Փաստի առաջ են կանգնել

16/10/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Բավականին տարօրինակ իրավիճակում է հայտնվել Հայաստանը` կապված թողարկման համար արդեն պատրաստ Իրան-Հայաստան գազատարի հետ:

Մասնագետների պնդմամբ, եթե Հայաստանն օգտվի այդ խողովակաշարից, ապա կարող ենք իրանական գազի բարձր կալորիականության շնորհիվ ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի նվազում: Իրանական գազի կալորիականությունը կամ ջերմային էներգիան ավելի բարձր է, քան ռուսականը: Պարզ ասած, որոշակի ծավալի հեղուկ եռացնելու համար ավելի քիչ իրանական գազ է ծախսվում, քան ռուսականի դեպքում է: Այս տարբերության շնորհիվ էլ բնակիչն ավելի քիչ գազ է ծախսում, որի արդյունքում էլ ունենում է որոշակի խնայողություն: Բացի այս էլ՝ ռուսական գազը Հայաստան է հասնում զտված վիճակում, մինչդեռ Իրանը մատակարարում է այնպես, ինչպես արդյունահանում է: Բնական գազի մեջ կան մոտ 13 բաղադրիչներ, որոնց հենքի վրա կարելի է կազմակերպել քիմիական արտադրություն: Իրանական գազը հագեցած է նաեւ հեղուկ` բութան գազով, որը Հայաստանն այս պահին ներկրում է Իրանից եւ Ռուսաստանից: Որպես հայ-իրանական գազատարի կառավարիչ, պարզ է, որ «Գազպրոմն» ինքն է իրականացնելու բնական գազի զտումը` այստեղ էլ դառնալով տեղական շուկայի միանձնյա մատակարարը: Ահա այս դեպքում էլ ռուսական եւ իրանական գազի որակական հատկանիշները կհավասարվեն, եւ բնակիչների համար այնքան էլ էական չի լինի, թե որ երկրի «կապույտ» վառելիքից են օգտվում: Իրանից ստացված գազի դիմաց Հայաստանը վերադարձնելու է էլեկտրաէներգիա, որտեղ էլ գազի միջազգային գնի աճի արդյունքում Հայաստանը կարող էր որոշակի շահույթ ունենալ: Ստեղծված քաղաքական իրավիճակում (եթե Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից, ապա Վրաստանը կարող է հայտնվել էներգետիկ ճգնաժամի մեջ: Մյուս կողմից էլ՝ Վրաստանը կարող է խնդիրներ ստեղծել ՀՀ-ից արտահանումների ժամանակ) Հայաստանն առայժմ պետք է հրաժարվի իրանական գազատարից: Այն դեպքում, երբ Հայաստանն, իսկապես, կարող էր դառնալ էլեկտրաէներգիա արտադրող եւ արտահանող երկիր: Եվ այս արտահանումը կարող էր լինել ոչ թե դեպի Եվրոպա, ինչպես փակ սահմաններ ունենալով՝ երազում ենք մենք, այլ դեպի Իրան եւ Արեւելքի երկրներ: Իրանին սահմանակից Աֆղանստանը մոտ 20 տոկոս է էլեկտրիֆիկացված եւ էներգակիրների անսահմանափակ պահանջարկ ունի: Հայաստանն այս ծրագրերից դուրս է մնում միայն այն պատճառով, որ գործընկեր է ընտրել ռուսական կողմին, թեպետ պետական պաշտոնյաները բազմիցս են ասել՝ թե կարեւոր չէ, ով է կառավարիչը, կարեւորը պետության քաղաքականությունն է: Հետաքրքիր է, որ պետական պաշտոնյաները Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն արդեն վաղուց ռուսական «Գազպրոմի» սեփականությունն են համարում, թեպետ փաստաթղթով այս կառույցը դեռեւս պետության սեփականությունն է եւ գտնվում է ՊՆ բալանսում: Խնդիրն այն է, որ ՋԷԿ-ի 5-րդ բլոկում ռուսական կողմը պահանջել էր միջազգային աուդիտ անցկացնել, որի արդյունքում աուդիտ անցկացնող անգլիական կազմակերպությունը «Գազպրոմին» «հուշել» էր, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀՀ կառավարությունը չի կարող որեւէ մեկին ՋԷԿ-ի 5-րդ բլոկն ուղղակի վաճառել: Ռազմավարական նշանակության այս կառույցը պետք է վաճառվի առնվազն ԱԺ որոշմամբ: Ռուսներն էլ մի քիչ հեռուն են մտածել եւ, հետագայում ՀՀ նոր կառավարության հետ խնդիրներ չունենալու համար առաջարկել են գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրության համաձայն: Անգլիացիները, որպես պետական գույքի օտարման նախապայման՝ առաջարկել էին վաճառքի ենթակա գույքը հանձնել Պետական գույքի կառավարման վարչությանը, որը միանշանակորեն չի ընդունվել ՀՀ կառավարության կողմից: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը թեպետ փաստացի հայկական է, սակայն ռուսներն արդեն սկսել են շինարարության նախագծման աշխատանքները եւ ՋԷԿ-ի համար նախնական պայմանավորված 248 մլն դոլարից միայն 60մլն-ն է կանխիկ վճարվելու: Մնացածը` ռուսական կողմը փոխհատուցելու է գազի տեսքով: Նախագծման ծրագրերի համաձայն՝ կառույցի աշխատանքների վերջնական ավարտի համար կպահանջվի մոտ 450մլն դոլար: Սա նշանակում է, որ կատարած ներդրումներին էլ համարժեք՝ բարձրանալու է էլեկտրաէներգիայի սակագինը: Մյուս կողմից էլ՝ եթե 5-րդ բլոկը վերազինվի նոր տեխնոլոգիաներով, ապա էլեկտրաէներգիայի սակագինը Հրազդանի ՋԷԿ-ի համեմատ մոտ 40 տոկոս էժան պետք է լինի: Եթե ՋԷԿ-ի 5-րդ բլոկը գոնե մի քանի տարի հետո տեսանելի հեռանկար ունի, ապա նույնը չի կարելի ասել Հրազդանի ՋԷԿ-ի մասին, որը համարվում է տարիքն ապրած կառույց: «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին անցած այս միավորը համարվում է ՌԴ սեփականությունը, եւ ՌԴ կառավարությունը դեռեւս չի մասնավորեցրել այն: Իսկ պետությունն ինքը, որպես կանոն, ներդրումային ծրագրեր չի իրականացնում: Հրազդանի ՋԷԿ-ի համար դժվար էլ Ռուսաստանում սեփականատեր գտնվի, քանի որ հենց Ռուսաստանում էլ մեր ՋԷԿ-ի նման կառույցների պակաս չի զգացվում, նրանք էլ ունեն ՋԷԿ-եր, որոնք ահռելի ներդրումների կարիք ունեն: Հրազդանի ՋԷԿ-ի ձեռքբերումը Ռուսաստանի համար ընդամենն էներգետիկ ռազմավարության շարունակությունն էր: Էներգետիկ համակարգում երկար տարիների աշխատանքի փորձ ունեցող մասնագետներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, մեզ հետ զրույցում նշեց, որ 25 մլն դոլարի դիմաց Ռուսաստանին նվիրատվություն արված Սեւան-Հրազդան կասկադի նմանը կառուցելու համար կպահանջվի առնվազն 2.5մլրդ դոլար: Ռուսաստանն այստեղ առանց ներդրումների էլ կարող է զգալի շահույթ ստանալ: Իրանական ֆինանսավորմամբ նախագծման փուլում են Արաքս եւ Մեղրի ՀԷԿ-երի աշխատանքները, որոնք գալու-լրացնելու են պարապության մատնված մեր էներգետիկ հզորությունների շարքը: