Դատարանը սկսում է «նյարդայնանալ»

16/10/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Քրեական գործերով վճռաբեկ դատարանում վերսկսվեց «Ռոյալ- Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանի եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանի դատավարությունը:

Երեկվա նիստին ներկա էր նաեւ Գագիկ Հակոբյանը, ում ներս բերեցին ձեռնաշղթաները ոտքերին ամրացրած: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Իսպանիայից վերադառնալիս նրան կալանավորել էին «Զվարթնոց» օդանավակայանում: Այդ օրը վերաքննիչ դատարանում նորից քննվում էր «Ռոյալ-Արմենիայի» ղեկավարների գործը, եւ սպասվում էր, որ նիստին կբերեն նաեւ Գ. Հակոբյանին: Նիստը, սակայն, հետաձգվեց մեղադրող կողմի ներկա չլինելու պատճառով: Երեկ մեղադրողները՝ Դատախազության քննիչներ Հովսեփ Սարգսյանը եւ Լեւոն Մելքոնյանը ներկայացան, դատավարությունը շարունակվեց եւ հենց սկզբից անակնկալ մատուցեց պատասխանող կողմին: Նիստը նախագահող Սուրեն Ղազարյանը ներկայացրեց հոկտեմբերի 8-ին դատարանի կայացրած մի որոշում, որին ծանոթ չէին ամբաստանյալ Գ. Հակոբյանը, Ա. Ղազարյանը եւ նրանց դատապաշտպան Աշոտ Սարգսյանը: Այդ որոշմամբ դատարանը Գ.Հակոբյանի՝ անջատված մասով գործի կասեցումը վերացրել էր եւ այն միացրել էր Ա. Ղազարյանի գործին: Ա. Սարգսյանի ասելով՝ դատարանը պարտավոր էր նման որոշում կայացնել, որովհետեւ Գ.Հակոբյանն արդեն վերադարձել է, սակայն պարտավոր էր նաեւ այդ նիստի մասին պատշաճ կերպով իրենց տեղյակ պահել: Իրենք նույնպես պետք է նիստին մասնակցեին, քանի որ այդ գործով մեղադրվում է Գ.Հակոբյանը: Ավելին, Ա. Սարգսյանը նույնիսկ կարծում էր, որ իրականում ոչ մի դատ էլ չի եղել, պարզապես դատարանը նման որոշում է տպել, եւ չէր բացառում, որ այդ որոշումը տպվել է երեկ առավոտյան: Պաշտպանը համաձայն չէր նաեւ որոշման բովանդակության հետ այն առումով, թե «հոկտեմբերի 3-ին Գ. Հակոբյանը ձերբակալվել է»: «Այո՛, ձերբակալվել է,- ասաց պրն Սարգսյանը: -Սակայն օբյեկտիվ լինելու համար մինչ այդ պետք է գրեին, որ Գ.Հակոբյանը ինքնակամ է ներկայացել, հետո նոր գրեին, թե ձերբակալվել է: Միայն այս տողից երեւում է, որ դատավորն օբյեկտիվ չէ: Սա նշանակում է, որ այդ որոշումն ակնհայտ մեղադրական ուղղվածություն ունի: Բացի այդ, մենք պետք է ներկա լինեինք այդ դատական նիստին եւ հարց բարձրացնեինք, որ միանգամից քննվեր նաեւ միջնորդության երկրորդ՝ խափանման միջոցը փոխելու հարցը: Ես ներկա չլինեի, Գ.Հակոբյանը պարտավոր էր ներկա լինել: Նրան դատարան բերեին եւ իր մասնակցությամբ նիստը անեին»:

Այն հանգամանքը, որ դատավորը նիստը վարել է առանց պատասխանողներին տեղյակ պահելու եւ միջնորդությունը բավարարել է միայն մեկ՝ երկու գործերը միացնելու մասով, արդեն հիմք է տալիս ենթադրելու, որ երեկվա նիստին էլ պետք է մերժեր խափանման միջոցը փոխելու խնդրանքը: Հենց այդպես էլ եղավ, դատարանը չփոխեց Գ. Հակոբյանի նկատմամբ սահմանած կալանքի որոշումը: Հիշեցնենք նաեւ, որ նախկինում անջատված մասերը քննվում էին մի ընդհանուր քրեական գործի շրջանակում: Սակայն օգոստոսի 29-ին դատարանը Գ. Հակոբյանի գործի մասն առանձնացրեց, նրա նկատմամբ կալանքի որոշում կայացրեց ու հետախուզում հայտարարեց, որովհետեւ վերջինս Հայաստանում չէր: Գ.Հակոբյանը թեեւ իր պաշտպան Ա. Սարգսյանի միջոցով դիմում էր ներկայացրել դատավոր Ս.Ղազարյանին եւ խնդրել էր դատավարությունը մեկ ամսով հետաձգել, մինչեւ ինքը Իսպանիայում կավարտի բուժումը եւ կվերադառնա, դատարանը, սակայն, դա հաշվի չէր առել: Գ.Հակոբյանը դիմումի մեջ նշել էր նաեւ իր գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը եւ խնդրել էր մերժելու դեպքում տեղյակ պահել, որպեսզի ինքն անմիջապես վերադառնա: Դատարանը, սակայն, նրան տեղյակ չէր պահել, որ դիմումը մերժելու է: Ի դեպ, Գ.Հակոբյանն Իսպանիա էր մեկնել այն բանից հետո, երբ հուլիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը նրան արդարացրել էր: Երեկ Ա. Սարգսյանը դատարանին ներկայացրեց Գ.Հակոբյանի բժշկական տեղեկանքներն ու ասաց, թե դրանք եւ նրա վերադարձն ապացուցում են, որ Գ.Հակոբյանը պատասխանատվությունից խուսափելու մտադրություն չի ունեցել: Այսինքն` նրան կալանված պահելու համար այլեւս ոչ մի պատճառ չկա: Սակայն մեղադրողները եւ տուժող կողմ ներկայացող ամերիկյան «Ֆեդերալ ինվենսթմենտ գրուպ» ընկերության շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն առարկեցին այդ միջնորդությանը: Առարկողների կարծիքով, Գ.Հակոբյանը պետք է մնա կալանավորված, որովհետեւ «ծանր հանցագործ է»: Հակառակ դեպքում՝ ազատության մեջ նա կարող է «ազդել դատավարության ընթացքի վրա»: Դատարանը Գ.Հակոբյանի խափանման միջոցը չփոխեց, իսկ փաստաբան Ա. Սարգսյանը բացարկ հայտարարեց դատը նախագահող Սուրեն Ղազարյանին՝ ասելով, որ նրա մասնակցությամբ դատական նիստն այլեւս հնարավոր չէ շարունակել: Փաստաբանն իր բացարկը հիմնավորեց երեք պատճառներով՝ դատավարության սկզբից Գ.Հակոբյանի նկատմամբ կալանքի որոշում կայացնելու, հոկտեմբերի 8-ին գաղտնի դատական նիստ անելու եւ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու հանգամանքներով: «Դուք ունեք շահագրգռվածություն: Այն է՝ իմանալով առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու որոշումը, կայացրեցիք նման վճիռ, որպեսզի ամեն գնով մնաք ձեր պաշտոնում,- հայտարարեց Ա. Սարգսյանը: -Գ.Հակոբյանի նկատմամբ կալանքն ապօրինի է, որովհետեւ միջնորդության մեջ մանրամասն նշվել են այն հանգամանքները, որոնց հետեւանքով խափանման միջոցը ենթակա էր փոխման»:

Բացարկն ու այս հայտարարությունն ակնհայտորեն նյարդայնացրեցին Ս.Ղազարյանին: Քիչ անց մյուս երկու դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ: 15-20 րոպե հետո վերադարձան եւ հայտարարեցին, թե դատարանը մերժում է փաստաբանի բացարկը: Նիստը 1 ժամով ընդմիջվեց: Նիստի ավարտին դատարանը որոշեց, որ Ա. Սարգսյանն իր վարքագծով խոչընդոտում է աշխատանքներին, եւ պետք է բողոք ներկայացնել Փաստաբանական պալատ։

Տեղեկացնենք նաեւ, որ Գ.Հակոբյանը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու, խարդախության, հարկեր եւ տուրքեր չմուծելու եւ փողերի լվացմամբ զբաղվելու մեջ: Նույն մեղադրանքներով մեղադրվում է նաեւ Արամ Ղազարյանը: Սա նշանակում է, որ վերջինս նույնքան «ծանր հանցագործ» է, որքան Գ.Հակոբյանը: Այս պարագայում անհասկանալի է, թե մեղադրող կողմն ինչո՞ւ չի ուզում, որ կալանքից ազատվի Գ.Հակոբյանը: Կամ, ինչո՞ւ չի միջնորդում, որ դատարանը կալանավորի նաեւ Ղազարյանին: Չէ՞ որ մինչեւ Պ. Օհանյանի կողմից արդարացվելը՝ նրանք միասին էին կալանավորված: