Նորանկախ Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին եւ Փոստի համաշխարհային օրվան նվիրված «Հայաստան’ 07» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը տեւեց հինգ օր:
Սա նորանկախ Հայաստանի թվով չորրորդ ֆիլատելիստական ցուցահանդեսն էր, որի ընթացքում Հայաստանի ֆիլատելիստների միության 32 անդամների կողմից ներկայացվեցին 36 հավաքածուներ: ՀՖՄ գործող նախագահ Հովիկ Մուսայելյանը, ամփոփելով ցուցահանդեսի արդյունքները, նշեց, որ չնայած շատերի թերահավատ վերաբերմունքին, որ չի հաջողվի այդ ամենը կազմակերպել, իրենց հաջողվեց բավական բարձր մակարդակով անցկացնել ցուցահանդեսը. «Սա այն լուրջ խթանն է, որ ցուցահանդեսը դարձնենք ավանդական, եւ ինչո՞ւ ոչ` նաեւ միջազգային: Թեեւ վերջին տարիներին շատերի մոտ կորել էր ֆիլատելիայի հանդեպ հետաքրքրությունը, բայց այս անգամ իսկապես հետաքրքրություն կար, կարծում եմ` շատերն իրենց համար նոր աշխարհ բացեցին: Դպրոցներից, բուհերից, այլ հաստատություններից բազմաթիվ այցելություններ եղան այս մի քանի օրերի ընթացքում»,- ասաց Հ. Մուսայելյանը:
Հինգ օրվա ընթացքում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, այնուհետեւ ամփոփվեցին ցուցահանդեսի արդյունքներն ու հանձնվեցին մի շարք մեդալներ եւ հատուկ մրցանակներ: Ֆիլատելիստների միության նախաձեռնությամբ՝ այս տարվանից սկսած, յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո կպարգեւատրվեն այն լրագրողները, ովքեր հետեւողականորեն կլուսաբանեն ֆիլատելիայի ոլորտը:
Ֆիլատելիստ Վարուժան Գալստյանը, ով ցուցահանդեսին ներկայացրել էր տիեզերական թեմատիկայով իր ցուցանմուշները, արժանացավ ոսկեզօծ մեծ եւ արծաթապատ բրոնզե մեդալների: Վարուժանը 13 տարեկանից զբաղվում է ֆիլատելիայով եւ միակ մարդն է, ով այս թեմայով դիպլոմային աշխատանք է պաշտպանել` «Ֆիլատելիան եւ աշակերտների մասնագիտական կողմնորոշումը» վերնագրով. «Հենց սկզբից ինձ հետաքրքրել է տիեզերական թեմատիկան: Ունեմ բազմաթիվ նմուշներ` նվիրված առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին: Ժամանակին մի հետաքրքիր դեպք եղավ: Մեզ մոտ տիեզերական գիտահետազոտական կենտրոն է եղել, որտեղ շատ ծրագրեր են մշակվել: Այն գաղտնի հետազոտությունների կենտրոն էր: Ես շատ փոքր էի, երբ իմացա դրա մասին, գնացի այնտեղ, բայց ինձ ասացին, որ այդտեղ նման բան չկա: Տարիներ հետո արդեն ասացին, որ իսկապես նման կենտրոն եղել է, ես ճիշտ էի իմացել: Ընդհանրապես, ես հանդիպել եմ շատ տիեզերագնացների հետ, հիմա լավ հարաբերություններ ունեմ հատկապես Վիկտոր Գորբատկոյի հետ, ով ներկայումս Ռուսաստանի ֆիլատելիստների միության նախագահն է: Երեք անգամ նա եղել է տիեզերքում, Սովետական Միության կրկնակի հերոս է, նրա հետ միասին մասնակցել ենք ֆիլատելիստական համաշխարհային վերջին երեք ցուցահանդեսներին` Սեուլում, Իսպանիայում եւ Սանկտ Պետերբուրգում: Գորբատկոյին եմ տվել Գագարինի ստորագրությամբ մի նամականիշ»:
Վ. Գալստյանի հավաքածուն մասնակցել է տարբեր երկրների բազմաթիվ ցուցահանդեսների: Վ. Գալստյանն ասում է, որ ինքը, 35 տարի է, մշակում է այդ հավաքածուն, որի մեջ կան նաեւ ծրարներ, որոնք տիեզերքում են արվել: Աշխարհում ֆիլատելիստական ամենաթանկ ցուցանմուշներն առաջին նամականիշերն են համարվում, որոնք եզակի են: Կան նամականիշեր, որոնցից ամբողջ աշխարհում ընդամենը երեք հատ է մնացել։ «Մեծահարուստներ կան, որոնք այդ երեքից մեկն ունեն, երկրորդն էլ մեծ գումարներով ձեռք են բերում, բայց միանգամից պատռում են: Դրա պատճառն այն է, որպեսզի աշխարհում երկու հատ մնա այդ ցուցանմուշից, որոնցից մեկը` իր մոտ: Նման բաներ էլ են պատահում»,- հավաստիացրեց Վ. Գալստյանը:
«Հայաստան’ 07» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում սահմանված էին 20 ոսկե, 25 արծաթե եւ 15 բրոնզե մեդալներ: Ցուցահանդեսի լավագույն ֆիլատելիստ կոչմանն արժանացավ Արտաշես Թարումյանն՝ իր «Հայաստան 1919-1923. անհայտ Հայաստան» ցուցանմուշի համար, եւ պարգեւատրվեց ոսկե մեծ մեդալով: Ա. Փիրումյանը պարգեւատրվեց նաեւ Հայաստանի ֆիլատելիստների միության հատուկ մրցանակով եւ ոսկե մեդալով` «Արթար» 1919-2004թթ. Հայաստանի նամականիշերի կատալոգ հեղինակելու համար: Հայաստանի ֆիլատելիստների միությունը հատուկ մրցանակ ստացավ ցուցահանդեսի կազմկոմիտեի անդամ Կապի եւ տրանսպորտի նախարարության կողմից: