ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երեկ հաստատել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը կընդգրկվի պալատի լիագումար նիստի օրակարգում: «Արդեն 23 երկիր հայերի զանգվածային սպանությունները որակել է ցեղասպանություն, եւ Միացյալ Նահանգները պետք է դառնա 24-րդը»,- ընդգծել է նա: Ի դեպ, «Թըրքիշ դեյլի նյուսը»` հղում անելով իր կոնգրեսական եւ դիվանագիտական աղբյուրներին, գրում է, թե Ն. Փելոսին կարող է բանաձեւը պալատի քվեարկությանը ներկայացնել արդեն այս շաբաթ: Իսկ «Միլիեթ» օրաթերթի վկայությամբ, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթը զգուշացրել է, թե ամերիկյան Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեպքում ռազմական ոլորտում թուրք-ամերիկյան հարաբերություններն «անդառնալի վնաս կկրեն»: