Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է անակնկալներ մատուցել: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Նրա հավաստմամբ` իշխանությունն արդեն ակնհայտորեն խուճապի է մատնվել ՀՅԴ-ի հետ Լ. Տեր-Պետրոսյանի անակնկալ հանդիպումից եւ նրա` Լեռնային Ղարաբաղ այցից ու ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո: Որպես այդ խուճապի վկայություն՝ ՀՀՇ վարչության նախագահը նշում է այն փաստը, որ Լ. Տեր-Պետրոսյանի` Արցախ կատարած այցից անմիջապես հետո այնտեղ մեկնեց նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Իսկ խոստացվող անակնկալների շարքում Ա. Զուրաբյանը նաեւ չբացառեց առաջին նախագահի հանդիպումները ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հետ: Համենայնդեպս, նշված ուժերի հետ հանդիպելու մասին հարցին Ա. Զուրաբյանը պատասխանեց, թե ոչինչ չի բացառվում: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ հասարակությունը ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ ընտրություն է կատարելու երկու անհատների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: «Եթե Սերժ Սարգսյանը գիտակցի, որ անիմաստ է պայքարի մեջ մտնել նման քաղաքական գործչի հետ, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է, չի մտնի, քանի որ, միեւնույն է` պարտվելու է»,- գտնում է Արարատ Զուրաբյանը: Նա երեկ նաեւ նշել է, թե ՀՀ առաջին նախագահն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «տեսանելի լուծումներ»: ՀՀՇ վարչության նախագահը նաեւ անդրադարձավ վերջերս ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի` Հայաստանի` ԼՂ բանակցային գործընթացից դուրս գալու կոչին եւ «Ժառանգության»` ԼՂ անկախությունը ճանաչելու մասին նախաձեռնությանը: Ըստ Ա. Զուրաբյանի, հակամարտության կարգավորման գործընթացից Հայաստանի դուրս գալը հղի է պատերազմի վերսկսումով: Նրա խոսքերով` Հայաստանում ոչ ոք պատերազմ չի ցանկանում Ադրբեջանի հետ, քանզի դա «տրամաբանությունից զուրկ է»: Բանակցությունից դուրս գալ, ըստ նրա, արժե միայն այն դեպքում, երբ որեւէ արդյունք չի ակնկալվում: Իսկ այս փուլում, նրա գնահատմամբ, կա բավական լուրջ արդյունքի հնարավորություն, ուստի գործընթացը պետք է շարունակել: Խոսելով ԼՂ-ն ճանաչելու «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնության մասին` Զուրաբյանը նկատեց, որ ճանաչումը հարցի լուծում չէ, այլ զուտ գործողություն, որն ինչպես կարող է բարելավել, այնպես էլ վատացնել բանակցային գործընթացը: ՀՀՇ վարչության նախագահը նկատում է, որ բանակցային գործընթացի բացառումը ենթադրում է բոլորովին նոր իրավիճակի առաջացում, որը, սակայն, կարող է Հայաստանի համար բավականին բարդ լինել: Իսկ «Ժառանգության» վերոնշյալ նախաձեռնությունն՝ ըստ Ա. Զուրաբյանի, ավելի շատ Ադրբեջանին էր հասցեագրված, քան Հայաստանին կամ Ղարաբաղին: Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՀՇ-ի նախընտրած լուծման տարբերակին, այն, Ա. Զուրաբյանի հավաստմամբ, քննարկումների մշտական առարկա է: «ՀՀՇ-ի համար եղել եւ կարեւոր է մնում մի բան. չի կարող ստորագրվել որեւէ փաստաթուղթ, որի տակ չկա Լեռնային Ղարաբաղի իշխանության ստորագրությունը»,- նշեց Ա. Զուրաբյանն ու հավելեց, թե բանակցային գործընթացում պետք է անել ամեն ինչ, որպեսզի ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կունենան միասնական կարծիք եւ շահ: Հակառակ դեպքում` հարցի լուծումն, ըստ նրա, անհնար է: ՀՀՇ վարչության նախագահը երեկ նաեւ հիշեցրեց, որ ՀՀ ներկայիս իշխանություններն իշխանության եկան՝ ամենաբարդ իրավիճակում շահարկելով ԼՂ հարցը:
Հ.Գ. Արարատ Զուրաբյանը երեկ նաեւ պատասխանեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան վերադառնալու հնարավորության մասին հարցին: «Սիրադեղյանը քաղաքական փախստական է: Երբ Հայաստանում կհաստատվի քաղաքական համակարգ, որը թույլ կտա ցանկացած մարդու, ով անարդարացիորեն մեղադրվել է բռնապետական համակարգի կողմից, դատարանում ապացուցել իր անմեղությունը, նա կվերադառնա»,- վստահեցրեց բանախոսը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս ներքաղաքական կուլիսներում քննարկվում է Վ. Սիրադեղյանի հնարավոր վերադարձի հարցը: Ընդ որում, ներքաղաքական շրջանակներում խոսում են, թե իշխանությունները հնարավորություն են տվել Սիրադեղյանին վերադառնալ, սակայն նա պայման է դրել, որպեսզի վերադառնալուց հետո իր գործը մտնի դատարան, եւ ինքն արդարացվի բացառապես դատարանի միջոցով: