով «Փոքր թատրոնում» «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը եւ «Հայֆեստի» բացման արարողությունն է բեմադրել, հատուկ ուշադրության է արժանացել ՀՀ Մշակույթի նախարարության կողմից եւ Մոսկվայում մեկամսյա ուսման է գործուղվելու: Նա անպայման վերադառնալու է: Հաջորդ տարվա «Հայֆեստին» կրկին կմասնակցի պետությունը, որն այս տարի 39 մլն դրամ է տրամադրել այն անցկացնելու համար: Կ. Խոդիկյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի փառատոնի կազմկոմիտեում կլինի նաեւ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Այս կապակցությամբ փառատոնի նախագահը շտապեց ուղղում մտցնել. «Ոչ թե կազմկոմիտեի, այլ` թիմի: Մենք թիմ ենք»: «Հայֆեստն» իսկապես թիմային աշխատանքի արդյունք է, եւ փառատոնի դիմանկարը նման է փառատոնի նախագահին. նույնքան ակտիվ ու եռանդուն է: Եվ եթե չլինի այդ փառատոնի էներգիան, հանդիսատեսը լրիվ իր դեմքը կթեքի մեր ժամանակակից հնաբույր թատրոնից: