«Էջմիածինը Հրազդանից կամ Չարենցավանից չի տարբերվի»,- այս կարծիքին են քաղաքի արվեստագետները, քանի որ քաղաքի մշակութային օջախներն ու շինություններն աստիճանաբար կորցնում են իրենց դեմքը: Դեռ չէին մարել Գավառագիտական թանգարանի եւ գրադարանների հետ կապված կրքերը, այժմ էլ լուրեր են շրջանառվում Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված: Քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը հերքում է այդ լուրերը. «Այդպիսի բան չկա: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը շատ վատ վիճակում է, եւ մենք դիմել ենք Քաղաքաշինության նախարարություն, որպեսզի միջոցներ տրամադրեն թանգարանի վերանորոգման համար»: Սակայն էջմիածինցիները շատ լավ հիշում են՝ քաղաքապետն ինչպես էր հերքում Գավառագիտական թանգարանի վաճառքի մասին շրջանառվող լուրերը: Քաղաքապետն ուղղում է. «Մենք թանգարանը չենք վաճառել, թանգարանի տարածքն ենք վաճառել, իսկ թանգարանին տալու ենք ավելի լավ տարածք»: Գավառագիտական թանգարանը դեռ վերջնականապես չի տեղափոխվել, սակայն սեփականատերերն արդեն վերանորոգման աշխատանքներ են սկսել տարածքում: «Արդեն 10 օր է, լուրեր են շրջանառվում նաեւ Կոմիտասի արձանին հարող տարածքի վաճառքի մասին,- ասում էին քաղաքի հրապարակում տեղադրված արձանի շուրջ հավաքված մարդիկ,- ուզում են այստեղ երկհարկանի սրճարան կառուցել. ինչպե՞ս կարելի է ինչ-որ շինությամբ շրջափակել նման կառույցը»: Քաղաքապետն այս լուրն էլ է հերքում. «Թեեւ նման մտադրություն կար, եւ ես այդ նախագիծը ներկայացրել էի Վեհափառին, նրա ճարտարապետն էլ հավանություն էր տվել, բայց հետո, երբ իմացա՝ դժգոհություն կա, հավաքեցի իմ նկարիչներին ու քանդակագործներին, էդ հարցը քննարկեցինք ու փակեցինք, չնայած որ էդ մարդիկ շատ նորմալ բան էին ուզում սարքել էդտեղ»: Թեեւ քաղաքապետը պնդում էր, թե «նման հարց այլեւս չկա», սակայն մեր զրույցի ընթացքում ինչ-որ «Ռազ ջան»-ի հնչեցրած զանգն, այնուամենայնիվ, թույլ է տալիս ենթադրել, որ «հարցը» դեռ օրակարգում է, թեեւ քաղաքապետը ստիպված էր նախազգուշական տոնով մերժել. «Ռազ ջան, մոտս ժուռնալիստ կա, ինտերվյու եմ տալիս, ասում ա` քաղաքացիները բողոքում են էդ արձանի հետ կապված»: «Քաղաքի կենտրոնում ընդհանրապես մի թիզ ազատ տարածք չի մնացել, սաղ ծախել են»,- պատմում էին էջմիածինցիները: Քաղաքապետը հիշյալ բոլոր տարածքների սեփականատերերի եւ պոտենցիալ գնորդների մասին որեւէ տեղեկատվություն չէր տալիս. «Անունները պարտադիր ա՞, դե, հիմա, մարդիկ են, լավ գործ են ուզում անել, մենք էլ ինչքանով կարողանում-աջակցում ենք, երբ սկսեն շինարարություն անել, բոլորդ էլ կիմանաք՝ ովքեր են, ես չեմ՝ հաստա՛տ»: Բայց քաղաքապետն ինքն էլ, թերեւս, անմասն չէ. էջմիածինցիները մատնանշում են Մշակույթի տան հարակից տարածքը, ուր նախատեսված է եղել Դերասանների պուրակ կառուցել, տեղադրել հայ նշանավոր դերասանների արձանները: «Ի՞նչ պուրակ, նման բան չկա»,- քաղաքապետը դա էլ հերքեց: Հետո, երեւի, հիշելով արդեն պատմություն դարձած նախագիծն՝ ավելացրեց. «Հա՛, տենց մի լավ բան էինք ուզում անել, բայց, դե, գիտեք, փողի հետ կապված բաներ են դրանք, մեր բյուջեն էլ նման հնարավորություններ չունի»: Չնայած՝ հպարտությամբ նշում էր նաեւ, որ 2004 թվականին Էջմիածնի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել՝ «Ոչ թե սառած բյուջե ենք ցույց տվել, այլ 86 տոկոսով բյուջեն կատարել ենք»: Հավանաբար՝ վաճառված մշակութային օջախների շնորհիվ:
Քաղաքի նկարիչները բողոքում էին, որ ցուցադրվելու տեղ չունեն: Նախկին պատկերասրահը, ուր սովորաբար ցուցադրվել են եւ որտեղ ցուցահանդեսների պակաս երբեւէ չի զգացվել, այժմ հազարից մեկ՝ «զուտ «գալչկայի» համար, ասենք՝ մարտի 8-ին, քաղաքապետարանը ինչ-որ ստից ցուցահանդես ա կազմակերպում»: Մնացած ժամանակ ցուցասրահը չի գործում: Ցուցասրահի դռները բացում են մեկ էլ «նախընտրական կամպանիաների ժամանակ»: «Չեն բացում, որ հետո վաճառեն ու ասեն՝ իր նպատակին չէր ծառայում»: Ի դեպ՝ վաղուց այլեւս գոյություն չունի բարի համբավ ու ավանդույթներ ունեցող Էջմիածնի նկարչական դպրոցը: «Էդ վաղուց-վաղուց էր, 2-3 տարի առաջ,- ասում է քաղաքապետը,- նկարչականի շենքը մենք տվեցինք եկեղեցուն, որ ծերանոց կամ մանկատուն սարքեն»: Իսկ Նկարչական դպրոցը թեեւ, քաղաքապետի հավաստմամբ, այլ տարածքում է հանգրվանել, սակայն նկարիչները պնդում են, որ դպրոցը գոյություն չունի: «Պարբերաբար նկարիչներից մեկին առաջարկում են այդ դպրոցի տնօրեն լինել,- պատմում էր նկարիչներից մեկը,- մենք էլ ասում ենք՝ դպրոցին տարածք տվեք, հետո նոր տնօրեն կնշանակեք»: Փոխարենը` քաղաքապետն ուզում է Էջմիածինը սպորտային քաղաք դարձնել: «Նախկինում ես անվանի մարզիկ էի»,- ասում է պրն Աբգարյանը։ Ու «որպեսզի առողջ մարմնում առողջ հոգի լինի», որոշել է մանկապարտեզներում ֆիզկուլտուրայի ու ռազմագիտության դասեր մտցնել. «Մենակ վատ բան եք ման գալիս, ինչո՞ւ չեք գրում, որ լավ սպորտդպրոց ենք սարքել, որտեղ 400 երեխա անվճար մարզվում են»: Բացի այդ՝ «Քաղաքում բազմաթիվ լքված կաթսայատներ կան, որ մարդկանց խնդրում-ասում եմ՝ եկեք սպորտկոմպլեքսներ սարքեք-աշխատացրեք»: Իսկ թե ինչու քաղաքապետը լքված կաթսայատների փոխարեն նախընտրում է հատկապես մշակութային օջախներ վաճառել, անհասկանալի է մնում միայն մի պարզ պատճառով. մենք պարզապես չենք ուզում նկատել նրա բարի մտադրությունները, այն է՝ մշակութային օջախներին պետք է ավելի լավ տարածքներ հատկացվեն…