Ընդհանուր շուկա` ներդրողների համար

16/10/2007

Երեւանում կայացած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստից հետո ասուլիս էին հրավիրել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Մինչ այդ Նողաիդելին առանձնազրույց էր ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկու երրորդ երկրներից ներդրումների ներգրավման հարցը: Ս. Սարգսյանը կարեւորել է Հայաստանում եւ Վրաստանում արտադրվող ապրանքների արտահանմամբ միմյանց շուկաներում այդ ապրանքների փոխլրացման խնդիրը եւս: Զ. Նողաիդելին համաձայնել է արդյունաբերական արտադրության ոլորտում կոոպերացիաների ստեղծման մասին Ս. Սարգսյանի առաջարկության հետ: Ս. Սարգսյանը խոսելով նիստի արդյունքների մասին, նշել է, որ եթե մի քանի տարի առաջ երկու երկրները քննարկում էին` ինչպես անել, որ հայկական բեռները Վրաստանի տարածքով առանց խնդիրների անցնեն, ապա այժմ արդեն քննարկվում են հարցեր, որոնք առավել կարեւոր են երկու ժողովուրդների համար: Այդ հարցերից մեկն էլ ընդհանուր շուկայի ձեւավորման խնդիրն է: «Հայաստանը եւ Վրաստանը առանձին-առանձին փոքր շուկաներ են, մինչդեռ երկու երկրները միասին կարող են խոշոր ներդրող հանդիսացող ընկերությունների համար հետաքրքրություն ներկայացնել»,- ասել է Ս. Սարգսյանը, կարեւորելով, որ այս երկու երկրները մրցակիցներ չեն, եւ կարող են փոխադարձաբար լրացնել միմյանց շուկաներում առկա բացերը, քանի որ Վրաստանում արտադրում են ապրանքներ, որոնք չեն արտադրվում Հայաստանում, եւ՝ հակառակը: